Մատչելիության հղումներ

Ղարաբաղում սիրիահայերի բնակեցման հարցը` Բաքվի ուշադրության կենտրոնում


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարը անդրադարձել է նաեւ Ղարաբաղի օդանավակայանի խնդրին։

Պաշտոնական Բաքուն մտահոգված է եւ ուշադրության կենտրոնում է պահում Ղարաբաղում սիրիահայերի բնակեցման հարցը։ Այդ մասին երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

«Մենք այս հարցը բարձրացրել ենք նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում եւ ընդգծել ենք, որ սա անօրինական քայլ է: Վերաբնակվողների թիվը կարող է եւ մեծ չլինել, բայց, ամեն դեպքում, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում այս հարցը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նորվեգիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Մամեդյարովը անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին եւ պնդել, թե Բաքուն դեմ չի լինի օդանավակայանի վերագործարկմանը, եթե դա դառնա խաղաղության համաձայնագրի կետերից մեկը:

«Օդանավակայանն ինքնին խնդիրներ չի ստեղծում, այն կարող է օգտագործվել մարդասիրական նպատակներով, սակայն այս ամենը պետք է կարգավորվի խաղաղության մեծ փաստաթղթի շրջանակներում», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմն այժմ հետեւողականորեն առաջ է տանում առանց հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու միանգամից խաղաղության համաձայնագիր մշակելու առաջարկը, ինչին դեմ է պաշտոնական Երեւանը։ «Խաղաղ համաձայնությունը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, երբ հենված է հստակ եւ բոլորի համար ընդունելի սկզբունքների վրա», - անցած տարեվերջին Le Figaro-ին տված հարցազրույցում ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը։

Այսօր Ադրբեջանի արտգործնախարարը կրկին պնդել է խաղաղության համաձայնագրին անցնելու անհրաժեշտությունը եւ ասել, թե հայկական կողմը կոտնահարի միջազգային իրավունքի նորմերը, եթե գործարկի Ստեփանակերտի օդանավակայանը առանց Լեռնային Ղարաբաղից եւ շրջակա տարածքներից զորքերը դուրս բերելու։

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, այս դիրքորոշումը պաշտպանել է նաեւ Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարդ էյդը։ «Մենք համաձայն չենք այս հարցում Հայաստանի դիրքորոշման հետ», - ըստ «Ինտերֆաքս - Ադրբեջան»-ի՝ հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարարն ու մանրամասնել` թռիչքները «գրավյալ տարածքների» վրայով անհնար են, այս հարցը պետք է քննարկվի Մինսկի խմբում, եւ կողմերը չպետք է դիմեն «սադրիչ գործողությունների»։

Համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը տեղեկացրել է նաեւ, որ այս ամսվա վերջին ինքն ու Հայաստանի արտգործնախարարը Փարիզում հերթական հանդիպումն են ունենալու Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG