Մատչելիության հղումներ

Փետրվարի 12-ի մամուլ


Անդրադառնալով վերջին օրերին Պարույր Հայրիկյանի վարքագծին` «Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը իշխանությունը որակեց որպես նախագահական ընտրություններն արատավորելու փորձ, իրավիճակը ապակայունացնելու փորձ: Հետագա գործողությունները կարծես թե վկայում էին, որ մահափորձի հեղինակները չեն հասնում իրենց նպատակին: Բայց իրադարձությունները զարգանում են այնպես, որ այսօր, ըստ էության, մեծ հարց է՝ նրանց հաջողվե՞լ է իրենց մտադրությունը, թե՞ ոչ, եթե, իհարկե, մտադրությունը ընտրությունները փչացնելն էր: Բանն այն է, որ Պարույր Հայրիկյանը, բարեբախտաբար, ողջ է մնացել, բայց նրա հետագա գործողությունները ստացել են մի պատկեր, երբ ընտրությունները, ըստ էության, անլրջացել են գրեթե անհնարինության աստիճանի: Անմոռուկի թերթիկներով «սիրում եմ-չեմ սիրում» այն խաղը, որ խաղում է Հայրիկյանը, արել է երեւի թե ավելին, քան մահափորձը կաներ՝ եթե, Աստված մի արասցե, ավարտվեր մահվան ելքով»:

Հայրիկյանին է անդրադառնում նաեւ «168 ժամ»-ը. - «Ամենատարածված վարկածն այն է, որ Հայրիկյանի «դիմում-օպերացիան» այս սցենարով խաղարկելու հարցում համաձայնության եկավ իշխանության հետ` դրանից բխող քաղաքական եւ նյութական հետեւանքներով: Իշխանությանը, գործող նախագահ Սերժ Սարգսյանին, բնականաբար, ձեռնտու չէր ընտրությունների հետաձգումը, քանի որ այդ դեպքում, եթե անգամ իրավիճակը դուրս չգար վերահսկողությունից, ապա առնվազն լուրջ խնդիրներ կառաջանային իշխանության համար: Իհարկե, իշխանությունը կարող էր իրերի ընթացքը թողնել Հայրիկյանի «ինքնորոշմանը», եւ նրա դիմումը Սահմանադրական դատարանը կարող էր մերժել, ընդ որում` ոչ առանց հիմքի: Սակայն դա ավելորդ աղմուկի, միջազգային կառույցների կողմից որոշակի վերաբերմունքի պատճառ կարող է դառնալ, ինչից իշխանությունը, ըստ ամենայնի, լրջորեն մտահոգվում է: Այնքան, որ անգամ չի թաքցնում Հայրիկյանի հետ «աշխատելու» փաստը: Մասնավորապես` մինչեւ ՍԴ-ից դիմումը ետ վերցնելը, նախօրեին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում Հայրիկյանին է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը»:

«Միանգամայն հասկանալի է այն մարդկանց վրդովմունքը, ովքեր հայտարարում են, թե ընտրություններ չկան, թե ընտրությունները վաղուց ավարտվել են, եւ կոչ են անում կամ չգնալ քվեարկության, կամ գնալ ու ցանկացած եղանակով անվավեր դարձնել քվեաթերթիկները», - գրում է «Հրապարակ» թերթի խմբագիրը եւ բխեցնում. - «Այս տրամադրությունները կրողները, բնականաբար, նկատի ունեն այն, որ տասնամյակներ շարունակ իշխանությունները ոչնչացրել են ընտրական համակարգերը, փչացրել ընտրողին, կաշառել հանձնաժողովների անդամներին, վախեցրել ու սպառնացել, պարտադրել ու կեղծել: Արդյունքում 2013-ին մենք ունենք խեղված ընտրահամակարգ ու ընտրողի խեղված հոգեբանություն: Բայց ես վստահ եմ, որ այս խեղումների դեմ պայքարի միակ միջոցը ընտրությունների բոյկոտելն ու անօրինական գործողությունները չեն, որոնց կոչ են անում ընտրական համակարգից դժգոհ մարդիկ եւ ուժերը: Համոզված եմ, որ ընտրությունների գաղափարին ինչքան վնաս է ընտրակաշառքի, վախի ու կեղծիքների արմատավորումը, նույնքան կամ գրեթե նույնքան վնասակար է նաեւ ընտրությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, նիհիլիզմի, Ընտրական օրենսգրքով չնախատեսված մեթոդներով պայքարի հոգեբանության սերմանումը»:

«Հարյուրից իննսուն խփեմ, ութսուն խփեմ, յոթանասուն փխեմ, թե վաթսուն, էդ ա: Ինչքան ուզես` էնքան խփենք». - նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այս խոսքերն է մեջբերում «ժողովուրդ» թերթը եւ գրում. - «Փաստորեն երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն այսպես բարձրաձայն խոստովանում է, որ Հայաստանում ընտրությունների ելքը ոչ միայն կանխորոշված է, այլեւ ինքն է որոշելու` իր անվան դիմաց քանի տոկոս ձայն գրել: Ու սրանից հետո խոսել ազատ եւ արդար ընտրությունների մասին, ու ընդհանրապես ընտրական համակարգի մասին, մեղմ ասած, միամտություն է»:

«Հայոց Աշխարհ» օրաթերթն ամփոփում է. - «Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտական եզրագծին։ Թերեւս նաեւ այդ հանգամանքով են պայմանավորված առանձին թեկնածուների վերջին օրերի հայտարարություններում նկատվող ագրեսիվ, երբեմն երկփեղկման մղող կոչերն ու գնահատականները»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG