Մատչելիության հղումներ

Սոցցանցերում աճում է պոռնկագրական նյութերի տարածումը


Ոստիկանությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստում է, որ վերջին տարիներին Հայաստանի տարածքում պոռնկագրական բնույթի նյութեր պարունակող կայքեր, որոնք ֆիզիկապես տեղադրված լինեն Հայաստանում, ուղղակի գոյություն չունեն:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակից Անդրեյ Յաշչյանի խոսքով` համացանցը մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում եւ նման դեպքերն անմիջապես բացահայտվում են:

«Մեր կողմից պարբերաբար անցկացվում է համացանցի մշտադիտարկում եւ նմանատիպ կայքեր հայտնաբերելուց հետո միջոցներ են ձեռնարկվում: Նշեմ, որ դա հանդիսանում է քրեորեն պատժելի արարք», - ասաց Յաշչյանը:

Յաշչյանի խոսքով, սակայն աճում է սոցցանցերի միջոցով պոռնկագրական նյութեր տարածողների թիվը: 2012 թվականին բացահայտվել է նման 8 դեպք:

Յաշչյանը փաստում է, որ ոլորտը կարգավորող քրեական օրենսգրքի հոդվածները վերջին շրջանում փոփոխության են ենթարկվել եւ եթե մինչ այս քրեորեն պատժելի էր նման նյութերի ապօրինի տարածումը, ապա այսօր քրեորեն պատժելի է ցանկացած պոռնկագրական բնույթի նյութի տարածումը, համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանումը, անչափահասին մանկական պոռնկագրական բնույթի նյութերի ստեղծման մեջ ներգրավելը եւ այլ: Օրենսդրական դաշտը խստացվում է եւ բարեփոխումներ կլինեն 2013-14 թվականների ընթացքում եւս:

Պայքարն իրավական տեսանկյունից քրեական օրենսգիրքը կարգավորում է, սակայն տեխնիկական պայքարն «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության իրավաբան Մովսես Հակոբյանն այնքան էլ արդյունավետ չի համարում:

«Օգտագործում են տարբեր արգելափակող ծրագրեր, արգելափակվում են ինտերնետ ծառայություններ մատուցողների կողմից, լինում է, որ միջազգային gateway կոչեցյալների վրա են դնում, բայց ամեն դեպքում դա էլ իր վտանգներն ունի խոսքի ազատության առումով, որովհետեւ կարող են արգելափակվել նաեւ այն կայքերը, որոնք իշխանության համար ոչ այնքան ձեռնտու են», - ասում է Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով` պայքարի ամենաարդյունավետ տարբերակը ծնողական վերահսկողություն կոչվող ծրագրերի կիրառումն է, գոնե երեխաներին նման նյութերից հեռու պահելու համար:

«Օգտատերերը կարող են այդ ծրագրերը իրենց տներում տեղադրել, որպեսզի իրենց երեխաներին պաշտպանեն այդ վնասակար նյութերից», - ասում է իրավաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG