Մատչելիության հղումներ

Հավաքականը պատրաստ է Լյուքսեմբուրգի հետ խաղին


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ

Այսօր Երեւանի ժամանակով 22:45-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:

Ազգային հավաքականի ընկերական հանդիպումը ոչ մի հեռուստաընկերություն չի ցուցադրի, քանի որ խաղը եվրոպական ոչ մի հեռարձակող կազմակերպության կողմից չի նկարահանվելու:

Արդեն փետրվարի 3-ին ազգային հավաքականի մարզչական շտաբը եւ ֆուտբոլիստները ժամանել են Վալանս: Երեկ Հայաստանի ազգային հավաքականը «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում անցկացրեց վերջին մարզումը:

Ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը երեկ կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ խաղալու են այնպես, ինչպես մյուս բոլոր խաղերում, Լյուքսեմբուրգի հավաքականին չեն թերագնահատում:

Մինասյանի խոսքով` հավաքականի կազմը լիովին պատրաստ է խաղին, վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ չկան: Հանդիպմանը հիմնական կազմում հանդես կգան նաեւ մի քանի նորեկներ, հիմնականում պաշտպանական գծում:

Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի կարծիքով` Լյուքսեմբուրգի հավաքականը ֆուտբոլային աշխարհում «ամենաթզուկ թիմերից մեկն է»: Նրա խոսքով` այն Եվրոպայի թերեւս ամենաթույլ 5 հավաքականներից է: Հայաստանի հավաքականը Լյուքսեմբուրգի հետ առաջին անգամ է հանդիպում:

«Թեեւ թույլ հավաքական են համարվում, բայց պետք է զգուշանալ, քանի որ նրանք էլ կարող են անակնկալներ մատուցել», - ասաց Կարա-Պողոսյանը:

Այսօր Երեւանի ժամանակով 22:45-ին կայանալիք ֆուտբոլային հանդիպումը հնարավոր է, որ հեռարձակվի ինտերնետով, խաղին կարելի է հետեւել նաեւ ԱրմՌադիո FM 107-ի եթերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG