Մատչելիության հղումներ

Վախճանվել է Մեհմեթ Ալի Բիրանդը


Թուրք անվանի լրագրողը մի քանի անգամ այցելել է Հայաստան։

Անցած գիշեր Ստամբուլի Ամերիկյան հիվանդանոցում վիրահատության ընթացքում սրտի կաթվածից 71 տարեկանում մահացել է Թուրքիայի լրագրության վետերաններից մեկը` բազմաթիվ վավերագրական ֆիլմերի, գրքերի, բացառիկ հարցազրույցների հեղինակ Մեհմեթ Ալի Բիրանդը։

Շուրջ կես դար տեւած աշխատանքային կենսագրության ընթացքում Բիրանդը հարցազրույցներ է վարել աշխարհի առանցքային գործիչներից շատերի` այդ թվում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի, Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնի հետ։

Մեհմեթ Ալի Բիրանդը բազմիցս եղել է Երեւանում, նա հարցազրույցներ է վերցրել Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից։ Այդ հարցազրույցների ընթացքում թուրք լրագրողն ու Հայաստանի ղեկավարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների, պատմական կնճիռը հաղթահարելու, սահմանը բացելու պայմանների հարցերը։

Մեհմեթ Ալի Բիրանդը թուրք քաղաքացու տեսանկյունից է գնահատել Հայոց ցեղասպանության բարդ թեման, սակայն իր հրապարակումներում առանց թշնամանքի է գրել հայ ժողովրդի մասին եւ կարեւորել է երկու ժողովուրդների տարաձայնությունները վերացնելու անհրաժեշտությունը։

Բիրանդն իրեն անվանել է նաեւ Հրանտ Դինքի բարեկամը եւ անթաքույց վրդովմունքով է արձագանքել հայազգի լրագրողի սպանությանը։

Բիրանդը թղթակցել է «Հուրիեթ»-ին եւ ռեպորտաժներ է պատրաստել CNN Turk հեռուստակայանի համար։

Բիրանդը վարերագրական ֆիլմեր է նկարահանել, որոնցից մեկում վերլուծել է 1960-1980 թվականներին Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումները։

Նա հրատարակել է «30 թեժ օրեր» գիրքը, որում պատմել է 1974-ին Կիպրոսի հյուսիսային հատվածը Թուրքիայի կողմից գրավելուց հետո ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերություններում տեղի ունեցած դրամատիկ զարգացումների եւ քաղաքական մանեւրների մասին։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մեհմեթ Ալի Բիրանդին անվանել է «պրոֆեսիոնալ եւ գործին նվիրված եռանդուն լրագրող»։ Էրդողանն ասել է, որ, տեղեկանալով Բիրանդին վիրահատելու անհրաժեշտության մասին, «աղոթել է նրա համար»։

Բիրանդի մահվան կապակցությամբ նախագահ Աբդուլա Գյուլը եւ վարչապետ Էրդողանը ցավակցություն են հայտնել լրագրողի ազգականներին եւ բարեկամներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG