Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն մերժեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձեւը


«Կազմակերպությունը շատ արագ գահավիժում է», - հայտարարում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չորեքշաբթի երեկոյան քվեարկության դրեց Ադրբեջանի վերաբերյալ երկու բանաձեւ. մեկը վերաբերում էր Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, որը Վեհաժողովն ընդունեց, մյուսը` քաղբանտարկյալների առկայությանն ու նրանց վիճակին, որը ԵԽԽՎ-ն մերժեց:

Հայկական պատվիրակությունն ընդհանուր առմամբ Վեհաժողովի երկու դիրքորոշումն էլ ադրբեջանական լոբիիի ազդեցության արդյունք է համարում։

«Սա ուղղակի երկու, թերեւս, կարեւոր բան ապացուցեց. նախ` Ադրբեջանի լիակատար հաղթանակը ժողովրդավարության հանդեպ, եւ երկրորդը` այն, ինչ ես վերջին երկու տարվա ընթացքում անընդհատ ընդգծում եմ` որ կազմակերպությունը շատ արագ գահավիժում է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Վեհաժողովը համազեկուցողների ներկայացրած բանաձեւը ընդունեց ձայների 196 կողմ եւ 13 դեմ հարաբերակցությամբ եւ այս առումով որոշեց շարունակել Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը` այդ երկրի իշխանություններին կոչ անելով ակտիվացնել իրենց ջանքերը:

Ադրբեջանի հարցով համազեկուցողների՝ Պեդրո Ագրամունտի եւ Ժոզեֆ Դեբոնո Գրեշի կազմած զեկույցի համաձայն, Ադրբեջանը որոշակի առաջընթաց արձանագրել է օրենսդրական մակարդակում, այնուամենայնիվ, անկախ դատական համակարգի բացակայությունը, խոսքի, հավաքների ազատության վիճակը մտահոգություն է հարուցում, ակտիվիստների եւ լրագրողների դեմ սարքված գործերն ու բռնությունները ոստիկանական բաժանմունքներում մտահոգիչ են, կոռուպցիայի դեմ պայքարն էլ մնում է թղթի վրա:

Հայկական պատվիրակությանը, սակայն, մտահոգել էին ոչ թե Ադրբեջանի ներքին իրավիճակին տրվող գնահատականները, այլ հիմնականում բանաձեւին կից բացատրական գրության մեջ տեղ գտած ձեւակերպումներն ու պնդումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, որոնց վերաբերյալ իր վերապահումները հայկական պատվիրակությունը ներկայացրել է գրավոր։

Ըստ Դավիթ Հարությունյանի` զեկուցողների տեղեկությունները աղավաղված են եւ արտահայտում են Ադրբեջանի տեսակետը հակամարտության վերաբերյալ։ Օրինակ, զեկույցում տեղ գտած «Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» արտահայտությունը, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի խոսքով, չի համապատասխանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ընդունած եւ համաձայնեցված ձեւակերպմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես տարածքային վեճ երկու երկրների միջեւ, ինչը հակասում է հակամարտության միակ միջնորդ Մինսկի խմբի դիրքորոշմանը:

«Զեկուցողները այն աստիճան են չափը անցել, որ ոչ միայն աղավաղված են ներկայացնում տեղեկատվությունը, այլ դարձել են ադրբեջանական քարոզչամեքենայի բարձրախոսը` իրենք իրենց զեկույցում արտացոլելով արդեն այն մտացածին, հորինված թվերը, ինչպես` «մեկ միլիոն փախստական Ադրբեջանում», ինչպես` «տարածքների 20 տոկոսի օկուպացիա», եւ այլն», - ասաց Հարությունյանը` հավելելով. - «Այս ամբողջ հասկացությունները իրականում ներմուծում են դիտավորյալ, որպեսզի ստեղծեն որոշակի հետք միջազգային կազմակերպությունում, եւ դրանից դրդված էր, որ մենք ստիպված եղանք առանձին հատուկ կարծիք ներկայացնել, որը կցված է այդ զեկույցին որպես հավելված 2, որպեսզի փոքր-ինչ չեզոքացնենք այդ սուտը»։

Ադրբեջանական պատվիրակության 6 անդամներից 2-ը համազեկուցողների ներկայացրած բանաձեւին կողմ են քվեարկել, 4-ը` ձեռնպահ։

Հայկական պատվիրակությունը դեմ է արտահայտվել, փոխարենը` կողմ է քվեարկել գերմանացի պատգամավոր, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Քրիսթոֆ Շտրասսերի բանաձեւին՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայության եւ վիճակի մասին. հենց այս բանաձեւը բուռն քննարկման եւ ադրբեջանական պատվիրակության դիմադրությանն արժանացավ Վեհաժողովում եւ մերժվեց ձայների մեծամասնությամբ` 125 դեմ, 79 կողմ:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովի դիրքորոշումը այս բանաձեւի հարցում որակում է խայտառակություն։

«Ադրբեջանին հաջողվեց այսօր տապալել մեր գնահատմամբ շատ կարեւոր, օբյեկտիվ մի զեկույց` Շտրասսերի զեկույցը Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ։ Պիտի ասեմ, որ այո, շատ ցավալի էր, որ Ադրբեջանի շահը պաշտպանեցին ռուսական պատվիրակությունը` ողջ կազմով, ուկրաինական պատվիրակության գերակշիռ մասը, բուլղարական պատվիրակություն, եվրոպական` Արեւմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրների պատվիրակություններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը` ամփոփելով. - «Պիտի արձանագրենք, որ Ադրբեջանին հաջողվում է իր նավթախավիարային քաղաքականությամբ փաթեթներով, բլոկներով եվրոպացի պատգամավորներ գնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG