Մատչելիության հղումներ

Հայրիկյանը կոչ է անում միավորվել իր թեկնածության շուրջ


Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը նախագահի թեկնածուներին կոչ է անում միասնական ճակատ ստեղծել եւ ծրագրերով միավորվել մեկ թեկնածուի շուրջ: Հայրիկյանը մատնանշում է 1996 թվականի նախագահական ընտրությունների օրինակը, երբ ընդդիմադիր թեկնածուները, այդ թվում նաեւ ինքը իրենց թեկնածությունը հանեցին հօգուտ Վազգեն Մանուկյանի:

«Նրբերանգներ կան` ով հանի թեկնածությունը, որ թեկնածուն: Դա կարող ենք իրար հետ քննարկել, դա ինձ համար էական չի եղել», - ասաց Հայրիկյանը` չբացառելով, որ ինքը կարող է իր թեկնածությունը հանել մեկ այլ թեկնածուի օգտին. - «Ես առանց այդ էլ արդեն իմ թեկնածությունը հանած եմ գնում ընտրությունների: Եթե բոլորը խոսում են, որ գնում են հինգ տարի նախագահ դառնալու, ես ասում եմ, որ ես նախագահ եմ դառնալու վեց ամսից ամենաշատը երկու տարով: Իհարկե, միացյալ թեկնածու ձեւավորելու ամենաշահեկան տարբերակը իմ առաջադրումն է»:

Հայրիկյանը ասաց` իր այս կոչը ուղղված է նախագահի բոլոր թեկնածուներին. - «Նաեւ Սերժ Սարգսյանին, որ հանի իր թեկնածությունը եւ պաշտպանի ինձ, ամենայն լրջությամբ, մանավանդ որ ինքը Հանրապետականից է, այսինքն ԱԻՄ-ից ծնված կազմակերպությունից»:

«Ես հնարավոր եմ համարում, որ առողջ բանականությունը հաղթի բոլոր մարդկանց մոտ», - ասաց Հայրիկյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրատեսական է համարո՞ւմ այն, որ Սերժ Սարգսյանը հանի իր թեկնածությունը եւ իրեն սատարի:

«Առաջիկա մի քանի օրերին ես կներկայացնեմ շատ որոշակի թվեր, թե որ թեկնածուն այս պահին ինչքան ձայն ունի, եւ այդ ձայները ինչքան են դառնում, երբ նրանք միավորվում են», - ասաց նա. - «1996 թվականին ես, Վազգեն Մանուկյանը, դաշնակցության ենթադրյալ ներկայացուցիչը ունեինք մոտավորապես հավասար ձայներ` մոտավորապես 10-ական տոկոս, երբ մենք այդ 10-ական տոկոսներն իրար էին գումարում, նաեւ մյուս փոքր թեկնածուների ձայները, այդ 30 տոկոսը դառնում էր 60 տոկոս», - շարունակեց Հայրիկյանը` Վազգեն Մանուկյանի անհաջողությունը 1996-ի ընտրություններում պայմանավորելով «մի քանի մարտավարական եւ հոգեբանական սխալներով»:

Անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջերս տված հարցազրույցի այն հատվածին, թե «եթե իշխանության դեմ պայքարը առաջադրվելու կամ չառաջադրվելու մեջ է, ապա պետք է ընդունել, որ Հայաստանում այդ առումով ամենաշատը պայքարել են Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը եւ Արտաշես Գեղամյանը, որոնցից յուրաքանչյուրը, արդեն երեք-չորս անգամ է առաջադրվել», Հայրիկյանը հակադարձեց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը ստում է, որովհետեւ ինքը ինձանից շատ է առաջադրվել, ինքը առաջադրվել է 1991-ին, 1996-ին եւ 2008-ին: Ես առաջադրվել եմ 1991-ին եւ 1998-ին: Խորհուրդ չէի տա նախկին նախագահին ստել: Երկրորդ` արժի, որ ինքը մի քիչ հետեւողական լինի, ինքը ժամանակին պաշտոնապես տասնյակ լրագրողների առջեւ հայտարարել է, որ իր քաղաքական իդեալը Պարույր Հայրիկյանն է. կամ պիտի ասի Պարույր Հայրիկյանին, թե ինչն է փոխվել, կամ էլ պետք է ասի, թե ինքն է փոփոխամիտ մարդ: Դա հայտարարել է հրաժարական տալուց մի ամիս առաջ»:

Հայրիկյանը համոզիչ չի համարում Տեր-Պետրոսյանի` չառաջադրվելու պատճառաբանությունը (առաջին նախագահը չառաջադրվելը պայմանավորել էր իր տարիքով):

«Ո՞ւմ համար է դա համոզիչ: Եթե Հայաստանում գտնեք մի հոգու, ում համար դա համոզիչ էր, ես կասեմ թերեւս դրա մասին արժի մտածել», - ասաց նա:

Հայրիկյանն ասում է` ով իր ծրագրերը կընդունի, պատրաստ է նրա հետ աշխատել, այդ թվում` գործող նախագահի:

«Ի՞նչ է նշանակում, որ ես պիտի հենց այնպես համագործակցեմ Սերժ Սարգսյանի հետ, կամ մարդիկ կան, որ ասում են, դու Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցել ես: Այդ Ռոբերտն է ինձ հետ համագործակցել: Սահմանադրական բարեփոխումների փաթեթը ես իրեն ստիպել եմ` «ուզո՞ւմ ես նախագահ դառնալ, ես քեզ կօգնեմ, բայց դու պետք է սահմանադրական բարեփոխումներ կատարես, որ դու` նախագահդ, այլեւս խորհրդարանը ցրելու իրավունք չունենաս»: Համաձայնվել է, խեղճացել, ընդունել է, մենակ թե նախագահ դառնա, բայց ես կարողացել եմ հայրենիքս դարձնել ավելի դեմոկրատական»:

Հայրիկյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը չի վերընտրվելու:

«Ե'ս եմ դառնալու նախագահ` նաեւ իր [Սերժ Սարգսյանի] ողջախոհության եւ սթափության շնորհիվ: Սա ասում եմ ամենայն լրջությամբ, ես հավատում եմ, որ մենք ապագա պիտի ունենանք: Կարող է փետրվարի 18-ին չլինեմ նախագահ, մի քիչ հետաձգվի, բայց ձեր բոլորի օգնությամբ մենք դառնալու ենք նախագահ, կարգին հայերը դառնալու են նախագահ», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG