Մատչելիության հղումներ

Բազմամարդ ցույց Մոսկվայում


Ռուսաստան - Բողոքի ցույցը Մոսկվայում, 13-ը հունվարի, 2013թ.
Ռուսաստան - Բողոքի ցույցը Մոսկվայում, 13-ը հունվարի, 2013թ.
Հազարավոր մարդիկ կիրակի օրը Մոսկվայի կենտրոնում մասնակցեցին արտոնված ցույցի, որի ընթացքում բողոք հայտնեցին ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրումն արգելող օրենքի դեմ։

Ըստ ոստիկանների` ցույցին մասնակցել է մոտ 9 հազար 500 մարդ, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ ցույցի մասնակիցների թիվը հասել է 50 հազարի։ Ամեն դեպքում, ակցիայի մասնակիցների թիվը սպասվածից մեծ էր։

Ընդդիմադիր շարժումը Ռուսաստանում վերջին ամիսներին, փորձագետների գնահատմամբ, նախկինի պես ակտիվ չէր, եւ նույնիսկ կարծիք կար, որ ընդդիմության ներուժը սպառվում է։ Երեկվա ցույցը, թերեւս, վկայեց, որ մարդիկ պատրաստ են դուրս գալ փողոց նույնիսկ երբ շատ ցուրտ է։

Ցուցարարներին կազմակերպիչները բաժանում էին պաստառներ` Պետական դումայի լուծարման կարգախոսներով, պաստառներին պատգամավորների լուսանկարներն էին, եւ տակը գրված էր` «Ամոթ»։

Լուրջ միջադեպեր չեն արձանագրվել։ Մասնակիցներն ասում էին, որ ոստիկաններն իրենց չափազանց կոռեկտ էին պահում։

Երթի մասնակից` հայտնի լրագրող Նիկոլայ Սվանիձեն ասում է, որ ակցիային մասնակցել են մեծամասամբ մտավորականները, եւ, ի տարբերություն նախկին ցույցերի, երիտասարդների թիվն այնքան էլ մեծ չէր։

Երթի մասնակիցները երկու շարասյունով անցան Մոսկվայի կենտրոնով` Օղակաձեւ այգով մինչեւ Սախարովի հրապարակ։ Հիմնական կարգախոսը Պետդումայի լուծարման պահանջն էր, սակայն հնչում էին նաեւ ավանդական հակապուտինյան կարգախոսներ։ Ձախ դաշտի առաջնորդ Սերգեյ Ուդալցովը երթի ժամանակ այրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը։

Կիրակի օրը բողոքի ցույցեր տեղի ունեցան նաեւ Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Կիրովում, Կազանում եւ ռուսաստանյան այլ քաղաքներում, սակայն դրանք, ի տարբերություն մոսկովյան ցույցի, մարդաշատ չէին։

Ընդդիմությունը երեկ հայտարարեց, որ գարնանը կվերսկսեն փողոցային ակցիաները։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ երկրի ղեկավարին տեղեկացրել է Մոսկվայում անցկացվող ցույցի մասին։ Սակայն Պեսկովը հավելել է, որ Դումայի լուծարման մասին ցուցարարների պահանջը արժանի չէ լուրջ քննարկման։

Փորձագետների գնահատմամբ` ռուսաստանյան հասարակությունը ներկայումս բաժանված է երկու մասի, սակայն մեծամասնությունը, ինչպես վկայում են տարբեր հարցումներ, այսօր էլ աջակցում է Պուտինին եւ ընդհանրապես իշխանություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG