Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզի երկու վթարային դպրոցներ այս տարի էլ չեն հիմնանորոգվի


Այս վիճակում է Էջմիածնի թիվ 5 դպրոցի շենքը
Այս վիճակում է Էջմիածնի թիվ 5 դպրոցի շենքը

Էջմիածնի թիվ 5, Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցների եւ Պտղունք գյուղի դպրոցի հիմնանորոգումը նախատեսված չէ Քաղաքաշինության նախարարության 2013 թվականի բյուջեում, քանի որ մարզպետարանը դրանց նորոգման հայտ չի ներկայացրել:

Նախարարությունից փոխանցեցին, որ այս տարի շարունակելու են ավարտել այն կառույցների շինաշխատանքները, որոնք ընթանում են նախորդ տարիներից:

Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցը վթարային է: Եզրակացությունը կազմվել է դեռ 2009 թվականին, եւ առաջարկվել է վերանորոգել շենքը առաջնահերթության կարգով: Դպրոցն իր վթարայնության մասին հիշեցրեց 2012-ի դեկտեմբերի 7-ին, երբ դասաժամին առաստաղի պանելը, տնօրենի ձեւակերպմամբ, իջավ: Այժմ այդ դասասենյակին զուգահեռ հատվածները շենքի երեք հարկերում էլ սահմանազատված են ժապավենով:

Դպրոցի մյուս հատվածը քարուքանդ վիճակում գտնվող մասնաշենքն է, որտեղ, աշխատակիցներից մեկի խոսքով, դեռ 6 տարի առաջ միջոցառումներ էին անցկացնում: Հարթ տանիքի պատճառով երրորդ հարկից ձնհալի եւ անձրեւների ժամանակ ջուրը հասնում է մինչեւ առաջին հարկ:

Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի «թշնամին» եւս տանիքից հոսող անձրեւաջրերն են, ինչի հետեւանքով պատերի խոնավացման վտանգն իրենց վրա զգացել են նաեւ երկու աշակերտներ, ովքեր հոսանքահարվել են: Թեեւ դպրոցը վթարային չի ճանաչվել, սակայն նման պայմաններում երեխաներին պահելը, տնօրեն Մայիս Նիկողոսյանի ձեւակերպմամբ, «առնվազն բարոյական չէ»: Այստեղ էլ երկրորդ հարկի միջանցքի պանելն է թեքվել, ինչից հետո թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները դասադուլ են հայտարարել:

«Դրանից հետո եկան մարզպետարանից պաշտոնյաներ, այս սյունը դրեցին, որի վրա հենվում է պանելը, սակայն դա հուսալի չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մայիս Նիկողոսյանը:

Տնօրենն իր միջոցներով է վերանորոգել սանհանգույցները, որոնց նախկին վիճակի մասին ներողություն խնդրելով պատմեց: Իսկ տանիքի վերանորոգման համար 70-80 միլիոն դրամ է հարկավոր:

Երեւանից ոչ շատ հեռու գտնվող Պտղունք գյուղի դպրոցը ո՛չ տնօրենը, ո՛չ գյուղապետը միջոցներ չունեն վերանորոգելու: Այն եւս վթարային է: Ուսուցիչները ցույց տվեցին երկար ժամանակ չօգտագործված մարզադահլիճը, որն ավելի հաճախ այցելում են կրծողները, քան աշակերտները։ Տնօրենը ցույց տվեց դպրոցի ջրի միակ աղբյուր՝ սառցակալած ցայտաղբյուրը, կազմակերպիչը՝ իր գլխին փլված առաստաղի հատվածը, որն այժմ տախտակով է փակված, գյուղապետը՝ շենքի պատերի մեծ ճաքերը, ընկած անկյունաքարերը ու այն տարածքը, որը, նրա կարծիքով, շատ հարմար է նոր դպրոց կառուցելու համար:

Այսպիսի դպրոցներ Հայաստանի տարածքում բազմաթիվ են: 2012-ի մարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցին, նշել էր, որ Հայաստանում 30 վթարային դպրոցներ կան: Թե քանիսն են մնացել հիմա` Քաղաքաշինության նախարարությունից ասացին, որ չեն կարող պատասխանել, քանի որ շենքերի սեյսմիկ խոցելիությունը գնահատելու աշխատանքները դեռ ընթանում են, եւ ճիշտ չեն համարում հին տվյալներ տրամադրել:

Անահիտ Բախշյանը դիմել էր նաեւ Քաղաքաշինության նախարարին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե որ դպրոցներն են հիմնանորոգվելու 2010 թվականին:

«Պատասախանի մեջ գրված է, որ 2010 թվականի ցանկում պետք է ընդգրկել միայն նախկինում չվերանորոգված դպրոցները, բայց երբ նայում ենք 2005-11 թվականների հիմնանորոգված դպրոցների ցանկը, 2010 թվականին այս ամբողջ 254 դպրոցների մեջ անչափ քիչ տոկոս են կազմում նոր դպրոցները: Բոլորը նախկին դպրոցներն են, որոնց հիմնանորոգումը շարունակվում է տարիներ շարունակ: Ոչ վերջացնում են հներում, ոչ էլ նորերում են սկսել», - ասաց Անահիտ Բախշյանը: Դպրոցաշինության գործընթացում, նրա խոսքով, մեծ գումարներ են վատնվում եւ յուրացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG