Մատչելիության հղումներ

Հեյգելը` պաշտպանության նախարարի, Բրենանը` ԿՀՎ-ի տնօրենի թեկնածուներ


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման հայտարարում է Ջոն Բրենանին (աջից)՝ ԿՀՎ-ի տնօրենի, եւ Չաք Հեյգելին (ձախից)՝ պաշտպանության նախարարի պաշտոններում առաջադրելու մասին, Վաշինգտոն, 7-ը հունվարի, 2013թ.
ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման հայտարարում է Ջոն Բրենանին (աջից)՝ ԿՀՎ-ի տնօրենի, եւ Չաք Հեյգելին (ձախից)՝ պաշտպանության նախարարի պաշտոններում առաջադրելու մասին, Վաշինգտոն, 7-ը հունվարի, 2013թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը երկուշաբթի օրը կադրային կարեւոր որոշումներ է ընդունել։

«Հեյգելի ղեկավարումը պատմական կլինի»

Բարաք Օբաման երեկ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Չաք Հեյգելին, իսկ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում` Ջոն Բրենանին։ Օրենքի համաձայն, ամերիկյան Սենատը պետք է քննարկի եւ քվեարկությամբ հավանություն տա թեկնածուներին։

Սենատում դեմոկրատներն առավելություն ունեն։ Առաջադրումները բավական վիճելի են գնահատվում։ Հանրապետականների կողմից քննադատություն է հնչել, սակայն, ըստ վերլուծաբանների, նրանք չեն արգելափակի նշանակումները։

Ի դեպ, Հեյգելը նախկինում հանրապետական սենատոր է եղել։ Նա Վիետնամի պատերազմի վետերան է։ Նա դատապարտել է Իսրայելի ղեկավարներին Իրանին հարվածներով սպառնալու համար, իսկ Իսրայելին աջակցող ամերիկացի քաղաքական գործիչներին մի առիթով անվանել է «հրեական լոբբի», ինչը մեծ աղմուկ է առաջացրել մամուլում։

Բացի այդ, Հեյգելը պնդել է, որ հարկ է Իրանի ղեկավարներին ներգրավել Աֆղանստանի խաղաղության բանակցություններում։

Հեյգելը Աֆղանստանից ամերիկյան ուժերը հնարավորինս արագ դուրս բերելու գաղափարի ջատագով է։

«Չաք Հեյգելի ղեկավարումը մեր զինուժի համար պատմական կլինի, նա կդառնա քիչ թվով նախարարներից մեկը, ով վիրավորվել է պատերազմում։ Նա Վիետնամի պատերազմի առաջին վետերանն է, ով կղեկավարի գերատեսչությունը», - ասել է Օբաման։

Բրենանը` հակաահաբեկչական պայքարի ծրագրի հեղինակ

Ջոն Բրենանը 25 տարի ծառայել է Կենտրոնական հետախուզական վարչությունում եւ առանցքային դերակատարություն է ունեցել «Ալ-Ղաիդա»-ի հիմնադիր եւ առաջնորդ Ուսամա բին Լադենին 2011-ին Աֆղանստանում ոչնչացնելու գործողությունը ծրագրելու հարցում։

Ներկայացնելով Բրենանին` նախագահն ասել է, թե ԿՀՎ-ի ղեկավարի թեկնածուն մեկն է, ով գիտակցում է, որ քաղաքական գործիչները հետախուզությունից ակնկալում են փաստեր, հիմնավորված վերլուծություններ եւ արագ փոփոխվող աշխարհի նուրբ ընկալում։

«Անցած 4 տարիների ընթացքում աշխատելով որպես իմ խորհրդական հակաահաբեկչական պայքարի եւ անվտանգության հարցերով, Ջոնը ծրագրել եւ հսկել է ահաբեկչության դեմ պայքարի համապարփակ ռազմավարություն, որի մշակումը պահանջել է ամբողջ կառավարության, այդ թվում` հետախուզական ծառայությունների, պաշտպանության, ներքին անվտանգության եւ իրավապահների համագործակցություն», - ասել է Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG