Մատչելիության հղումներ

Հունվարի 30-ի մամուլ


Անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդական առաքելության հայտարարությանը` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իրականում առանց որեւէ դիտորդների էլ թացն ու չորը ջոկելը բավականին հեշտ է: Սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում վատն է, ու պատճառը ոչ թե 2008-2009 թվականների միջազգային ճգնաժամն է, ինչպես ուզում է ներկայացնել իշխանությունը, այլ իր՝ իշխանության ապաշնորհ եւ կոռումպացված լինելը: Մյուս կողմից՝ սուտ է, որ այս ընտրարշավն անցնում է ոչ մրցակցային, պասիվ պայմաններում: Սուտ է նաեւ, որ Հայաստանում կա վախի մթնոլորտ՝ դիտեք նախընտրական հանդիպումների տեսագրությունները: Վախի փուլը մեր երկրում անցած է՝ հուսանք, որ վերջնականապես»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. - «Նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում չեն անդրադարձել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը, այնինչ նախկինում նախագահի ընդդիմադիր թեկնածուները` 2003-ին Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը, խոստացել էին ընտրվելու դեպքում անդրադառնալ այդ ոճրագործության լիարժեք բացահայտմանը: Բացի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից, մյուս թեկնածուները չեն անդրադարձել նաեւ 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանը: Ու եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային անվտանգության նախարարի, իսկ 2008-ի մարտի 1-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի լռությունը հասկանալի է, ապա հատկապես ընդդիմադիր թեկնածուների դեպքում սա տարակուսանքի տեղիք է տալիս, մանավանդ որ ե՛ւ հոկտեմբերի 27-ի, ե՛ւ մարտի 1-ի էջերը շարունակում են մնալ բաց»:

«Հրապարակ»-ի հարցին, թե ինչու որեւէ սեփական օբյեկտ չունի, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը պատասխանել է. - «Ես օբյեկտ չունեմ, էդ վատ է, որ չունեմ, քանի որ միշտ փողը հերիքել է, աշխատել եմ: Ես զեկուցեցի հրապարակավ, որ աշխատել եմ 2 մլն 700 հազար դոլար փող, հիմա որ դժբախտաբար դարձա պատգամավոր, պակասեց փողս, դրսում մեծ պաշտոն ունեի, շատ ժամեր էի վերցնում, բայց տարեկան 50-100 հազար դոլար կարողանում եմ աշխատել: Կարող էի բիզնես ունենալ, կոնյակում ես փայատեր չեմ եղել»:

Պատասխանելով «Ժամանակ»-ի հարցին, թե Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում նո՞ւյնպես չի տեսնում լուրջ մրցակցություն եւ որակական փոփոխություններ իրականացնելու հնարավորություն, ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասում է. - «Նախագահական ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դու կամ հաղթում ես, կամ՝ պարտվում: Եվ էական չէ, դու 10 տոկոս ես ստանում, թե 30 տոկոս: Այդ տրամաբանությամբ, բնականաբար, էական չէ, թե մրցակից թեկնածուներից մեկը մի քանի տոկոս ավելի կամ պակաս ձայն ստանալու հնարավորություն ունի»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկ ՀՀ կենտրոնական բանկը տարածեց պաշտոնական մի անշուք հաղորդագրություն այն մասին, որ շաբաթ օրը Դիլիջանում բացվել է ԿԲ-ի «ուսումնահետազոտական կենտրոնը», որին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Բուն բացման արարողությունը տեղի է ունեցել գրեթե ընդհատակյա ռեժիմում: Արարողության մասին չեն եղել աշխարհացունց ռեպորտաժներ, եւ ընդհանրապես, դրան մասնակցել են խիստ սահմանափակ թվով եւ հատուկ ընտրված ԶԼՄ-ներ: Եվ ուրեմն ինչն է այստեղ տարօրինակ` ինչու այդքան անշուք եւ կիսագաղտնի: Խնդիրն այն է, որ այդ կենտրոնը վերջին տարիների իրականացված ամենամութ գործարքներից մեկն է: Կենտրոնական բանկը պարզապես չի ուզում շատ «ռասկրուտկա անել», որ դրա շինարարության վրա ծախսվել է ավելի քան 70 միլիոն դոլար: Ընդ որում` գումարը սկսել են հատկացնել ամենածանր ճգնաժամային տարում` 2009 թվականին: Դիլիջանում նման շենք, նման արժողությամբ կառուցվել է այն դեպքում, երբ Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող գտնվող հսկայական կոթողը` ԱԳՆ շենքը վաճառվում է ընդամենը 52 միլիոն դոլարով: ԿԲ-ն չի ուզում նաեւ «ռասկրուտկա անել», թե ի վերջո, ում էր պետք եւ ինչ նպատակով է 3 հեկտար տարածքի վրա կառուցվել այդ կենտրոնը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG