Մատչելիության հղումներ

Gallup. Հայաստանում ինտերնետ հասանելիությունը 33 տոկոս է


Հայաստանը ինտերնետ հասանելիությամբ առաջատար է Հարավային Կովկասում։

Gallup-ի անցկացրած հարցման համաձայն` 2011 թվականին աշխարհում բնակչության 32 տոկոսի համար է ինտերնետը հասանելի եղել:

Gallup-ը հարցումներ է իրականացրել 148 երկրներում, 2010-ի համեմատությամբ ինտերնետ հասանելիությունն աշխարհում աճել է 3 տոկոսով:

Հայաստանում 2011-ին հարցվածների 33 տոկոսն է ասել, որ տանն ինտերնետ ունի։

Չնայած Հայաստանը ցուցակի վերին հատվածում չէ, այնուամենայնիվ, Հարավային Կովկասում ինտերնետ հասանելիությամբ առաջատար է. Վրաստանում միայն 29 տոկոսն է պատասխանել, որ ինտերնետն իրենց համար հասանելի է, իսկ Ադրբեջանում` հարցվածների 15 տոկոսը:

Հարեւան Թուրքիան եւ Իրանը ինտերնետ հասանելիությամբ գերազանցում են Հայաստանին. ըստ Gallup-ի` Իրանում` 38, իսկ Թուրքիայում` հարցվածների 40 տոկոսն է ասել, թե տանն ինտերնետը հասանելի է:

Հարցման համաձայն` 148 երկրներից 41-ում ինտերնետ կապը մեծ խնդիր է, այդ երկրներում հարցվածների մինչեւ 10 տոկոսն է ասել, որ ինտերնետն իրենց հասանելի է։ Ընդ որում, Մալիում, Մադագասկարում, Բուրունդիում եւ Գվինեայում ինտերնետը խիստ հազվադեպ հանդիպող երեւույթ է, քանի որ հարցվածների մեկ տոկոսից էլ պակասն է ասել, թե ինտերնետ ունի:

Մինչդեռ 48 երկրում ինտերնետը 2011-ին հասանելի է եղել հարցվածների կեսից ավելիի համար, իսկ 23 երկրում ավելի քան 80 տոկոսը հնարավորություն է ունեցել ցանկացած պահի միանալ համաշխարհային ցանցին:

Ամենահասանելին ինտերնետը Շվեդիայում եւ Սինգապուրում Է՝ հարցվածների 93 տոկոսը ասել է, որ տանն ինտերնետ ունի:

Եվրամիության երկրների մեծ մասը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը, Կանադան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ավստրալիան, Նոր Զելանդիան եւս այն երկրների շարքում են, որ 80 տոկոս եւ բարձր ինտերնետ հասանելիություն ունեն։

Աշխարհում ինտերնետի հասանելիության ավելացմանը զուգահեռ` սոցիալական ցանցերը եւս զարգանում են եւ ավելի մեծ տեղ են սկսում գրավել մարդկանց առօրյա կյանքում ու նաեւ քաղաքականության մեջ:

Digital Policy Council-ի 164 երկրներ ընդգրկող հետազոտության համաձայն` 2012 թվականին 123 երկրների ղեկավարները օգտվել են Twitter սոցիալական ցանցից ժողովրդի հետ հաղորդակցվելու համար, մինչդեռ 2011-ին նրանց թիվը միայն 69-ն էր:

Զեկույցը ներկայացնում է նաեւ այն առաջնորդների տասնյակը, ովքեր ամենաշատ հետեւորդներն ունեն Twitter-ում: Չնայած եվրոպական երկրների մեծ մասում բնակչության 80 տոկոսի համար ինտերնետը հասանելի է, Twitter-ից ակտիվ օգտվող գործիչների տասնյակում ոչ մի եվրոպացի առաջնորդ տեղ չի գտել. Ֆրանսիայի նախագահը միայն 16-րդն է:

Տասնյակը գլխավորում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, նրա յուրաքանչյուր բառին սոցիալական այդ ցանցում 25 միլիոնից ավելի մարդ է հետեւում:

Երկրորդ տեղում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն է՝ մոտ 4 միլիոն վիրտուալ լսարանի հետ Չավեսը վերջերս շփվում էր Կուբայում գտնվող հիվանդանոցից, ուր մեկնել էր վիրահատության:

Երրորդ տեղում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, չորրորդ տեղում` Հորդանանի թագուհի Ռանիան, իսկ հնգյակը եզրափակում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

6-9-րդ տեղերում են Բրազիլիայի, Արգենտինայի, Կոլումբիայի եւ Մեքսիկայի նախագահները, 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG