Մատչելիության հղումներ

Փորձարկվում են էլեկտրոնային չվացուցակները


Դեռ 2012 թվականի սկզբից կանգառներում էլեկտրոնային չվացուցակներ տեղադրելու մասին խոսակցությունը 2012 թվականի դեկտեմբերին վերածվեց պիլոտային ծրագրի եւ փորձնական երկու չվատախտակ տեղադրվեց Մաշտոցի պողոտայի երկու կանգառներում:

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ արդեն մեկուկես ամիս անց փաստացի կարող են խոսել ծրագրի թերությունների ու առավելությունների մասին. - «Խնդիրները մի քանի մասի են բաժանվում, սկսած ծրագրային համակարգից, տվյալների ընդունման ժամանակից, սարքավորումների որոշակի փոփոխություններ կրելուց»:

Մանուկյանի խոսքով, ավտուբուսներում տեղադրված GPS-ից տվյալները փոխանցվում են հաշվողական կենտրոն, որտեղ կանխատեսող ալգորիթմը կատարում է հաշվարկները ու վերջնական արդյունքը տեղադրում ժամատախտակի վրա. - «Կանխատեսող ալգորիթմը գործում է ստատիստիկ տվյալների հիման վրա, այսինքն մենք հաշվի ենք առնում օրվա ժամը, շաբաթվա օրը, տվյալ վարորդին, որովհետեւ հիմնականում տարբեր են լինում: Մոտավորապես սխեմա ենք ստանում, թե ինչ տարբերություններով է օրվա մեջ նույն երթուղին կատարվում»:

Մանուկյանը նշեց, որ փոխվել է նաեւ նախատեսված էլեկտրոնային չվատախտակի ձեւը՝ հասարակությանն ավելի շատ ինֆորմացիա տրամադրելու եւ բիզնես նպատակներով. - «Մենք լուսադադիոդային պարզ սարքեր չդրեցինք, որովհետեւ սա զուտ ծախս էր բերում քաղաքապետարանին: Փոխելով էկրանի տեսակը՝ Full HD բարձր խտությամբ էկրանը, հնարավորություն ունեցանք վիդեո նյութեր ցուցադրելու: Փոխեցինք տեսակը` դարձնելով ներդրումային առաջարկ, հետաքրքրական բիզնես»:

Եղած թերությունները հաղթահարելու դեպքում այս ամռանը մոտ 100 էլեկտրոնային չվացուցակ կտեղադրվի երեւանյան ամենաբանուկ կանգառներում:

Մանուկյանը հավաստիացնում է, որ քաղաքապետարանի բյուջեից ոչ մի գումար չի հատկացվի ծրագրի իրականացման համար. - «Ներդրողն իր միջոցներով այս ամենը ֆինանսավորում է, մեր կառույցը սա կազմակերպում է եւ հետագայում ներդրողն իր ֆինանսական միջոցները հետ կվերցնի գովազդային նյութերի տարածման շնորհիվ»:

Իսկ ներդրողի ու գումարի թվի մասին Մանուկյանը գերադասեց առայժմ լռել`«զուտ ներդրողի բիզնես շահերից ելնելով». - «Ես կարծում եմ, որ ներդրողն ինքը մնան տեղեկատվություն կհրապարակի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG