Մատչելիության հղումներ

Փանջիկիձեն պարզաբանեց իր հայտարարությունը


Չեխիա - Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, Պրահա, 15-ը հունվարի, 2013թ.
Չեխիա - Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, Պրահա, 15-ը հունվարի, 2013թ.
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն երեկ Չեխիայում «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում հերքել է տեղեկատվությունը, ըստ որի` նա Լիտվայում հայտարարել էր, թե հայ - ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի օգտին։

Վրաստանի արտգործնախարարը մանրամասնել է, որ Լիտվայի խորհրդարանում զեկույցով է հանդես եկել, որից հետո Ադրբեջանի դեսպանը հարց է տվել, թե ինչպե՞ս է Վրաստանը վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Փանջիկիձեն պատասխանել է, որ Վրաստանը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Իսկ որոշ ժամանակ անց Հայաստանի դեսպանը հարցրել է նախարարին, թե ի՞նչ է կարծում` արդյոք բոլոր հակամարտությունները նմա՞ն են, եւ դրանք լուծելու համար մե՞կ բաղադրատոմս կա։ Փանջիկիձեն պատասխանել է, որ հակամարտությունները յուրահատուկ են, եւ չկա մեկ բաղադրատոմս, որով կարելի կլիներ լուծել դրանք։

Մայա Փանջիկիձեն հրաժարվել է մեկնաբանել վրացական լրատվամիջոցներում հայտնված այն կարծիքները, թե Լիտվայում իր հայտարարության վերաբերյալ հիշյալ հաղորդագրությանը հետեւած աղմուկից հետո արտգործնախարարի պաշտոնում իր փոխարեն Իրակլի Մենաղարիշվիլիին են նշանակելու, ով տարիներ առաջ գլխավորել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նախարարը խոսել է նաեւ ռուս - վրացական հարաբերությունների մասին` ասելով, որ իրենք փորձում են բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն մեկ կամ երկու տարվա ընթացքում որեւէ դրական արդյունք չեն ակնկալում։


Սեդա Ստեփանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG