Մատչելիության հղումներ

Ապօրինի ներգաղթի դեմ պայքարող դրուժինաներ Մոսկվայում


Ռուսաստան - Ոստիկանությունը Մոսկվայում ստուգում է ներգաղթյալների փաստաթղթերը, արխիվ
Ռուսաստան - Ոստիկանությունը Մոսկվայում ստուգում է ներգաղթյալների փաստաթղթերը, արխիվ

«Այս նորամուծությունը որեւէ լավ բանի չի հանգեցնի` է՛լ ավելի կխորանա այլատյացությունը», - ընդգծում է ռուսաստանցի իրավապաշտպանը։

Մոսկվայի քաղաքային իշխանությունները այս շաբաթ է՛լ ավելի խստացրեցին պայքարը ապօրինի ներգաղթյալների դեմ` ոստիկաններից բացի դրանում ներգրավելով նաեւ հարյուրավոր կամավորների։

Օրեր առաջ, մասնավորապես, իշխանությունները հայտարարեցին, թե ստեղծում են հատուկ ջոկատներ` դրուժինաներ, որտեղ սեփական կամքով կներգրավվեն Մոսկվայի բնակիչները եւ կօգնեն միգրացիոն ծառայություններին` հայտնաբերել եւ պատժել ապօրինի աշխատող օտարերկրացիներին։

Հայտարարության հաջորդ օրն իսկ վաղ առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներ դուրս եկան 300 կամավորներ, բոլորն էլ` մուգ կարմիր վերնազգեստով եւ «Միգրացիոն պարեկ» գրությամբ։

«Միգրացիոն ծառայության աշխատակիցները ձերբակալում են կամ ստուգում փաստաթղթերը, մենք էլ, համապատասխանաբար, օգնում ենք նրանց` բացատրում ենք կամ օգնության ենք գալիս, երբ, ասենք, մեկն ուզում է փախչել ոստիկաններից», - ռուսաստանյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասում է Ալեքսանդր Կիսլիցկին, ով նախկինում աշխատել է որպես ոստիկան, իսկ այժմ ցանկանում է օգնել միգրացիոն ծառայություններին։

Պաշտոնապես հաղորդվում է, որ ապօրինի ներգաղթի դեմ պայքարելու համար Մոսկվայի իշխանությունները մտադիր են 600 մարդու ներգրավել։ Ընդ որում, պաշտոնյաները հավաստիացնում են, թե մինչեւ դրուժինայի անդամ դառնալը կամավորները մանրազնին քննություն են անցնում եւ վերապատրաստվում, ագրեսիվ տրամադրվածները կամ ազգայնականները մերժում են ստանում։

Այդուամենայնիվ, չնայած այդ հավաստիացումներին, իրավապաշտպանները մտավախություն են հայտնում, թե այս նորամուծությունը կարող է դուռ բացել փոքրամասնությունների նկատմամբ նոր բռնությունների համար։

«Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի էնտուզիաստներ են համաձայնել կամավորության սկզբունքով մասնակցել այդ ստուգումներին։ Կարծում եմ, այս նորամուծությունը որեւէ լավ բանի չի հանգեցնի, փոխարենը` է՛լ ավելի կխորանա այլատյացությունը, կընդարձակվեն կամայականություններն ու բաժանարար գծերը մեր հասարակությունում», - ասում է իրավապաշտպան Սվետլանա Գաննուշկինան։

Փորձագետները փաստում են, որ առանց այդ էլ այլատյացության դրսեւորումները տարածված են Ռուսաստանում, որտեղ ամեն տարի տասնյակ մարդիկ են սպանվում ազգայնականների կողմից։ Այժմ, փաստորեն, Մոսկվայի իշխանությունները կանաչ լույս են վառում հարյուրավոր մարդկանց ճանապարհին եւ նրանց հնարավորություն տալիս ստուգումներ իրականացնել շուկաներում, շինարարական օբյեկտներում եւ կայարաններում։

Ամենամտահոգիչն այն է, սակայն, որ կամավորները նաեւ արտոնություն են ստանում ձերբակալել կասկածյալներին եւ հանձնել ոստիկանությանը։

«Ո՞վ իրավունք ունի զրկել մարդուն ազատությունից` դրա համար անհրաժեշտ են շատ հիմնավոր պատճառներ, անգամ ոստիկանության աշխատակիցը ոչ միշտ կարող է մարդուն ձերբակալել։ Սակայն այժմ այս իրավասությունը տրվում է անհայտ եւ, ամենայն հավանականությամբ, ագրեսիվ տրամադրված մարդկանց։ Ո՞ւր ենք մենք գնում` սա ուղղակի այլանդակություն է», - ասում է Սվետլանա Գաննուշկինան։

Սա դեռեւս խորհրդային տարիներից հայտնի դրուժինաները վերստեղծելու առաջին փորձը չէ Մոսկվայում։ Ավելի վաղ կամավորության սկզբունքով իրենց ջոկատներն էին ստեղծել նաեւ կազակները, ապա` Ռուս ուղղափառ եկեղեցու ակտիվիստները` եկեղեցիներն ու գերեզմանները պաշտպանելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG