Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանը քննադատում է ԵԽԽՎ-ի դիտորդների հայտարարությունները


Դավիթ Հարությունյան, արխիվ
Դավիթ Հարությունյան, արխիվ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը քննադատում է ԵԽԽՎ-ի դիտորդների վերջին հայտարարությունները հայաստանյան նախընտրական իրավիճակի վերաբերյալ՝ պնդելով, թե «ցնցված է դրանց ձեւից եւ բովանդակությունից»:

Հիշեցնենք՝ այս շաբաթ վեհաժողովի դիտորդական առաքելությունը մամլո ասուլիս հրավիրեց Երեւանում եւ մտահոգություն հայտնեց մի շարք խնդիրների, նախ եւ առաջ՝ «ընտրացուցակների շարունակական եւ էական անճշտությունների վերաբերյալ»՝ ընդգծելով, որ ճշգրիտ ցուցակները ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն են։

Արձագանքելով՝ Դավիթ Հարությունյանը պնդում է, թե այդ գնահատականը «կազմվել է նախօրոք, մինչեւ իսկ պատվիրակության հանդիպումը ընտրացուցակների մշակման համար պատասխանատու հիմնական կառույցի՝ Ոստիկանության հետ, եւ արտատպվել 2012 խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բարոնուհի Նիքոլսոնի պատվիրակության տխրահռչակ զեկույցից»:

«Քանի որ մենք այդ զեկույցում տեղ գտած պնդումները համարում էինք կեղծ, իսկ Հայաստանի իշխանությունների բերած ողջամիտ փաստարկները՝ անտեսված, ուստի հրավիրեցինք ԵԽԽՎ-ին խորհրդարանական ընտրություններից հետո ետընտրական առաքելություն իրականացնել՝ ցուցակների ճշգրտությունը ստուգելու համար: Ցավոք, սակայն, կազմակերպությունը չընդունեց մեր հրավերը եւ փոխարենը որոշեց շարունակել նույն ճանապարհը՝ անհիմն ու կեղծ մեղադրանքները ընտրացուցակների վերաբերյալ», - հայտարարում է Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Եվրոպական կառույցին հղած նամակում իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը եւս մեկ անգամ պնդում է, թե Հայաստանի իշխանությունները արել են առավելագույնը՝ ընտրացուցակներում անճշտությունները վերացնելու համար, եւ որ դրա համար կան նաեւ բավարար օրենսդրական երաշխիքներ. ցուցակները քվեարկությունից 40 օր առաջ հրապարակվում են՝ հնարավորություն տալով ընտրողներին, կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին հաղորդումներ ներկայացնել անճշտությունների վերաբերյալ:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը անհիմն է որակում նաեւ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության մյուս դիտարկումը, թե «հիմնական քաղաքական ուժերը, որոնցից ակնկալվում էր թեկնածուների առաջադրում, որոշել են չանել դա` ընտրությունների ընթացքի նկատմամբ վստահության պակասի պատճառով»։

«Նախագահության թեկնածուներից երեքը՝ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը,«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ Խորհրդային Միությունում ժողովրդավարական շարժման հիմնադիրներից եւ առաջնորդներից մեկը, եւ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ազդեցիկ քաղաքական եւ հասարարակական գործիչներ են, այնպես որ՝ այս ընտրությունները մրցակցային են, ինչպես նախորդ ընտրությունները», - ԵԽԽՎ-ին հղած նամակում գրում է Դավիթ Հարությունյանը:

Հակադարձելով ԵԽԽՎ-ի պատվիրակության այն դիտարկմանը, թե «անհրաժեշտ է վերականգնել քաղաքացիների վստահությունը, քանի որ ընտրությունները առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարական զարգացման համար», Հայաստանի պատվիրակության ղեկավարը պնդում է, թե հենց իրենց՝ դիտորդների հայտարարությունները «պարունակում են կեղծ մեղադրանքներ եւ ընտրությունների արդար անցկացման եւ բնույթի հետ կապված չափազանցված մտահոգություններ, ինչը ազդում է հանրության վստահության եւ հետաքրքրության վրա՝ դրանով իսկ խափանելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG