Մատչելիության հղումներ

Փետրվարի 15-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագրականն արձանագրում է. - «Անգամ ուժեղ մրցակիցների թվացյալ բացակայության պարագայում, այնպես չէ, որ ընտրությունների ելքը կանխորոշված է»: Թերթը պատկերավորում է. - «Անգամ ամենաքարացած բռնակալը վախենում է ժողովրդից ու նրա զայրույթից եւ հասկանում է, որ բռնությունները, ճնշումները, վախի մթնոլորտը, խեղճությունը, ընտրակեղծիքների ամենակուռ մեխանիզմներն ու ընտրակեղծարարների ամենակուռ շարքերը, ադմինիստրատիվ հզոր լծակներն ու կաշառքի միլիոնավոր դոլարները երաշխիքներ չեն տալիս: Միակ ելքը սեփական ժողովրդի խղճին ապավինելն է: Ինչը եւ անում է ՀՀԿ թեկնածուն»:

«Առավոտ»-ի խմբագիրը վերհանում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ կապված անհասկանալի, բազմաթիվ հարցեր հարուցող հանգամանքները. - «Նախագահի այդ թեկնածուն սկզբում վստահություն հայտնեց, որ ահաբեկչությունն իրականացրել են չեկիստները եւ ռուսական իմպերիալիզմը, սակայն հետագայում չպնդեց այդ վարկածը: Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վարդան Սեդրակյանը, կարծում է, որ իշխանությունը կասկածում է իրեն՝ չնայած նախաքննության մարմինն այդ կապակցությամբ ձայն չի հանում: Իսկ ինքը՝ էպոսագետը, կասկածում է մասոններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորութամբ: Թե ինչո՞ւ պետք է չեկիստները, իմպերիալիստները, էպոսագետը կամ մասոնները ցանկանային վնաս տալ Պարույր Հայրիկյանին կամ խափանեին ընտրությունների բնականոն ընթացքը՝ ոչ ոք չի կարող ասել»: «Այս մահափորձի մասին հայտնի է միայն հետեւյալը. ահաբեկիչ եւ թմրամոլ «կաֆելչիկը» (որի զոքանչը, ի դեպ, նույնպես կասկածում է էպոսագետին) Հայրիկյանի վրա մահափորձից հետո եկել էր տուն եւ ասել կնոջը՝ «Ահա այն նագանը, որից ես կրակել եմ Հայրիկյանի վրա, պահիր այն, խնդրեմ, ձավարեղենի տուփի մեջ, պետք կգա հաջորդ հանցագործությունների համար»: Բայց երբ աչալուրջ չեկիստները (ոչ թե Հայրիկյանի նշած իմպերիալիստական չեկիստները, այլ մերոնք՝ անկախ Հայաստանի ԱԱԾ-ականները) գնացին «կաֆելչիկի» տուն եւ հարցրեցին՝ «Տիկին, հնարավո՞ր է, որ դուք այստեղ մի նագան ունենաք, եւ արդոք դա այն նագանը չէ՞, որով մահափորձ էին կատարել նախագահի թեկնածուի դեմ», կինը, բնականաբար, գնաց խոհանոց եւ ներկայացրեց հանցագործության գործիքը: Այնպես որ՝ ակնհայտ է, որ այդ մահափորձն ամբողջությամբ կբացահայտվի, եւ հասարակությունը ոչ մի կասկած չի ունենա, որ պաշտոնական վարկածը մեկը մեկին համապատասխանում է իրականությանը», - հեգնում է թերթի խմբագիրը:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. - «Իշխանությունները շատ են պարծենում, որ այս ընտրություններից առաջ Հայաստանում վախի մթնոլորտ չկա, եւ «նորմալ, քաղաքակիրթ քարոզարշավ է ընթանում»: Վախի մթնոլորտը, ի դեպ, նրանով չի որոշվում` թեկնածուներն առանց վախենալու իրար ինչ ասես ասո՞ւմ են, թե՞ ոչ, պատերի վրայից միմյանց պլակատները պոկո՞ւմ են, թե՞ ոչ եւ այլն: Պարզելու համար` կա՞ վախի մթնոլորտ, թե՞ ոչ, պետք է պատասխանել ընդամենը մեկ հարցի. որեւէ պետական պաշտոնյա կամ պետական համակարգում թեկուզ որպես պահակ աշխատող որեւէ մարդ հրապարակավ հայտարարե՞լ է, որ ձայն է տալու Սերժ Սարգսյանից բացի որեւէ այլ թեկնածուի»:

«Ժամանակ» օրաթերթը հետեւում է Եվրասիական միությանն առնչվող նոր զարգացումներին` փորձելով ձեւակերպել այդ գործընթացներում Հայաստանի մասնակցության ձեւաչափը. - «Հայաստանը բացառապես իր ուժերով պետք է որոշի, թե ինչն է իր համար նպաստավոր, թե որ կարծիքը կամ գաղափարը պետք է պաշտպանել, ինչպես, ումից: Այս հարցերի որոշումը բացառապես Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների իրավասության շրջանակում է, ինչի մասին պետք է հայտարարվի հստակ, կոնկրետ, արժանապատվորեն: Իսկ Ռուսաստանում որեւէ բան պաշտպանելը՝ ձեւի եւ բովանդակության առումով, իհարկե այդ երկրի իշխանությունների գործն է, որին միջամտելու իրավունք եւ անհրաժեշտություն Հայաստանը չունի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG