Մատչելիության հղումներ

Սիրիահայերը ռուսերեն են սովորում


Սիրիահայերը ռուսերեն են սովորում
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00

Սիրիահայերը ռուսերեն են սովորում

Հայաստան տեղափոխված սիրիահայերը ռուսերեն են սովորում, որպեսզի ավելի հեշտ ինտեգրվեն հայաստանյան իրականությունում ու աշխատանք փնտրելիս մերժում չստանան` ռուսերեն չիմանալու պատճառով:

49-ամյա սիրիահայ Հովիկ Կարապետյանը «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ներկայացուցիչ եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովին ռուսերենով իր ընտանիքի անդամներին է ներկայացնում:

«Это моя жена, это мой сын», - կնոջն ու որդուն ցույց տալով` ասում է Կարապետյանը:

Կարապետյանների ընտանիքն արդեն երեք ամիս է հաճախում է Հայաստանում կազմակերպած ռուսերենի դասընթացներին: Շաբաթական երեք օր նրանք սովորում են իրենց համար անծանոթ, անհասկանալի ռուսերենի կանոնները: Դասընթացները, որոնք մեկ տարի կտեւեն, վճարովի են, ամսավճարը 8.000-10.000 դրամ է՝ կախված դասընթացի առանձնահատկություններից: Ռուսերենի դասերին մասնակցում են տարբեր տարիքի ու մասնագիտությունների սիրիահայեր:

Կարապետյանի կինը` 42-ամյա Տիրուհին է նպաստել դասընթացի առաջին խմբի ձեւավորմանը: Ցանկություն հայտնելով ռուսերեն սովորել՝ ընկերներից իմացել է գործակալության մասին ու դիմել նման առաջարկով: Խումբը բաղկացած է 9 սիրիահայերից: Մինչ այդ գործակալությունում սիրիահայերի համար դասընթացներ չէին կազմակերպվում: Տիրուհին, ով սիրիահայերի համար բացված Կիլիկյան դպրոցում հայոց լեզու է դասավանդում, ասում է, որ ռուսերենի քերականությունը բարդ է իր համար: «Բայց այդ բարդության մեջ անուշություն կա», - ասում է նա:

Ընտանիքը ռուսերեն սովորելուց հետո մտադիր չէ հեռանալ Հայաստանից: Նրանց նպատակն է պարզապես իմանալ Հայաստանում շատ կիրառվող այդ լեզուն: Ընտանիքը շինարարությամբ պահող Կարապետյանն ասում է, որ եթե տիրապետեն ռուսերենին, անպայման որպես զբոսաշրջիկ կայցելեն Ռուսաստան: Կինն էլ հավելում է, թե այս լեզուն իմանալը նրանց գուցե օգնի գործ ձեռնարկել նաեւ Ռուսաստանում:

Ընտանիքին դուր եկավ Կրիվոպուսկովի այն առաջարկը, որ դասընթացի ընթացքում ռուսերեն լավ սովորած երիտասարդին հնարավորություն տրվի անվճար ուսանել ռուսաստանյան բուհերից մեկում: Կարապետյանները կարծում են, որ որդին՝ Սեդրակը, կարող է ուսանել Ռուսաստանում: Սեդրակը եւս նման ցանկություն ունի:

«Ինչքան լեզու իմանաս, այդքան մարդ ես», - ասում է նա:

22-ամյա Ֆերդինանդան եւս երեք ամսվա ընթացքում քիչ բան չի սովորել:
Ինչպես Ֆերդինանդան, այնպես էլ դասընթացի մնացած մասնակիցները մատնանշում են ռուսերեն լեզվի անհրաժեշտությունը աշխատանք ստանալու հարցում: Թե Ֆերդինանդան, թե 28-ամյա Սոսի Բլեխյանը պատմում են, որ Հայաստանում աշխատանք փնտրելիս գործատուներն իրենց հարցրել են ռուսերենի իմացության մասին: Չնայած որպես մերժման պատճառ հատուկ չի նշվել այդ լեզվի չիմացությունը, բայց աղջիկները կարծում են, որ դա եւս դեր է ունեցել:

Վիկտոր Կրիվոպուսկովն ասում է, որ իրենք ընդառաջել են սիրիահայերի խնդրանքին՝ կազմակերպելու նման դասընթացներ հիմնականում աշխատանք գտնելու նպատակով: Կրիվոպուսկովն ասում է, որ արդեն խոսել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչների հետ, որպեսզի հնարավորության դեպքում աշխատանքի տեղավորեն իրենց դասընթացներին մասնակցած սիրիահայերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG