Մատչելիության հղումներ

Հունվարի 19-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երկրի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, որ վերջին տարիներին երեք ակտիվ ընտրարշավների է մասնակցել (2007 եւ 2012 թվականների ԱԺ ընտրություններ, 2008թ. նախագահական), ըստ որում, իր վրա վերցնելով քարոզարշավի հիմնական ծանրությունը, արդեն իսկ ցույց է տվել, որ պայքարի ընթացքում շեշտը գերազանցապես դնում է իր ներկայացրած ծրագրային կետերի, դրանց առավելությունը ցույց տալու եւ ընտրողների աջակցությունն ստանալու վրա։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի քարոզարշավը կառուցվում է «հանուն», այլ ոչ թե՝ «ընդդեմ» տրամաբանությամբ։ Ավելին` նա սովորաբար զերծ է մնում մրցակիցների բացթողումներն օգտագործելուց եւ միայն առանձին դեպքերում է հակադարձում, իսկ հակադարձելիս էլ պահպանում է պատշաճությունը»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մխիթարական է, որ քարոզչությունը տեւելու է ընդամենը մեկ ամիս, իսկ գարնան գալը, ինչպես ասում են, անկասելի է եւ հաղթանակը՝ անխուսափելի: Այս օպտիմիստական ֆոնի վրա ոչ մի այլ բան չի մնում, քան թեթեւ տանել նախընտրական PR եւ հակա-PR քայլերը, մանավանդ, որ դրանք այս անգամ դրսեւորվելու են առանց սովորական ագրեսիվության: Այսինքն՝ ընտրություններին չեն մասնակցելու ոչ նրանք, ովքեր սպառնում են նախագահին գցել Չաուշեսկուի կամ Քադաֆիի օրը, ոչ նրանք, ովքեր անարգանքի սյունին են գամելու իրավիճակը ապակայունացնողներին եւ նավակը ճոճողներին:
Այդ հանդարտ իրավիճակը թույլ է տալիս նախ՝ ավելի ուշադիր լսել այն առաջարկները, որոնցով հանդես են գալիս նախագահի թեկնածուները, երկրորդ՝ մղել մեր քաղաքական ուժերին, այսպես ասած, «դեմքով շուռ գալ» դեպի հասարակական խնդիրները: Իսկ դրանք, իմ կարծիքով, կապված են ոչ միայն սոցիալական դժվարությունների, այլեւ ազատության եւ արդարության հետ: Այդ հարցերը վերկուսակցական են եւ կապված չեն իշխանության համար պայքարի եւ բուն ընտրությունների հետ»:

«Ժամանակ» թերթը մեկնաբանում է Պետական եկամուտների կոմիտեում նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, որ եթե պետական համակարգի մյուս օղակներն էլ գոնե ՊԵԿ-ի աշխատանքի 80 տոկոսով աշխատեն, իրավիճակը գոհացուցիչ կլինի: Թերթն արձագանքում է. - «Այս արտահայտությունը վկայում է, որ Սերժ Սարգսյանը կամ բացարձակապես տեղյակ չէ ՊԵԿ-ի աշխատանքներից, կամ էլ Հայաստանում իրական բարեփոխումներն ու արդիականացումը որեւէ կերպ չեն մտնում նրա ծրագրերի մեջ: Բանն այն է, որ չնայած, այսպես ասած, առերեւույթ նորարարացմանը, Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է, այսպես ասած, իր կամայական աշխատաոճը գործարար սուբյեկտների հետ` իհարկե մանր եւ միջին, այն էլ` նրանց, ովքեր խոշոր տանիքներ չունեն: Խոշոր բիզնեսի հետ աշխատանքը մեկ այլ պատմություն ու հարթություն է: Հայաստանի հարկային ու մաքսային կառույցներում, չնայած, այսպես ասած, տեխնոլոգիական արդիականացման գործընթացին, համակարգչայնացմանն ու էլեկտրոնացմանը, աշխատակիցների վարքն ու մտածողությունը նույնն է մնացել: Այդ ամենն իմանալու համար Սերժ Սարգսյանին հարկ է ոչ թե այցելել ՊԵԿ եւ արարողակարգային ելույթներ ունենալ, այլ հնարավորինս «շարքային» հանդիպումներ ունենալ մանր ու միջին գործարարների հետ եւ անկեղծ զրույցի տրամադրել նրանց: Այդ հանդիպումների արդյունքում Սերժ Սարգսյանն այնքան բան կիմանա ՊԵԿ-ի իրական աշխատանքի մասին, որ ոչ թե կհայտարարի, որ գոնե մյուս պետական օղակներն էլ մոտ 80 տոկոսով աշխատեն ՊԵԿ-ի նման, այլ չէր ուզի, որ որեւէ պետական օղակ ՊԵԿ-ի գոնե կես որակն ունենար: Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանում մյուս օղակները այդ տեսանկյունից ՊԵԿ-ից առանձնապես հետ չեն մնում»:

«Հայկական ժամանակ»-ը վստահ է, որ երեկ Հյուսիս - Հարավ տրանսպորտային միջանցքի Հայաստան - Իրան հատվածի շինարարության ծրագրի շնորհանդեսը ոչ այլ ինչ էր, քան նախընտրական հնարք: Թերթը գրում է. - «Այն, որ սա հերթական բլեֆն է, պարզ երեւում է նրանից, որ իբր 3 միլիարդ դոլար գնահատված ծրագրի մեկնարկը տրվում է հյուրանոցներից մեկի մի փոքր սրահում: Չհամոզե՞ց: Շարունակենք: Մտեք համացանց ու փնտրեք «Ռասիա ՖԶԷ» անունով ընկերություն: Այս անվան տակ կգտնեք հաստոցներ, սարքավորումներ` ո'չ ընկերություն: Էլի՞ չհամոզեց: Ուրեմն, կրկին մտեք համացանց եւ փնտրեք այդ ՖԶԷ-ի տնօրենի` Ջոզեֆ Բարկովսկու անունը: Կգտնենք մի 10 տարեկանից մինչեւ 90 տարեկան բազմաթիվ մարդկանց, որոնցից եւ ոչ մեկը մեր բարեկամ Բարկովսկին չէ: Համացանցում նույնիսկ նրա նկարը չկա: Եվ դա այն դեպքում, երբ նա «ներդրումային ընկերության տնօրեն» է եւ իրականացնելու է 3 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG