Մատչելիության հղումներ

Ադրբեջանական քաղաքում լարված իրավիճակ է


Արդեն երկրորդ օրն է, ինչ պահպանվում է լարվածությունը Բաքվից ոչ հեռու գտնվող ադրբեջանական Իսմայիլլի քաղաքում. նախօրեին այստեղ հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ տեղական իշխանությունների դեմ:

Հաղորդվում է, որ զայրացած ցուցարարները մի քանի ավտոմեքենա են հրկիզել, այրել են քաղաքի հյուրանոցն ու ողջ գիշեր շրջապատման մեջ պահել համայնքապետի տունը՝ պահանջելով վերջինիս հրաժարականը:

Առավոտյան արդեն կենտրոնական իշխանությունը ստիպված է եղել հավելյալ ուժեր ուղարկել Իսմայիլլի: Հաղորդվում է, որ ոստիկանները արցունքաբեր գազ եւ մահակներ են կիրառել՝ զայրացած ամբոխը ցրելու համար, ինչին ցուցարարները արձագանքել են քարերով ու փայտերով: Կան վիրավորներ, թեեւ հստակ թվերի մասին հաղորդումներ չկան:

Առայժմ հստակ չեն նաեւ տեղեկությունները ցույցի դրդապատճառների վերաբերյալ: Որոշ աղբյուրների համաձայն, դժգոհության պատճառ է դարձել առողջարանային քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկը, որն իրականում գործել է որպես անառականոց: «Ասոշիեյթեդ փրես»-ը, մինչդեռ, հաղորդում է, թե մարդկանց զայրացրել է նույն հյուրանոցի մոտ տեղի ունեցած ավտովթարը` այդ հյուրանոցի սեփականատիրոջ` 22-ամյա էմիլ Շամսադինովի մասնակցությամբ: Ականատեսների վկայությամբ, երիտասարդը իր շքեղ մեքենան վարել է անսթափ վիճակում, արդյունքում բախվել է էլեկտրասյանը, ապա՝ մայթեզրին կայանված հին, խորհրդային արտադրության մի մեքենայի: Ընդ որում, վթարից հետո ոչ թե ներողություն է հայցել մեքենայի տիրոջից, այլ հայհոյել ու ծեծի ենթարկել վերջինիս:

Հաղորդվում է, որ համաքաղաքացուն պաշտպանելու համար օգնության են եկել նրա ընկերներն ու պատահական անցորդներ: Շուտով այս վիճաբանությունը դարձել է «իսկական կրակ», որի մեջ են հայտնվել հյուրանոցն ու քաղաքապետը, ում հետ, ըստ հաղորդումների, հարուստ երիտասարդը բարեկամական կապեր ունի: «Թե ինչ է տեղի ունեցել իրականում՝ այս պահին դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ տեղի ունեցածն ընդամենը մի կայծ էր, որից բռնկվել է տարիներով կուտակված դժգոհությունն ու ցասումը», - փաստում են ադրբեջանցի լրագրողները:

«Այս անկարգությունները կարծես քաղաքական դրդապատճառ չունեին, սակայն, կրկին ի ցույց դրեցին նավթով ու գազով հարուստ այս երկրում տարածված համընդհանուր հիասթափությունը եւ հարուստների ու աղքատների միջեւ առաջացած անդունդը», - իր հերթին փաստում է «Ասոշիեյթեդ փրես»-ը: «Ռոյթերզ» գործակալությունը նույնպես հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահը շարունակական քննադատության է ենթարկվում արեւեմտյան կառույցների կողմից՝ բռնապետական կառավարման, համատարած կոռուպցիայի եւ մարդու իրավունքները ոտնահարելու համար:

Նշենք, որ սա վերջին օրերի ընթացքում Ադրբեջանում արձանագրված արդեն երկրորդ բողոքի ցույցն է: Շաբաթ օրը հարյուրավոր առեւտրականներ փակել էին Բաքվից դեպի օդանավակայան տանող մայրուղին՝ բողոքելով տեղական իշխանությունների կողմից պարտադրված նոր հարկերի դեմ: Դրանից մեկ շաբաթ առաջ էլ հենց մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել կենտրոնական հրապարակում՝ պահանջելով բանակում զինվորի սպանության արդար հետաքննություն:

Անդրադառնալով բողոքի այս ալիքներին՝ արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ դրանք հիմնականում կազմակերպվում են ինքնաբուխ կամ սոցիալական ցանցերի օգնությամբ՝ առանց քաղաքական ուժերի եւ ընդդիմության ակնհայտ օժանդակության:

«Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հասարակությունը հոգնել է կառավարությունից եւ լուրջ փոփոխությունների կարիք ունի», - «Թուրան» գործակալությանն ասել է քաղաքագետ էլդար Նամազովը եւ մանրամասնել. - «Մենք բազմիցս ենք զգուշացրել իշխանություններին: Սայլը, սակայն, տեղից չի շարժվում»:

Այդուամենայնիվ, ակնհայտ է, որ կենտրոնական իշխանությունը այժմ լրջորեն անհանգստացած է պայթյունավտանգ այս միջադեպերից, որոնք կարող են լայնածավալ բնույթ ստանալ հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրությունների նախաշեմին:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցները հաղորդում են, որ այժմ իշխանություններն անում են հնարավորը՝ Իսմայիլլիում ցույցը ցրելու, կարգուկանոն հաստատելու եւ, որ ամենակարեւորն է, անկարգությունների մասին տեղեկություններն ու տեսանյութերը արգելափակելու համար: Այս պահին քաղաք տանող ճանապարհները փակ են, ինտերնետի մատչելիությունը՝ սահմանափակ: Ոստիկանները բարձրախոսներով կոչ են անում ցուցարարներին ցրվել, ինչին, սակայն վերջիններս չեն ենթարկվում:

«Ոստիկաններն արդեն երկրորդ օրն է, որ մեր քաղաքում արցունքաբեր գազ ու նռնակներ են պայթեցնում: Նրանք մեր երեխաներին են թունավորում, արդեն զզվել ենք այս ամենից, կուշտ ենք մինչեւ կոկորդներս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ցուցարարներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG