Մատչելիության հղումներ

«Հորիզոն» հեռուստաընկերությունը կարող է փակվել


Ամերիկայում գործող հայկական «Հորիզոն» հեռուստաընկերությունը հայտնվել է փակվելու վտանգի առաջ։ «Հորիզոն»-ի հեռարձակումները ապահովող Charter Communications հեռարձակող ընկերությունը առանց հայկական հեռուստաալիքի հետ վերջնական համաձայնության հասնելու իր բաժանորդներին տեղեկացրել է, որ փետրվարի 19-ից դադարեցնում է հեռուստաալիքի հեռարձակումը:

Charter Communications-ը իր որոշումը որեւէ կերպ չի հիմնավորել՝ այդպիսով հարուցելով հայկական հեռուստաընկերության ղեկավարության եւ հեռուստադիտողների զայրույթը:
«Հորիզոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Արա Խաչատուրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցնում են, որ Charter Communications -ի հետ որեւէ խնդիր, առավել եւս ֆինանսական, երբեք չեն ունեցել:
«Մեկ ամիս առաջ տարեկան պայմանագիրը վերանայվել էր եւ ժամանակին կատարվել էին բոլոր վճարումները», - ասում է Խաչատուրյանը՝ հավելելով, որ հեռարձակողի այս որոշումն իրենց համար բոլորովին անսպասելի էր։
1989 թվականից գործող «Հորիզոն» հեռուստաընկերությունը՝ լինելով շահույթ չհետապնդող կազմակերպություն, միակն է, որ տարիներ շարունակ լուսաբանել է ամերիկահայ համայնքի խնդիրնեը: «Հորիզոն»-ի հարյուրավոր հեռուստադիտողներ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ ցույցեր կազմակերպեցին՝ բողոքելով Charter Communications -ի որոշման դեմ:
Charter Communications -ի որոշումը շատերը դիտարկում են որպես հայկական համայնքի ձայնը լռեցնելու եւ սահմանափակելու փորձ մի քաղաքում, որի բնակչության մի զգալի մասը հայեր են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG