Մատչելիության հղումներ

Հունվարի 29-ի մամուլ


Նախագահի երեք թեկնածուների` Պարույր Հայրիկյանի, Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա համատեղ հայտարարությանն անդրադառնալով` «168 ժամ»-ը գրում է. - «Տվյալ դեպքում այդ հայտարարության բովանդակությունը երկրորդական է: Էականն ինքնին փաստն է, որ գոնե հանրային ընկալմամբ` ոչ իշխանական թեկնածուները համատեղ նախաձեռնություն են իրականացրել` դեռեւս հայտարարության ձեւաչափով: Այսինքն` սա մինչեւ նախագահի ընտրությունը միասնաբար հանդես գալու թեկուզ տեսական հնարավորություն է, կամ գուցե այդ հնարավորությունը ստեղծելու դեռեւս առաջին քայլը: Ողջ հարցն այն է` արդյո՞ք նշված երեք թեկնածուները կկարողանան օբյեկտիվ գնահատել սեփական հնարավորություններն ու պատրաստ կլինեն հանել թեկնածությունը` քվերաթերթիկում երեքից մեկի անունը թողնելու նպատակով: Դա եւս չափազանց բարդ է: Գրեթե նույնքան բարդ, որքան անգամ միասնաբար հանդես գալու դեպքում իշխանությանը գոնե երկրորդ փուլ պարտադրելը: Դա, ի դեպ, կարող է անսպասելիորեն հասարակությանը դուրս բերել ներկայիս ապատիկ վիճակից եւ իշխանության համար «հանգիստ» երեւակվող ընտրություններում հաղթելը դարձնել լրջագույն խնդիր: 2008 թվականից հետո Հայաստանի ընտրազանգվածի ընդդիմադիր տրամադրվածությունը եթե չի ավելացել, ապա առնվազն չի նվազել: Առանձին-առանձին նշված երեք թեկնածուները գործնականում չեն կարող այդ ընտրազանգվածը կոնսոլիդացնել, սակայն միասնաբար հանդես գալու դեպքում` այդ հեռանկարը կարող է միանգամայն իրատեսական դառնալ: 1996 թվականը դրա լավագույն վկայությունն է»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավն սկսեց կիրառելով ընտրողին համոզելու տեխնոլոգիան. օրինակ, որ ինքն է եղել երկրի լավագույն տնտեսական ռեֆորմների հայրը, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի դափնիներն էլ իրեն են պատկանում եւ այլն: Պատահական չէր նաեւ, որ նախկին վարչապետը քարոզարշավը սկսեց հենց գյուղից: Չէ՞ որ ժողովուրդը առ այսօր չի ներում նրան գյուղացուն հողին հանձնելու համար։ Բագրատյանը գիտակցեց, որ այդ ծանր «խաչից» ազատվելու մի միջոց կա` քանի դեռ 68 տարեկան չէ, մասնակցել ընտրապայքարին, հնարավորինս ինքնամաքրվել»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը մեջբերելով Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից մի հատված («Ապահով Հայաստան` տունդարձի փափագով, Հայրենիքի կարոտով ապրող հայորդիների համար»)` գրում է. - «Այս մի դրույթը Սարգսյանը ջանասիրությամբ կյանքի է կոչում արդեն 5 տարի, այս 5 տարիների ընթացքում Հայաստանը լքած տասնյակ հազար հայերը, այո, հայրենիքի կարոտով եւ տունդարձի փափագով Հայաստան են երազում: Սարգսյանը կատարել է այս կետը վաղուց, նա ստեղծել է հայրենիքի կարոտով ապրող հայերի մի ստվար բանակ»:

Թեման շարունակում է «Ժողովուրդ» օրաթերթը. - «Սերժ Սարգսյանի` «Դեպի ապահով Հայաստան» վերնագրված նախընտրական ծրագրում որեւէ անդրադարձ չկա արտագաղթը կանխելուն, այնտեղ անգամ չկա «արտագաղթ» բառը: Փոխարենը մեկ գլուխ առանձնացրել է սփյուռքի համար` կարեւորելով Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձեւաչափերի մշակումը: Սա ուշագրավ է այն առումով, որ ՀՀ հիմնական խնդիրն այսօր ահագնացող չափերի հասնող արտագաղթն է: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 180 հազար մարդ, որից ավելի քան 42,7 հազարը` նախորդ տարի: Ի դեպ, նախագահի նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանն իր ծրագրում խոսում էր հատկապես սահմանամերձ շրջաններից արտագաղթը կանխելու մասին»:

Պատասխանելով «Ժամանակ» օրաթերթի հարցին, թե ինչու չի մասնակցում Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին, Ջիվան Գասպարյանը պատասխանել է. - «Ոտքս էի կոտրել, դրա համար չեն կանչել, բայց ինձ ասել են, որ ամսի 30-ին հեռուստացույցով պետք է խոսեմ: Ես միայն կողմ եմ գործող նախագահին, եւ միայն նա պետք է լինի: Նա գիտությանը տեղ է տալիս, սպորտին, արվեստին տեղ է տալիս, ամեն ձեւով հետաքրքրվում է, բայց անթերի մարդ կա՞ աշխարհում, Աստվածներն էլ անթերի չէին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG