Մատչելիության հղումներ

Արամ Հարությունյան. «Ես նախագահի մշտական թեկնածու չեմ»


Արամ Հարությունյանը մասնակցել է երեք նախագահական ընտրությունների, եւ ինչպես ինքն ասաց` ընտրությունից ընտրություն իր ընտրազանգվածը ավելացել է:

Կարծրատիպ է այն, թե ինքը մշտապես առաջադրվում է որպես նախագահի թեկնածու, սա Արամ Հարությունյանի խոսքով, իշխանության կողմից կազմակերպված սեւ փիար է: Նա վստահ է, որ այս ընտրություններին նախորդ երկուսից ավելի շատ ձայն կհավաքեր, բայց արդեն որոշել է` ինքնաբացարկը ուժի մեջ է: Փետրվարի 8-ին ժամը 17.00-ին նախագահի թեկնածուն ընտրապայքարից դուրս կգա:

Նախկին երդվյալ ԱԻՄ-ականը 1991 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել է Պարույր Հայրիկյանի թեկնածությունը, անգամ ժամանակին կուսակցության երկրորդ համարով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, բայց հետո կոնֆլիկտի պատճառով դուրս է եկել կուսակցությունից: Այժմ Հայրիկյանի տեսակետները չի կիսում:

Հարությունյանի համոզմամբ, նախագահի ներկայիս թեկնածուներից ամենաարժանին հենց ինքն է, բայց քանի որ մեր երկրում ընտրությունները արդար չեն, վստահ է, որ չի ընտրվելու: Անգամ որոշել է ընտրությունների չգնալ: Այդ օրը տանն է լինելու, ընկերների հետ նշելու է 55 ամյակը:

Նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելու միակ նպատակը սեփական գաղափարները ժողովրդին հասցնելն է, այդ պատճառով էլ նախընտրական շրջանում բազմաթիվ ասուլիսների է մասնակցում: Նրա խոսքով` այս ընտրություններում գործող նախագահին «շախ է տալու»:

Հարությունյանը հավաստիացրեց, որ իրեն սատարողները շատ են, անգամ մի քանի հայտնի արվեստագետներ են իրեն սատարում, իսկ հարցումներին հավատալ պետք չէ:

Նա ասաց, որ ընտրություններին մասնակցող թեկնածուները շահի համար են մասնակցում. մեկին երկրորդ տեղ է խոստացվել, իսկ մյուսին` ԿԲ նախագահի պաշտոնը: Ինքը անգամ կարող է ասել, թե ինչ են անելու թեկնածուները ընտրություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG