Մատչելիության հղումներ

Սյունիքի աղմկահարույց գործով ձերբակալվեց նաեւ քննիչը


Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով երեկ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը։ Այդ մասին հաղորդում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը` նշելով, որ Ենգոյանը ոստիկանապետի հրամանով անցած տարվա սեպտեմբերի 7-ին ազատվել է պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ «2010 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, Քաջարանի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա հատվածում Գրիգոր Պապյանի հետ Գեւորգ Թոսունյանի եւ Սահակ Սահակյանի վիճաբանելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, ինչպես նա նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Գրիգոր Պապյանին սպանելու դեպքով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ քրեական գործերով նախաքննություն եւ հետաքննություն իրականացրած առանձին պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները եւ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց են կեղծել»:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով անցած տարվա նոյեմբերի 9-ին հարուցվել է նոր քրեական գործ, որի նախաքննությունը նույնպես իրականացվում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում:

«Կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը, հանդիսանալով հետաքննություն իրականացնող պաշտոնատար անձ, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է ապացույց` որպես վկա է ներգրավել Ն. Հ.-ին, ով վերջինիս ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք այն մասին, որ ականատես է եղել 2010 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Սահակ Սահակյանի կողմից Քաջարան քաղաքի զբոսայգում Գրիգոր Պապյանի հետ վիճաբանելուն, ինչպես եւ դանակի բռնակով Գրիգոր Պապյանի գլխին հարվածելուն, մինչդեռ Ն. Հ.-ն ոչ միայն ականատես չի եղել, այլեւ առհասարակ հանցագործության կատարման ժամանակ դեպքի վայրում չի գտնվել: 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Գագիկ Դանիելյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով», - փոխանցում է Ոստիկանությունը` նշելով, որ դեռեւս սեպտեմբերի 6-ին Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գագիկ Դանիելյանի լիազորությունները դադարեցվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG