Մատչելիության հղումներ

Որոշ տեղական դիտորդական առաքելությունները զեկույցներ են հրապարակել


Քարոզարշավի ավարտին տեղական դիտորդական առաքելություններից մի քանիսն արդեն հանդես են եկել իրենց զեկույցներով` ներկայացնելով, թե ինչ մթնոլորտում է անցել նախընտրական քարոզարշավը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ նախագահական ընտրություններն արժեզրկվել են:

«Նախընտրական քարոզչությունը իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումներով», - շաբաթ օրը հայտարարեց Սաքունցը` ներկայացնելով իր ղեկավարած կազմակերպության դիտարկումները Տավուշի եւ Լոռու մարզերում. - «Արձանագրել ենք, որ Սերժ Սարգսյանը ունեցել է ակնհայտ մեկնարկային առավելություն մյուս թեկնածուների համեմատ` թե վարչական, թե ֆինանսական, թե մարդկային ռեսուրսների տեսակետից»:

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրությանը դիտորդական առաքելություն է իրականացնում 26 տեղական եւ 12 միջազգային կազմակերպություն:

Ի տարբերություն Սաքունցի` «Ընտրությունը քոնն է» կազմակերպության երեկ հրապարակված զեկույցում նշվում էր, որ նախագահական ընտրապայքարում ներառված թեկնածուների ընտրարշավները անցել են ազատ մթնոլորտում: Համաձայն կազմակերպության 81 երկարաժամկետ դիտորդների իրականացրած ուսումնասիրությունների` բոլոր թեկնածուներին հնարավորություն է տրվել ազատ եւ առանց խոչընդոտի քարոզչություն իրականացնել Երեւանում եւ մարզերում: Որոշ դեպքերում թերություն է դիտարկվել ՏԻՄ ղեկավարների անհարկի մասնակցությունը քարոզարշավին առնչվող միջոցառումներին, ինչի մասին այսօր խոսեց նաեւ Արթուր Սաքունցը: Սակայն ըստ «Ընտրությունը քոնն է» հկ-ի ղեկավար Հարություն Համբարձումյանի` սա գուցե նաեւ Ընտրական օրենսգրքի բացն է:

«Ցավոք, սույն օրենքով սահմանված չէ, թե արդյոք ՏԻՄ ղեկավարի ֆիզիկական մասնակցությունը թեկնածուների հավաքներին համարվում է նրանց կողմից իրականացվող քարոզչություն, թե` ոչ, առանձնապես եթե ՏԻՄ ղեկավարն անդամակցում է այս կամ այն թեկնածուի թիմին կամ կուսակցությանը», - իր զեկույցում արձանագրում է «Ընտրությունը քոնն է» հկ-ն:

Սաքունցը, սակայն, այստեղ օրենսդրական բաց չի տեսնում, այլ զուտ քաղաքական կամքի բացակայություն:

«Մենք վկայակոչում ենք պառլամենտական մեծամասնության եւ միջազգային դիտորդների գնահատականները, որ Ընտրական օրենսգիրքը լիովին լավն է: Խնդիրը վերաբերում է քաղաքական կամքի բացակայությանը` ընտրական խախտումները դիմագրավելու: Դե ֆակտո միակուսակցական իրավիճակը կանխարգելում է ազատ մրցակցությունը հենց նախընտրական փուլում», - ասաց նա:

Եվ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, եւ «Ընտրությունն քոնն է» հկ-ն իրենց զեկույցներում առանձնացրել են այն դեպքերը, երբ կրթօջախների տնօրենները օգտագործել են իրենց պաշտոնական լիազորությունները եւ հրահանգել ուսուցիչներին աջակցել կոնկրետ թեկնածուին, մասնավորապես, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Զեկույցներում նշվում է նաեւ, որ քարոզչական նյութերի տեղակայմանն առնչվող խախտումներ են արձանագրվել, երբ սննդի օբյեկտներում փակցվել են թեկնածուների քարոզչական պաստառները: Եթե Արթուր Սաքունցը օրինակ բերեց միայն Սերժ Սարգսյանի պաստառները, ապա Հարություն Համբարձումյանը ավելացրեց նաեւ Րաֆֆի Հովհանիսյանի պաստառները: Երկու զեկույցներում էլ արձանագրվել են թերություններ ընտրողների ցուցակների հետ կապված: Մասնավորապես, «Ընտրությունը քոնն է» դիտորդական առաքելության զեկույցում նշվում է, որ դրանք ոչ մասսայական բնույթի կրող անճշտություններ են, օրինակ, մահացածների անուններ են հայտնաբերվել. - «Կամ էլ ցուցակներում տեղ չեն գտել 2012 թվականի տարեվերջին բանակից զորացրվածների անունները: Օրինակ, Շիրակի մարզի Իսահակյան համայնքում նման հինգ դեպք է հայտնաբերվել, եւ ընդհակառակը ցուցակներում ներառված են եղել 2012 թվականին զորակոչված անձանց անունները», - ասաց Համբարձումյանը:

Սաքունցն էլ խոսեց քողարկված ընտրակաշառք բաժանելու մասին` ասելով, թեպետ Լոռու մարզի դատախազությանը հաղորդել են այս ահազանգերի մասին, բայց իրավապահները ոչ մի դեպքի հետքերով չեն գնացել: Ըստ նրա` այսօր կա մեկ լուրջ խնդիր եւս` քվեարկությանը ընտրողների մասնակցությանը հարցը:

«Ոչ թե հիմա մտավախություն կա, որ ընտրության արդյունքները կկեղծվեն, այլ ինքնին մասնակցության տոկոսը շատ մեծ չափով կարող է կեղծվել: Դրա համար են այդքան ռեսուրսները օգտագործում, որպեսզի մարդիկ գան, քվեարկության», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG