Մատչելիության հղումներ

«Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի իշխանություն վերադառնալու հայտ ներկայացնել»


Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան
Մարտի 1-ի պատասխանատվությունից չազատված Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի իշխանություն վերադառնալու հայտ ներկայացնել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Նախկին փաստահավաք խմբի անդամը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը համարում է հետագա քաղաքական գործընթացներին եւ 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ, որի իրավունքը, նրա կարծիքով Քոչարյանը չունի: Հարցազրույցում Քոչարյանը բացատրել էր փետրվարին կայանալիք ընտրություններին չմասնակցելու դրդապատճառները:

«Իմ կարծիքով` Ռոբերտ Քոչարյանի հայտը որեւէ արժեք չունի, որովհետեւ հասարակությունը իրեն մերժել է միշտ, կմերժի միշտ, քանի դեռ Քոչարյանը չի պատասխանել հիմնական երկու հարցերին` ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դա «ուչաստկովիի» գո՞րծ էր, թե՞` չէ, եւ ի՞նչ կատարվեց մարտի 1-ին Երեւանի կենտրոնում: Այդ հարցերի պատասխանը չտված մարդը իրավունք չունի որեւէ հայտ ներկայացնել մեր երկրի հետագա քաղաքական ճանապարհի մեջ հայտնվելու ուղղությամբ», - հայտարարեց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` երկրորդ նախագահը իշխանության վերադառնալու ցանկություն միշտ է ունեցել ոչ թե ժողովրդավարական ճանապարհով, այլ «ինտրիգներով», այս տարիներին ստվերում միշտ ակտիվ գործել է, բազմիցս փորձեր է արել իշխանական բուրգի հանգույցում հայտնվելու համար, ինչն, այնուամենայնիվ, չստացվեց եւ այսօր արդեն բացահայտ է խոսում` օգտվելով քաղաքական համակարգի ամայությունից եւ այն հանգամանքից, որ ընդդիմադիր եւ իրենց այլընտրանք ներկայացնող ուժերը «տուն են գնացել»:

«Հիմա քանի որ, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը գնացել են տուն, նա հայտարարեց, որ ես տանից դուրս եմ գալիս կամ որսից վերադարձել եմ Երեւան: Եվ դրանով է պայմանավորված Քոչարյան Ռոբերտի հայտարարությունը եւ նրա հայտնությունը: Բայց մեր հասարակությունը հո՞ իր տեղում է, գիտի՞ իր բնազդով թեկուզ, որ Քոչարյան Ռոբերտին ընդունել պարզապես հնարավոր չէ: Իհարկե, կան մարդիկ, որոնք կերազեն Քոչարյան Ռոբերտի վերադարձը, բայց դրանք այնքան փոքրաթիվ են եւ այնքան կոռումպացված, որ դա ուժ համարել չի կարելի: Իսկ այն ուժերը, որոնց ուղղված էր այս հայտարարությունը, դեպի իրեն մոբիլիզացնելու խնդիր էր փորձում Ռոբերտ Քոչարյանը լուծել, ես կարծում եմ, որ իշխանությունը այդ խնդիրը արդեն լուծել է, եւ ինքը այդ ուժերին մոբիլիզացրել է դեպի իրեն: Խոսքը թե օլիգարխիայի, թե համազգեստավոր մարդու մասին է, այնպես որ Քոչարյան Ռոբերտը այդտեղ հաջողությունների հասնելու շանս չունի: Իր գործունեությունը մեր երկրին բացի վնասից որեւէ օգուտ չի տվել եւ չի տալու», - կարծում է Անդրանիկ Քոչարյանը:

Փաստահավաք խմբի նախկին անդամը քաղաքական դաշտն «ամայացնելու» թիկունքում էլ է տեսնում Քոչարյանին` համոզմունք հայտնելով, որ Հայ ազգային կոնգրեսը Ռոբերտ Քոչարյանի ինտրիգների դաշտ մտնելով, պարտվեց նրան: Իսկ գործընթացի մեկնարկը նա համարում է 2011-ի աշունը, երբ ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

«ԲՀԿ-ի հետ բոլոր տեսակի «սիրախաղերի» մեջ Քոչարյանը անմասն չի եղել, ուրիշ բան, որ նա առաջին դեմքով հանդես չի եկել, բայց այդ գործընթացներում Քոչարյանն ունեցել է իր մասնակցությունը: Ես համոզված եմ, որ Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ում հայտնվելը, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի եւ շատ ու շատ քոչարյանամետ նախկին պաշտոնյաների ԲՀԿ-ում հայտնվելը հենց խոսում է այն մասին, որ Քոչարյանը միշտ եղել է ԲՀԿ-ի թիկունքին, ԲՀԿ-ի մեջ եւ ուղղորդել է նրա ամբողջ գործունեությունը: Եվ այսօր էլ այս բոլոր գործընթացների մեջ ես էլի տեսնում եմ Քոչարյանի մասնակցությունը», - ասաց նա:

«Այսինքն նա Լեւոն Տեր-Պետրոսյանին ծուղա՞կն է գցել» հարցին, Քոչարյանը պատասխանեց. - «Ես չգիտեմ ով ում է ծուղակը գցել, բայց ծուղակը ընկել է մեր երկիրը: Այսպիսի ընտրություններ Հայաստանը երբեք չի ունեցել: Այս ամբողջ ինտրիգային գործունեության արդյունքում երկրի քաղաքական համակարգը, ըստ էության, մնաց միաբեւեռ, որովհետեւ հասարակությանը զրկեցին իրական այլընտրանքից: Զրկեցին, որովհետեւ մտան ինտրիգների դաշտ, իսկ ինտրիգների դաշտում Քոչարյանը շատ մեծ վարպետ է: Տեր-Պետրոսյանը եւ Կոնգրեսի գրասենյակը պարզապես լավ չհաշվեցին, եւ ինտրիգների դաշտ մտնելով, նրանք պարտվեցին Քոչարյանին: Այսօր իրենք չկան, եւ հայտնվեց Քոչարյանը: Այ, երբ որ իրենք կային, Քոչարյանը չկար. խնդիրը դրա մեջ է: Այսօր պրոբլեմ ունի իշխանությունը, այ, իշխանությունը պետք է մտածի, թե ինչ լուրջ վտանգ է սպառնում մեր պետականությանը Քոչարյանի հայտնությամբ: Իշխանության համար շատ ավելի կարեւոր է իր դեմ ունենալ բարոյական, ուժեղ ընդդիմություն եւ նպաստել դրա ստեղծմանը, քան իր դեմ ունենալ Քոչարյանի պես ինտրիգների մեջ մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ»:

«Կոնգրեսին պատասխանատու եմ համարում, որ ինքը պասիվացավ Մարտի 1-ի բացահայտման հարցում: Կարծում եմ, որ եթե Կոնգրեսը այս հարցում նույն կերպ պայքարեր հիմա, Քոչարյանի հանրային կյանքում հայտնվելը պարզապես անհնար կլիներ», - հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատները «վիրավորական» են համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հեռանկարը:

«Բոլոր հարցերը լուծել է, իր վրա արյուն չկա, ուրիշի երեխաների արյունը չի թափել, հիմա իրեն իրավունք է վերապահում այսքանից հետո ներկայանա՞լ հասարակությանը: Գոնե մի քիչ պետք է ամոթ ունենալ ու նման հայտարարություններ չանել: Արդեն իսկ մեզ համար շատ ծանր է իմանալ, որ նորից պետք է թվերը նկարվեն եւ վերընտրվի Սերժ Սարգսյանը, հիմա էլ Ռոբերտ Քոչարյանն է վերադարձի հայտ ներկայացնելու փորձեր անում, որն առաջին պատասխանատուն է: Թեեւ ես Սերժ Սարգսյանին չեմ առանձնացնում` հաշվի առնելով այս հինգ տարիների նրա գործունեությունն ու Մարտի 1-ի թեման փակելը, եւ կարծում եմ, որ նրանք հավասար պատասխանատվություն են կրում Մարտի 1-ի սպանությունների համար: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն կարող իրար դեմ դուրս գալ, եւ կարծում եմ, այո, նրանք միշտ կապի մեջ են իրար հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:
XS
SM
MD
LG