Մատչելիության հղումներ

Շարունակվում է Երեւանի զբոսաշրջային տարբերանշանի հայտերի ընդունումը


«Լավ տարբերանշանը պետք է լուծի իր առջեւ դրված խնդիրը, դրանից հետո միայն այն կարող ենք համարել գեղեցիկ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր նշեց «AMES Disign»-ի հիմնադիր Արարատ Մկրտչյանը, ով մասնակցում է Երեւանի քաղաքապետարանի հայտարարած զբոսաշրջային տարբերանշանի մրցույթին: Նրա առաջարկած տարբերանշանում գերակայում են դեղինն ու վարդագույնը, պատկերված է թագ, այն ունի նաեւ կարգախոս.

«Երեւանի զինանշանի առյուծի թագն է: Ընտրել եմ մի էլեմենտ, որը ծանոթ է տեղի բնակչությանը եւ կարելի է ինչ-որ տեղ արդեն ճանաչելի համարել», - նշեց դիզայները:

«Լավ տարբեանշան ստանալու համար պետք է մի քանի սկզբունք եւս հաշվի առնել: Այն կարող է գրավել ինչպես իր յուրահատուկ դիզայնով, այնպես էլ տարածվածության ու առավելագույն ճանաչելիության շնորհիվ: Կարող է հայտնի դառնալ թաքնված տարր պարունակող տարբերանշանը», - ասում է Արարատը:

Մրցույթին ներկայացած մեկ այլ մասնակից` «BB media» ընկերության արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանը մրցույթին է ներկայացել երկու տարբերանշաններով: Նրա կարծիքով` տարբերանշանը` լոգոն, պետք է գրագետ պատրաստված լինի մասնագիտական տեսանկյունից, նաեւ ընդունվի հասարակության կողմից:

«Երբեմն դրանք մեկը մյուսի հետ չեն համընկում: Կարող է շատ գրագետ, ճիշտ կառուցված տարբերանշան լինի, բայց ժողովուրդը ուղղակի դա չընդունի: Եվ հակառակը», - նշեց Էդուարդը:

Էդուարդի եւ իր դիզայներական թիմի պատրաստած երկու տարբերանշաններից մեկը վարդագույն է, մյուսը տարբեր գույների համադրությամբ է ձեւավորված:

Ներկայացրած երկու տարբերանշաններում Էդուարդն ու իր թիմը չեն օգտագործել հայտնի երեւանյան զարդանախշերն ու ճարտարապետական տարրերը. - «Դրանք ուղղակի արտասահմանցիներին ոչինչ չեն ասում: Ցավոք սրտի մեր քանդակները, ճարտարապետությունը աշխարհում այդքան հայտնի չեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG