Մատչելիության հղումներ

HRW. «Միգրանտները Սոչիում աշխատում են վատ պայմաններում»


Ռուսաստան - Օլիմպիական շինարարությունը Սոչիում, հունվար, 2013թ.
Ռուսաստան - Օլիմպիական շինարարությունը Սոչիում, հունվար, 2013թ.

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանի իշխանություններին եւ ՄՕԿ-ին դիմել են իրավիճակը Սոչիում կարգավորելու կոչով։

Սոչիի օլիմպիական շինարարությունում զբաղված են արտասահմանցիներ, աշխատավոր միգրանտներ, նրանք աշխատում են վատ պայմաններում, ամիսներով աշխատավարձ չեն ստանում, ասված է Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակած զեկույցում։

Զեկույցի հեղինակ Յուլիա Գորբունովան «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, որ միգրանտները ապրում են սարսափելի պայմաններում, նրանց ամիսներով աշխատավարձ չեն տալիս, նրանք աշխատում են 12 ժամ, նրանցից վերցնում են անձնագրերը, որպեսզի միգրանտները չկարողանան հեռանալ աշխատավայրից։

Խոսքը Կենտրոնական Ասիայից, Սերբիայից, Ուկրաինայից եւ Հայաստանից Սոչի եկած միգրանտների մասին է։ Զեկույցի հեղինակը զրուցել է 67 միգրանտների հետ, որոնց մեծ մասը աշխատում են հենց օլիմպիական կառույցների շինհրապարակներում։

Մեկ այլ`«Փրայմ» գործակալության զեկույցի համաձայն, այսօր Սոչիի շինարարական հրապարակներում աշխատում է շուրջ 71 հազար մարդ, ինչը, սակայն, բավարար չէ, եւ փորձագետներն ասում են, որ եւս 20 հազար աշխատողի պահանջ կա։ 71 հազար աշխատողներից մոտ 16 հազարը արտասահմանցիներ են` 22 տոկոսը։

Human Rights Watch-ի զեկույցում մեջբերված են, օրինակ, աշխատակիցներից մեկի խոսքերը, որը պատմում է, որ մեկ ընտանիքի համար նախատեսված բնակարանում ապրում էին 200 միգրանտներ։

Գորբունովան նշում է, որ միգրանտները համաձայնել են նման պայմաններում աշխատել, քանի որ բավարար չեն տիրապետում ռուսերեն լեզվին, չգիտեն իրենց իրավունքների մասին, ապօրինի միգրանտներ են։

Մի տաջիկ աշխատող էլ պատմում է, որ իրենց աշխատանքի են վերցնում առանց աշխատանքային պայմանագրերի` պարզապես ինչ-որ միջնորդներ բերում են շինհրապարակ, իսկ մի քանի ամիս աշխատելուց հետո նույնիսկ աշխատավարձը չեն վճարում։

Իսկ բողոքելու դեպքում գործատուները դիմում են համապատասխան մարմիններ եւ անօրինական միգրանտներին վտարում են երկրից։

Human Rights Watch-ը Ռուսաստանի իշխանություններին եւ Միջազգային օլիմպիական կոմիտեին դիմել են իրավիճակը Սոչիում կարգավորելու կոչով, այնտեղ պետք է լինեն արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի միգրանտները բողոքելու հնարավորություն ունենան, եւ նրանց չկարողանան շահագործել։

Սոչին Ռուսաստանի հայաշատ քաղաքներից է, 2007 թվականի պաշտոնական տվյալների համաձայն՝ բնակչության 20 տոկոսը հայերն են կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG