Մատչելիության հղումներ

Սիրիահայերը հույսեր կապում են Ասադի նոր ծրագրի հետ


Նախագահ Ասադը ողջունում է իր կողմնակիցներին` Դամասկոսի Օպերայում ելույթ ունենալուց հետո, 6 դեկտեմբերի, 2012
Նախագահ Ասադը ողջունում է իր կողմնակիցներին` Դամասկոսի Օպերայում ելույթ ունենալուց հետո, 6 դեկտեմբերի, 2012
Սիրիահայերն ակնկալում են, որ Բաշար ալ-Ասադի՝ խաղաղության հաստատման նոր ծրագրի շնորհիվ 2013 թվականը Սիրիայում խաղաղության տարի կլինի: Հակառակ դեպքում, նրանց կարծիքով, հասարակ ժողովուրդն, ինչպես նաեւ հայկական համայնքը կշարունակի գոյատեւել թշվառության մեջ:

Անցած կիրակի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, Դամասկոսի Օպերայի թատրոնից հեռուստատեսային ուղերձով դիմելով սիրիացիներին, առաջարկել էր ազգային հաշտության գագաթնաժողով անցկացնել եւ նոր Սահմանադրություն մշակել: Սրանով նա, ըստ էության, խաղաղության հաստատման նոր ծրագիր է առաջարկում:

Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաությանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ իրենք աղոթում են Սիրիայում խաղաղություն հաստատման համար: Ռազմական ճանապարհը լուծում չէ, ու դրա արդյունքն ավելի վատը եղավ, նշում է եպիսկոպոսը:

Առնաությանն ասում է, որ հետեւել են Ասադի ելույթին ու հույս ունեն, որ խնդիրը կարող է լուծում գտնել երկխոսության ճանապարհով: Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ այս հակամարտությունում իրենք չեզոք դիրք ունեն: Առնաությանն էլ հավելում է, որ իրենց համար կարեւորը խաղաղության հաստատումն է, ով էլ լինի երկրի ղեկին:

«Աստված տա, որ լավ ղեկավարներ ունենաք», - ասում է նա:

Սիրիական հակամարտության հետեւանքով հայերի շրջանում զոհերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Եպիսկոպոսը նշում է, որ տոնական օրերին Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով հայեր չեն զոհվել, թեեւ ռմբակոծություններն ու կրակոցները նույնիսկ այդ օրերին չեն դադարել: Նա նաեւ ասում է, որ ինչպես անցած ամիսներին, այնպես էլ տոնական օրերին հատկապես երեկոյան ժամերին տնից դուրս գալը վտանգավոր է. - «Ցերեկը կյանքը սովորական է, բայց գիշերը 8-ին, 9-ին ամեն մեկն իր տունն է գնում ապահովության համար»:

Բեյրութում տպագրվող «Ազդակ» օրաթերթի խմբագրապետ Շահան Քանդահարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնում, թե սիրիահայության ու, ընդհանրապես սիրիացի ժողովրդի համար կարեւորն, իսկապես, խաղաղության հաստատումն է, անկախ այն հանգամանքից, թե երկրի ղեկին ով կլինի:

«Կենցաղային խնդիրներն են առաջնային խնդիրները», - շեշտում է Քանդահարյանը:

Սիրիահայ, azad-hye.net պորտալի խմբագիր Հրաչ Քալսահակյանն իր հերթին եւս նկատում է, որ սիրիացիների մեծամասնությունը կենցաղային հարցերի մասին է մտածում, թեեւ Ասադի խաղաղության ծրագիրը իր համակիրների շրջանում մեծ խանդավառությամբ է ընդունվել: Քալսահակայանն կարծում է` եթե Ասադը իր պայքարի ճանապարհին արժանավոր ընդդիմադիրներ չտեսնի խաղաղության ծրագրի իրագործման համար, ապա հայկական համայնքն արնաքամ կլինի՝ մնալով թշվառության մեջ:

«Եթե նա իր առջեւ չի տեսնում արժանահավատ ընդդիմադիրներ, որոնց հետ կկարողանա երկխոսություն սկսել, պարզ է դառնում, որ Սիրիայի մեջ այդ հակամարտությունը ավելի կսաստկանա, եւ այդ պատճառով հայ գաղութը ավելի արնաքամ կլինի, եւ տեղական նյութական միջոցները հայերի պարագայում բավարար չի լինի, որ մեզ հեռու պահեն թշվառությունից, աղքատությունից», - ասում է խմբագիրը:

Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջեւ մոտ երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով այդ երկրում մոտ 60.000 մարդ է զոհվել, մոտ կես միլիոն մարդ փախստական է դարձել:

Օրերս ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հրապարակվել է հայ ակտիվիստ Դանիել Իոննիսյանի նամակն՝ ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին: Այդ նամակով ակտիվիստը կոչ է անում Օբամային առաջարկել Թուրքիայի կառավարությանը բացել հայ-թուրքական սահմանը Սիրիայի փախստականների համար: Հայաստանում այժմ 6000-ից ավելի սիրիահայ կա:
XS
SM
MD
LG