Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պատասխանեց իր հասցեին հնչող քննադատություններին


Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի դահլիճում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին շրջանում իր հասցեին հնչող քննադատություններին, մասնավորապես, որ իր նախընտրական հանդիպումները անցկացնում է հիմնականում դահլիճներում եւ որոնց մասնակցում են նախապես ցուցակագրված մարդիկ:

«Եվ մեզ մեղադրում են, որ այսպիսի հանդիպումների ժամանակ դահլիճ ենք հրավիրում մեզ համար ցանկալի մարդկանց: Մենք գիտենք, թե ում ենք հրավիրում, դրա համար մեզ մեղադրում են: Բա ի՞նչ անենք: Երբ հանրահավաք ենք հրավիրում, մեզ մեղադրում են, ասում են` դպրոցի տնօրենները երեխաներին են բերում, ցուրտ է, անհարմար պայմաններ են: Երբ դահլիճային հանդիպումներ ենք անցկացնում, ասում են` իրենց մարդկանց են բերում, ցուցակով են ներս թողնում: Բա ի՞նչ անենք, հայտարարենք` դահլիճում հանդիպում է լինելու, հանկարծ հանդիպմանը, չգիտեմ, մեկ էլ տեսար 1500 հոգի որոշեցին գալ այս հանդիպմանը, բա ի՞նչ ենք անելու», - ասաց Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ այն մեղադրանքներին, որ սովորաբար դահլիճներում իր նախընտրական հանդիպումներին մասնակցողները նախօրոք գիտեն, թե ինչ հարցեր են ուղղելու իրեն, եւ երբեմն նախօրոք գրված հարցերը այնքան խրթին են լինում, որ շարքային քաղաքացին անգամ ի վիճակի չի լինում դրանք արտաբերել: Նկատենք, որ գրեթե բոլոր համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում իսկապես հարց տվողների մեծ մասը դժվարանում է բացատրել, թե ինչ է ուզում ասել:

«Ասում են` կմկմալով են հարցերը տալիս: Որքանո՞վ է տրամաբանական: Եթե մենք այդպիսի գործունեությամբ ենք զբաղվում, մի ամբողջ շրջանում մի՞թե չենք կարողանում մի մարդ գտնել, որը կարող է առանց կմկմալու հարցեր տալ: Բնական է չէ՞, որ մեր հանդիպումների ժամանակ լինում են մարդիկ, ովքեր մի կողմից չունեն համապատասխան կրթություն: Հետո՞… նրանք մեր քաղաքացիները չե՞ն, թե այդ մարդիկ իրավունք չունե՞ն հարցեր տալու», - ասաց նախագահի թեկնածուն:

Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ թեկնածուներից մեկի այն հայտարարությանը, թե ինքը նախընտրական հանդիպումների ժամանակ կարդում է ուրիշների կողմից գրված ճառերը: Գործող նախագահը չթաքցրեց, ասաց` ինքը չի գրում իր ելույթները, դրա վրա աշխատում է թիմը:

«Կարծես թե նոր Ամերիկա է հայտնագործել մարդը, եւ նա չի հասկանում, որ լսարան հարգող ցանկացած մարդկ ունի թիմ եւ այդ ելույթների վրա թիմն է աշխատում, բա ո՞վ պետք է աշխատի: Ենթադրենք, ես այսօր հինգ ելույթ ունեմ, եթե ես ինքս իմ ելույթները սկսեմ գրել, էդ երբ կհասցնե՞մ այդ ելույթները գրել, հետո այդ ելույթներով հանդես գալ», - հարցրեց նա:

Սերժ Սարգսյանը ընդգծեց` չնայած իրենց «բարին չցանկացողները» փորձում են ամեն կերպ վատաբանել այսօրինակ դահլիճային հանդիպումները, բայց նաեւ կոչ արեց հարցեր ուղղել իրեն: Քաղաքացիներից մեկն էլ հարցրեց` թեկնածուներից մեկը ընտրվելու դեպքում խոստանում է թոշակները հիսուն տոկոսով բարձրացրել, արդյոք դա հնարավո՞ր է: Նշենք, որ նման նախընտրական խոստումով հանդես է եկել Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Դե, եթե այդքան հեշտ լինել կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելը, մենք կանեինք էլի, մեր խելքը էդքան չի կտրո՞ւմ, մենք չենք ուզում անենք: Մարդը մի պարզ թվաբանություն չի արել: Նա երեւի մտածում է, որ ուրիշներն էլ այդ թվաբանությունը չեն անի: Էդ ցանկությունները վատ չեն, Աստված տա թող իրականան` ոչ թե իրենց ընտրվելու մասով, այլ թոշակների բարձրացման մասով», - ասաց թեկնածուն:

Մեկ այլ քաղաքացի էլ հարցրեց, թե արդյոք Սերժ Սարգսյանը ծանոթացե՞լ է նախագահի մյուս թեկնածուների ծրագրերին: Սարգսյանն ասաց` ժամանակ չի ունեցել ծանոթանալու համար:

«Ես, բնական է, իրենց համար չեմ քվեարկելու, դրա համար որոշել եմ այդ ծրագրերը ընտրություններից հետո ուսումնասիրել», - ասաց նա:

«Հարցերի հարցը այսօր Արցախն է»

Այսօր Սերժ Սարգսյանը իր ելույթում անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին` ասելով, որ «հարցերի հարցը այսօր Արցախն է»: Գործող նախագահը ընդգծեց, որ եթե 25 տարի առաջ Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունը իմանային, թե ինչ վիճակ է լինելու 25 տարի հետո, ապա դժվար թե սանձազերծեին այն կոտորածները, որ տեղի ունեցան Սումգայիթում, ապա Բաքվում եւ Կիրովաբադում:

«Մի կարծիք էլ եմ ուզում հայտնել: Իմ կարծիքով` եթե Ադրբեջանի իշխանությունները եւ հասարակությունը այսօր իմանան, թե ինչ վիճակ է լինելու 25 տարի անց, ապա այսօր ավելի կառուցողական դիրք կունենան բանակցությունների ժամանակ», - ասաց նա:

Ի դեպ, Նորք-Մարաշում եւ Նոր Նորքում կազմակերպված հանդիպումներին նույնպես մասնակցում էին կրթական հաստատությունների, մասնավորապես` մանկապարտեզների աշխատակիցներ: Նրանք չթաքցրեցին, որ հանդիպման են եկել իրենց վարիչների կարգադրությամբ: Նորք-Մարաշում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ երեկ է ժամանել Հայաստան, բայց այս հանդիպմանը մասնակցում է ոչ որպես դեսպան, այլ իբրեւ բնակիչ: Դեսպանը ասաց` Սերժ Սարգսյանի ընտրվելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մնացած բոլոր թեկնածուներինը միասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG