Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել»


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
«Անցած տարիների ընթացքում մենք ականատես եղանք, որ Արեւելյան գործընկերությունը հետզհետե վերածվում է բովանդակային հարթակի, որը առավել լայն հնարավորություններ է նախանշում, քան Եվրոպական հարեւանության քաղաքականությունը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Թբիլիսիում անցկացվող Արեւելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

«Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացման բոլոր հիմնական ոլորտներում՝ Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցություններում, մարդկանց շարժունակության եւ ոլորտային համագործակցության բնագավառներում։ Մենք մոտեցել ենք Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ավարտական փուլերին եւ ակնկալում ենք եզրափակել գործընթացը մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը», - ասել է Նալբանդյանը։

Ընդգծելով, որ ժողովուրդների միջեւ շարժունակության դյուրացումը Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության կարեւոր բաղադրիչ է, Հայաստանի արտգործնախարարը շարունակել է. - «Մենք հաջողությամբ բանակցել եւ ստորագրել ենք մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը եւ ակնկալում ենք սկսել մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը։ Մեր քաղաքացիների միջեւ կապերը եւ փոխանակումները է՛լ ավելի խթանելու նպատակով Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի` բոլոր ԵՄ քաղաքացիները, ինչպես նաեւ Շենգենյան համաձայնագրի դրույթները կիրառող պետությունների քաղաքացիները այժմ Հայաստան ուղեւորվելիս ազատված են մուտքի արտոնագրի պահանջից»։

«Ճանապարհային քարտեզի երկկողմանի հարթության նպատակներից շատերը հաջողությամբ իրականացվել են, իսկ նրանք, որոնք շարունակական բնույթ ունեն, լավ ընթացքի մեջ են: Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ ժողովրդավարական հաստատություններն եւ օրենքի գերակայությունը ամրապնդելու, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները պաշտպանելու, ընտրական գործընթացները եւ համապատասխան օրենսդրությունը բարելավելու, դատական համակարգի անկախությանը նպաստելու եւ քաղաքացիական հասարակության դերը ընդլայնելու նպատակով», - ասել է Նալբանդյանը` հավելելով. - «Մենք գնահատում ենք, որ մեր ջանքերը պատշաճ կերպով ճանաչվել են եւ Եվրոպական միությունը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է կատարել ՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համաձայն»։

«2013 թվականը կարեւոր տարի է մեր տարածաշրջանի ընտրական օրացույցում։ Հայաստանը վճռական է պահպանել եւ զարգացնել այն առաջընթացը, որն արձանագրվել էր 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների գործընթացում։ Խորհրդարանական ընտրություններից հետո աշխատանքային խումբ ստեղծվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ այլ դիտորդական առաքելությունների առաջարկություններին անդրադառնալու համար։ Խումբը մշակել է համապարփակ գործողությունների ծրագիր՝ վերոնշյալ առաջարկությունների իրականացման նպատակով։ Հայաստանի ղեկավարությունը հանձնառու է անցկացնելու գալիք նախագահական ընտրությունները ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխան», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«Իրականացված բազմաթիվ բարեփոխումները՝ ուղղված Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, դրական արդյունքներ են տվել, ինչը գնահատվել է միջազգային համապատասխան կառույցների կողմից։ Գնահատելով գործարար միջավայրը 185 երկրներում՝ վերջին Doing Business զեկույցը արձանագրում է Հայաստանի վարկանիշի զգալի առաջխաղացումը՝ 50-ից 32-րդ տեղը», - ասել է Նալբանդյանը եւ շարունակել. - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած Համաշխարհային մամուլի ազատության զեկույցն արձանագրում է 2012 թվականի համար Հայաստանի մամուլի ազատության ցուցիչի զգալի աճը։ [...] Զեկույցի համաձայն, Հայաստանը առաջատարն է մեր տարածաշրջանում»։

«Մենք կարեւորություն ենք տալիս քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցություններին: Քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմը հնարավորություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում հասարակական կազմակերպությունների հետագա ներգրավման համար», - նշել է Հայաստանի արտգործնախարարը։

«Վարշավայի հռչակագիրը վերահաստատեց, որ Արեւելյան գործընկերությունը պետք է է՛լ ավելի խթանի կայունությունը եւ բազմակողմանի վստահության հաստատումը, եւ ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ասել է Էդվարդ Նալբանդյանը։ - «Հակամարտությունների խաղաղ կարգավորման դրույթը նույնպես նախատեսված է Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզում: Հայաստանը հանձնառու է շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որը միջնորդելու միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափն է: Մենք ողջունում ենք Եվրամիության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցներին»:

«Մենք արդեն սկսել ենք խորհրդակցությունները նոր փաստաթղթի՝ Ասոցացման օրակարգի վերաբերյալ, որը կփոխարինի Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը: Դա մեր համագործակցությունը կտեղափոխի նոր շրջանակ՝ հաշվի առնելով գրանցված ձեռքբերումները, միաժամանակ ուրվագծելով ավելի արդյունավետ եւ նպատակաուղղված օրակարգ: Նոր փաստաթուղթը պետք է արտացոլի մեր համագործակցության հավակնոտ օրակարգը, առանձնացնի գերակա ոլորտները եւ նպաստի Ասոցացման համաձայնագրի հաջող իրականացմանը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG