Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Գյումրին պետք է դառնա առավել արագ եւ դինամիկ զարգացող քաղաքային բնակավայրերից մեկը»


Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր իր նախընտրական քարոզչության շրջանակում այցելել էր Շիրակի մարզ։

Սարգսյանը ընտրողների հետ հանդիպումները սկսեց Արթիկից։ Քաղաքի մշակույթի տան դահլիճում հիմնականում հավաքվել էին տարածաշրջանի համայնքապետեր։

Նախագահի թեկնածուն խոսեց ապահով Հայաստան կառուցելու իր ծրագրերի մասին՝ ասելով, որ դեռ անելիքներ կան, բացթողումներ եւս։

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը Թորոս համայնքում մասնակցեց Շիրակի ձմեռ տոնակատարությանը, այստեղ շախմատ խաղաց, հետեւեց դահուկավազքի մրցմանը։ Նշենք, որ այս միջոցառումը կազմակերպվել էր Սերժ Սարգսյանի Շիրակի մարզային նախընտրական շտաբի պետ Սահակ Մինասյանին պատկանող «Երեքնուկ» ռեստորանային համալիրի տարածքում։ Սերժ Սարգսյանին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու մարզից ընտրված բոլոր պատգամավորները։

Նախագահի հաջորդ կանգառը Գյումրին էր։ Այստեղ նաեւ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը միացավ Սերժ Սարգսյանին։

Թատերական հրապարակում նախագահի հետ հանդիպման էին եկել հիմնականում մանկավարժներ, առողջապահական հիմնարկների, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատողներ։

Սերժ Սարգսյանը Գյումրիում խոսեց աղետի գոտու մասին, ասաց՝ «աղետի գոտի արտահայտությունը գնալով ավելի քիչ է բնորոշում Գյումրի քաղաքը»։

«Այժմ, երբ գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, իշխանությունների համար առաջնահերթ են զարգացման նպատակադրումները», - հավելեց նախագահի թեկնածուն, - «Գյումրին պետք է դառնա մեր առավել արագ եւ դինամիկ զարգացող քաղաքային բնակավայրերից մեկը։ Նաեւ սա է լինելու մեր ապահով հայրենիքի հիմնական ցուցիչներից մեկը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG