Մատչելիության հղումներ

«Նրա տեղը պարապ մնաց»


Կյանքի 68-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է անվանի բանաստեղծ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը:

«Երբեք չմեռնես. ահա թե ինչ կասեմ քեզ». սա Գրիգորյանի վերջին ժողովածուի վերնագիրն է, որ ակամա ուզում էին կրկնել Գրողների միության իր աշխատասենյակում այսօր հավաքված գրչընկերները, հատկապես երիտասարդները, որոնց մշտապես աջակցում ու քաջալերում էր:

Տասնյակ բանաստեղծական ժողովածուների, ռուսերենից ու իսպաներենից կատարած բազմաթիվ թարգմանությունների հեղինակի կորուստը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքով, շատ ծանր է ոչ միայն գրչընկերների, այլեւ գրականության ու երկրի համար:

«Հովհաննես Գրիգորյանն իր շատ առանձնահատուկ տեղն ուներ, դերն ուներ մեր քնարերգության դաշտում, այդ տեղը իրոք պարապ մնաց: Միակ մխիթարությունն այն է, որ Հովհաննեսը իր դպրոցը ստեղծեց` ի դեմս երիտասարդ սերնդի մի հոծ խմբի բանաստեղծների», - նշեց Անանյանը:

«Հովհաննեսը ապրեց մի կյանք, որը ե’ւ իրենն էր, իսկ հիմա նաեւ բոլորինս է` իր բանաստեղծություններով: Այն բանաստեղծություններով, որոնցից ամեն մեկը կարող է նաեւ մեզ համար մխիթարանքի խոսք դառնալ», - ասաց «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG