Մատչելիության հղումներ

Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելը «բլեֆ է»


Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյան
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախագահի ութ թեկնածուներից առաջինը Գյումրի այցելեց «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը: Նա երեքշաբթի օրը հանդիպեց լրագրողներին, ապա փակ հանդիպումներ ունեցավ համախոհների հետ, առաջիկա տասնօրյակում էլ Գյումրիում հանրահավաք կանցկացնի:

Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ պարզ ճակատով է գալիս Գյումրի, քանի որ իր վարչապետության տարիներին Գյումրիում չորս ձեռնարկություն է վերագործարկել ու 150 հազար քմ բնակարան կառուցել: Թեկնածուն անընդունելի համարեց, որ Գյումրին մինչ օրս վերականգված չէ:

«Ես ամոթ եմ համարում, որ Գյումրիում մինչեւ հիմա աղետի գոտի կա, տնակները կան», - ասաց նա:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է նախատեսում անել Գյումրիում տնտեսական զարգացման համար, քանի որ այստեղ եւ գործազրկության, եւ աղքատության, եւ արտագաղթի ցուցանիշներն ամենաբարձրն են, Բագրատյանը նշեց, որ եթե իրեն չհաջողվի ոչինչ անել, ապա կա մի բան, որ բան հաստատ կանի:

«Եթե ես գրանցված եմ Գյումրիում, աշխատում եմ Երեւանում, եկամտահարկի 50 տոկոսը պետք է փոխանցվի Գյումրիի բյուջե, շահութահարկի 50 տոկոսը նույնպես: Ամբողջ աշխարհում է այդպես, ուղղակի հարկերը ամբողջությամբ կամ կիսով չափ փոխանցվում են տեղական բյուջեին: Մենք այսօր ի՞նչ իրավիճակ ունենք. Գյումրիում մնում է մի չնչին բան, մնացած բոլոր փողերը գնում են Երեւան, հետո գնում ենք Երեւանից խնդրում ենք: Այդ է պատճառը, որ չնայած քաղաքապետերի կամ գյուղապետերի ընտրությանը, նրանք կախված են Երեւանից եւ կատարում են Երեւանի քաղաքական կամքը: Քաղաքապետերը այսօր կախյալ վիճակում գտնվող քաղաքական գործիչներ են: Սա սոցիալական բեւեռացում է ոչ միայն տարբեր խմբերի մեջ, այլեւ տարբեր ռեգիոնների միջեւ: Եթե ոչ մի բան էլ չանեմ, Գյումիից փողը չեմ տանի: Եթե 50 տոկոսը այստեղ է մնում է, սրանք դառնում են ինքնաբավ: Մարդիկ սկսում են մտածել` իսկ ինչո՞ւ չսկսեն գործունեությունը Գյումրիում», - ասաց թեկնածուն:

Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին շատ է խոսվում, նաեւ քննարկումներ եղան, սակայն մինչ օրս որեւէ գործնական քայլ չի արվել: Բագրատյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելը որակեց «բլեֆ»:

«Դա բացարձակ բլեֆ է, 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա ազատ տնտեսական գոտի լինել չի կարող: Մեր ծրագրում ազատ տնտեսական գոտի չկա, մեր ծրագրում ազատ տնտեսական գոտի է ամբողջ Հայաստանը: Ազատ տնտեսական գոտիները ոչինչ չեն տալիս: Ազատ տնտեսական գոտին կարող է լինել Ռուսաստանում, Չինաստանում, բայց նույնիսկ Ուկրաինայի նման մեծ պետությունում այն չի աշխատում», - ասաց նա:

Բագրատյանի կարծիքով` այս իրավիճակում միակն ճանապարհն այն է, որ մարդն ինքը ստեղծի աշխատատեղ:

«Մենք մարդուն երաշխավորում ենք, որ առաջին բիզնեսի համար մինչեւ 5000 դոլար, որի վարկը կփակի կառավարությունը, միայն թե մարդը որեւէ բիզնես բացի, որեւէ գործ ձեռնարկի: Մենք ունենք հստակ ծրագիր` թանկացնել արտադրությունը Երեւանում, էժանացնել արտադրությունն ու տնտեսական կյանքը Երեւանում: Մենք չենք կարող դառնալ քաղաք-պետություն, դա շահավետ չէ մեզ համար», - ասաց Բագրատյանը:

Բագրատյանը այսօր նաեւ ասաց, որ Գյումրիի է եկել ոչ թե խոստումներ տալու, այլ 100 քայլից բաղկացած իր ծրագիրը ներկայացնելու համար, որի իրագործումը իրատեսական է համարում: Վերջում էլ ասաց, թե` «ինք իրեն չի կեղծելու»:

«Ընտրում եք, ընտրեք, չեք ընտրում, մի ընտրեք: Չեմ եկել խնդրելու», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG