Մատչելիության հղումներ

Պարզաբանումներ ծննդյան նպաստների ուշացումների շուրջ


Այսօր հասարակության կողմից շատ են բողոքները, որ երեխայի ծննդյան նպաստները ժամանակին չեն վճարվում ու մարդիկ ավելորդ քաշքշուկների մեջ են ընկնում:

«Ազատություն» ռադիոկայանի զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ անցյալ տարվա հոկտեմբերին փաստաթղթերը ներկայացրել են «Փարոս» ու մինչեւ հիմա գումարը չեն ստացել ու ստանալու հույս էլ չունեն:

Իսկ Բելլան, ում բալիկն արդեն 8 ամսական է նշեց, որ իր դեպքում նպաստի ուշացումը տեղի է ունեցել իր մեղքով, սակայն իրեն էլ անհանգստացրել է «Փարոս»-ի աշխատակիցների կոպիտ ու արհամարհական վերաբերմունքը: Բելլան նշեց, որ իր դժգոհությունն արտահայտել էր նաեւ ֆեյսբուքյան իր էջում խնդրի մասին բարձրաձայնելով, սակայն նպաստ չստանալու մասին բողոքները գերազանցել էին:

Անդրադառնալով իր էջում արված գրառումներին` Բելլան նշեց. - «Շատ մարդիկ արձագանքեցին, որ իրենց երեխաներն իմ տղայից էլ մեծ են ու իրենք մինչեւ հիմա չեն ստացել: Օրինակ, զույգ երեխաներ են ծնվել՝ 3-րդն ու 4-րդն են եւ իրենց մեծ գումար է հասնում, բայց երեխաներն արդեն երեք տարեկան են ու դեռ գումարը չեն ստացել, որովհետեւ իրենց ասել են, որ դիմումը մինչեւ երեխաների ծնունդը պետք է գրեիք»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնեց, որ իսկապես խնդիր կա եւ ուշացումներ իրոք եղել են:

«Վճարման որոշակի ձգձգման պատճառ է հանդիսացել հունիսից սոցիալական ապահովության քարտերի համակարգը հանրային ծառայությունների համարանիշի համակարգով փոխարինելու, շարունակելու այդ գործառույթը: Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության համակարգից այն տեղափոխվեց բնակչության պետական ռեգիստրի համակարգ, որոշակի խնդիրներ էին առաջացել հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման հետ կապված: Տեխնիկական բնույթի խնդիրներ էին եւ այդ տեղափոխումը իր հետ բերել էր, որոշակի խնդիրներ, որոնք հիմնականում լուծված են: Հայցելով քաղաքացիների ներողամտությունն ասեմ, որ պրոբլեմները, որոնք ունեինք հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին, հիմա արդեն չունենք», - ասաց Մինասյանը:

Անդրադառնալով ծննդյան նպաստների հանձնման կանոնակարգին` Մինասյանը տեղեկացրեց, որ նպաստները տրվում են երեխայի ծնվելու օրվանից 12 ամիսների ընթացքում, իհարկե եթե հայրը կամ մայրը դիմում եմ նպաստի համար:

Սակայն գաղտնիք չէ, որ շատերն ուղղակի քաշքշուկներից հոգնած, գործընթացի կեսից այլեւս նպաստներով չեն էլ հետաքրքրվում: Հարցին, թե ինչպե՞ս են տնօրինվում չստացված նպաստները, Մինասյանը պատասխանեց, որ դրան եռօրյա ժամկետում վերադարձվում են պետբյուջե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG