Մատչելիության հղումներ

Հայաստանում մշակվել է համացանցից օգտվողների թիվը որոշելու նոր բանաձեւ


Հայաստանում համացանցից օգտվողների թվի հստակ բանաձեւ` հաշվարկի մեթոդ, մինչեւ այժմ չկար, եւ բոլոր հաշվարկները մոտավոր են եղել: Սակայն այս տարի Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հատուկ բանաձեւ է մշակել, ըստ որի կորոշվի Հայաստանում համացանցից օգտվողների հստակ թիվը:

Առաջին փուլով կհաշվարկվի 15-74 տարեկան անձանց թվաքանակը: Այնուհետեւ կհաշվարկվի ֆիքսված ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված (լարային) լայնաշերտ եւ dial-up բաժանորդագրությունները: Հաջորդ քայլը առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թվի հաշվարկն է, որը ներառում է USB մոդեմները եւ շարժական կապի WiMax բաժանորդագրությունները: Կհաշվարկվեն նաեւ ստանդարտ շարժական կապի բաժանորդագրությունները:

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ համացանցից օգտվողների թիվը որոշելու մեթոդը մինչեւ օրս չէր համապատասխանում միջազգային չափանիշներին, ուստի համացանցից օգտվող երկրների միջազգային վարկանշային ցուցակում Հայաստանի զբաղեցրած հորիզոնականը կարող էր ոչ հավաստի լինել:

«2013-ի ավարտին արդեն կունենանք համապատասխան վիճակագրության ճշգրիտ տվյալները», - նշեց փոխնախարարը` հավելելով, որ նախարարությունն այդ տվյալները կուղարկի Էլեկտրակապի միջազգային միություն` Հայաստանում համացանցից օգտվողների թիվը այլ երկրների հաշվարկների հետ համեմատելու նպատակով:

«Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով, ամեն երկիր ունի իր համացանցից օգտվողների վիճակագրությունը, եւ որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան բարձր դիրք է գրավում տվյալ երկիրը վարկանշային ցուցակում:

Նախարարության մշակած մեթոդաբանության վերաբերյալ Սաղյանն ասաց, նման քայլը, իհարկե ողջունելի է, սակայն արդյունավետության տեսանկյունից այս բանաձեւը, նրա կարծիքով, թերացումներ ունի, որոնցից է լարային համացանցից օգտվողների թվի անհստակությունը, քանի որ լարային համացանցից կարող է օգտվել ոչ թե մեկ անձ, այլ մի ամբողջ ընտանիք: Մյուս թերություններից է այն է, որ մինչեւ 15 տարեկան լսարանը ներգրավված չի այս բանաձեւի մեջ, մինչդեռ Facebook սոցիալական ցանցի օգտատերերի մի մասը տարիքային այդ լսարանն է կազմում:

please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG