Մատչելիության հղումներ

Ղուկասյան․ «Հարկավոր է հաղթահարել քրեաօլիգարխիկ համակարգը»


Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի դիմաց արդեն 9 օր շարունակ հացադուլ անող նախագահի թեկնածու Անդիաս Ղուկասյանն այսօր հենց հացադուլի վայրից՝ անձրեւախառն ձյան տակ պատասխանեց «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիս հաղորդաշարի շրջանակներում Ֆեյսբուք սոցցանցի օգտատերերի հարցերին։

Ֆեյսբուքահայերը շատ դեպքերում հարցեր տալու փոխարեն Ղուկասյանին ուղղված հորդորներ էին գրել՝ «դադարեցրեք հացադուլը, խնայեք Ձեր առողջությունը», «իշխանության վրա հացադուլը չի ազդում, իսկ ժողովրդի համար միեւնույնն է» եւ այլն։

«Չեմ պատրաստվում դադարեցնել հացադուլը», - պատասխանելով հարց-հորդորներին՝ ասաց նախագահի թեկնածուն եւ հավելեց, որ հացադուլի նպատակն է փոխել հանրության վերաբերմունքը քաղաքական իրավիճակների նկատմամբ՝ նկատի ունենալով հասարակության անտարբերությունը։

«Հարկավոր է Հայաստանում հաղթահարել քրեաօլիգարխիկ համակարգը», - ընդգծեց նա։

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը հարցրել էր. - «Եթե ձեր պահանջի իմաստը նրանում է, որ ընտրությունները շինծու չլինեն ու ՀՀԿական թեկնածու չմասնակցի ընտրություններին, ի՞նչն է խանգարում կոչ անել ու կազմակերպել այլընտրանքային ընտրություններ առանց ՀՀԿական թեկնածուի մասնակցության»։

Անդրիաս Ղուկասյանն ի պատասխան այս հարցի ասաց, որ առաջինն ինքն էր կոչ արել բոլոր թեկնածուներին հանել իրենց թեկնածությունը, բայց կոչը մնաց անպատասխան։ Հացադուլավոր թեկնածուն հավելեց, որ Հայաստանում մինչեւ օրս տեղի են ունեցել շինծու ընտրություններ։

«Այսօրվա խնդիրն է ոչ թե մասնակցել, այլ վերջ տալ շինծու ընտրություններին», - հայտարարեց Ղուկասյանը։

Նա նաեւ պարզաբանեց, թե իր կարծիքով ինչու Սերժ Սարգսյանը չպիտի վերընտրվի․ - «Սերժ Սարգսյանը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից։ ՀՀԿ-ն տարիներ շարունակ հետեւողական ընտրությունների ժամանակ իրականացրել է հակասահմանադրական գործունեություն՝ բաժանել է ընտրակաշառքներ, հարկադրել է քվեարկել մարդկանց։ Դա քրեորեն պատժելի արարք է։ Ակնհայտ է, որ ժողովրդավարական պետությունում ընտրություններին չի կարող մասնակցել այն քաղաքական ուժը, որը իր ամբողջ քաղաքական անցյալում բացի նրանից, որ հակասել է իր գործունեությունը Սահմանադրությանը, որեւէ այլ բան չի արել»։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Անդրիաս Ղուկասյանին հարցրել էր, թե ինչո՞ւ նա չի միացել Վանո Սիրադեղյանի ստորագրահավաքին եւ ինչո՞ւ որեւէ կերպ չի արձագանքում շուրջ 9 հազար մարդու ստորագրությամբ վավերացված հանրային պահանջին։ Ղուկասյանն ասաց, թե չի կիսում այն կարծիքը, թե պետք է արդարացնել Վանո Սիրադեղյանին։ Թեկնածուի համոզմամբ, Սիրադեղյանը պետք է պատժվի ու եթե մինչեւ այսօր նա չի պատժվել, ապա, ըստ Ղուկասյանի, դա իշխանությունների բացթողումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG