Մատչելիության հղումներ

Ամենաշատ եթերաժամ հատկացվել է Պարույր Հայրիկյանին


ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյան
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյան
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը շեշտակի մեծացրել է նրա նկատմամբ զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը: Քարոզարշավի մեկնարկից` հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 6-ը ընկած ժամանակահատվածում ամենաշատը հենց նա էլ հայտնվել հեռուստառադիոեթերում, ընդ որում Հայրիկյանը բացահայտ առաջատար է:

Ուսումնասիրությունն իրականացրած Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանը, սակայն, թվային պատկերն օրինաչափ է գնահատում` վստահեցնելով, որ լրատվամիջոցները իրավախախտում թույլ չեն տվել:

«6085 րոպեն առավել քան 100 եթերային ժամ է ողջ հանրապետությունում, բայց հասկանալի է, որ սա մենք չենք կարող հեռուստաընկերությունների կողմից դիտել որպես կողմնակալ դրսեւորում թեկնածուի համար: Այն պայմանավորված է եղել օբյեկտիվ իրադարձություններով եւ բնական է, որ պիտի լրատվամիջոցները լայն անդրադարձ ու հետաքրքրություն ցուցաբերեին թեկնածու նկատմամբ», - հայտարարեց Ամալյանը:

Բոլոր այն դեպքերում, երբ թեկնածուներից որեւէ մեկը անդրադարձել է Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպին, հանձնաժողովը դա հաշվել է որպես քարոզչություն ոչ թե Հայրիկյանի օգտին, այլ ավելացել է նրա մասին խոսող թեկնածուի եթերաժամանակը: Այսպիսով, Հայրիկյանից հետո լրատվամիջոցները ամենաշատը լուսաբանել են Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա Սերժ Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանն են: Ամենաքիչ անդրադարձը եղել է թեկնածու Արման Մելիքյանին, բայց դա, ըստ Գրիգոր Ամալյանի, պայմանավորված է թեկնածուի քարոզչության առանձնահատկություններով: Արման Մելիքյանը, հիշեցնենք, դադարեցրել է իր նախընտրական ծրագրի քարոզչությունը:

Ուշագրավ է, որ հանձնաժողովի նախորդ զեկույցի համեմատությամբ բավական մեծ նվազում է գրանցել Սերժ Սարգսյանի լուսաբանման թվային դինամիկան: Լրատվամիջոցները շուրջ 35 տոկոսով քիչ են անդրադարձել թեկնածուի գործունեությունը, Սերժ Սարգսյանն ինքը ավելի քիչ է օգտվել վճարովի եթերաժամանակից, բացի այդ Գրիգոր Ամալյանը հիշեցնում է, որ թեկնածուն Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի պատճառով դադարեցրեց քարոզարշավը:

«Թեկնածուները ազատ են եւ իրենք են որոշում` ինչ կարգով օգտվել վճարովի եթերաժամանակից: Ինչո՞ւ ավելի պակաս են օգտվել, թերեւս կարող են պատասխանել նախընտրական շտաբի անդամները: Նույն նվազումը, կարծում եմ, կարող է պայմանավորված լինել եւ նախընտրական քարոզչության տակտիկական առանձնահատկության հետ», - ասաց Ամալյանը:

Հանձնաժողովը խիստ պասիվ է գնահատում վճարովի եթերաժամի օգտագործումը: Թեկնածուներից միայն երեքն են օգտվել այս ծառայությունից. ըստ այդմ` առաջին տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է, նրան հետեւում են Սերժ Սարգսյանը եւ Հրանտ Բագրատյանը: Հարցին, թե արդյոք այս պասիվությունը նշանակո՞ւմ է, որ վճարովի եթերի գները մատչելի չեն կամ գո՞ւցե սա վկայումէ մրցակցության պակասի մասին, Ամալյանը պատասխանեց. - «Շատ մեծ է եթերի մատչելիության հնարավորությունը բոլոր թեկնածուների համար: Այն պարագայում երբ կա մեծ հնարավորություն հանդես գալ հաղորդումներում, կարծես թե, հետաքրքրությունը կորցնում է վճարովի եթերաժամը: Այն թեկնածուները, որ օգտվում են վճարովի եթերաժամից, կարծում եմ` սա նախապես կնքված պայմանագրերի արդյունք է, հակառակ դեպքում կարելի էր ընդհանրապես վճարովիից չօգտվել»:

Գրիգոր Ամալյանի գլխավորած կառույցը չի վերլուծում հեռարձակված նյութերի բովանդակությունը, օրինակ, թեկնածուին լուսաբանելիս լրատվամիջոցն օբյեկտիվ է եղել, չեզոք թե կողմնապահ: ՀՌԱՀ-ը միայն կարեւորում է, որ օրենսդրական խախտում չլինի բովանդակություն մեջ:

Ի դեպ, ապրիլին ավարտվում է Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը եւ նա այլեւս իրավունք չունի աշխատել հանձնաժողովում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ամալյանն ասաց, որ մինչեւ հեռանալը կզբաղվի նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական դիտարկումներով, իսկ իրեն փոխարինողների հավանական ցուցակը առայժմ չի ցանկանում մեկնաբանել:

«Մեր օրենսդրությամբ հավակնորդները առաջադրվում են ինքնառաջադրմամբ: Ես ուղղակի չէի ուզենա շրջանառվող մամուլային քննարկումների մասին կարծիք ասել: Յուրաքանչյուր քաղաքացի, որը բավարարում է պահանջներին, կարող է առաջադրվել: Նախկինում դեպքեր են եղել են, երբ մեկ թափուր տեղի համար մասնակիցների թիվը հասել է տասնյակի: Համոզված եմ, որ մրցույթ կլինի, ոլորտում կա հետաքրքրություն», - ասաց Ամալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG