Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյանը առաջադրվեց նախագահի թեկնածու


Հրանտ Բագրատյանը ելույթ է ունենում իր ղեկավարած «Ազատություն» կուսակցության համագումարում, Երեւան, 24-ը դեկտեմբերի, 2012թ.
Հրանտ Բագրատյանը ելույթ է ունենում իր ղեկավարած «Ազատություն» կուսակցության համագումարում, Երեւան, 24-ը դեկտեմբերի, 2012թ.

Նախկին վարչապետը «գալիս է բերելու նոր բան ստեղծելու մոդելը»։

1993-1996 թվականներին Հայաստանի կառավարությունը գլխավորած, ներկայումս Ազգային ժողովի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը շաբաթ օրը առաջադրվեց Հայաստանի նախագահի թեկնածու:

Հրանտ Բագրատյանը, ով նաեւ «Ազատություն» կուսակցության նախագահն է, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե «գալիս է բերելու նոր բան ստեղծելու մոդելը»:

Հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել, Բագրատյանը պատասխանեց. - «Ասելիք ունեմ։ Երկրի վիճակը բարդ է, չի զարգանում երկիրը, մոդելը, որ գոյություն ունի` լավն է, վատն է, չի զարգացնում։ Մարդը առավոտ չի վեր կենում, որ մտածի` «գնամ մի բան ստեղծեմ», էդ մեխանիզմը չկա»։

«Ավելի վատ բան է տեղի ունեցել` երկիրը, ասենք, գտնվում է 10, 20 կամ 120 մարդու ձեռքը։ Պետք է հարյուրավոր հազարներ աշխատեն, ամեն օր մտածեն` ոնց մի բան, կրեատիվ մի բան ստեղծենք, որ երկիրն առաջ գնա, լինի տնտեսություն, լինի մշակույթ` չկա էդ մոդելը։ Գալիս եմ էդ մոդելը բերեմ», - ասաց նախկին վարչապետը` հիշեցնելով. - «Իսկ ես ժամանակին առաջնորդն եմ եղել տնտեսական բարեփոխումների` ամենասկզբից, որոնք համարվել են լավագույնը Համաշխարհային բանկի կողմից, առաջին սերնդի բարեփոխումների։ Հիմա գալու եմ գործը շարունակեմ»։

«Երկիրը խո՛րը ճգնաժամի մեջ է, եւ խնդիրը այս կամ այն անձը չէ նույնիսկ։ Լուծումները, որ եղել են տարիների ընթացքում վերջին, հատկապես 15 տարվա որ կուտակվել է, եւ այլն, եւ այլն, չեն բերել մի վիճակի, որ մեր երկիրը մրցունակ լինի` չունենք մրցունակ երկիր», - ընդգծեց Բագրատյանը` հավելելով. - «Եվ առաջին հերթին` մարդը... Ի՞նչ է մտածում միջին հայը` մի լավ գործ դրսում ճարի, գնա։ Մեր մտքով էլ անգամ չի անցնում, որ մենք լավ արժեքներ կարող ենք Հայաստանում ստեղծել»։

Իր հիմնական ուղերձը հանրությանը, Բագրատյանի խոսքով, հետեւյալն է. - «Ես ձեզ աշխատելու հնարավորություն կտամ»։

Վերջին շրջանում հատկապես ընդդիմադիր շրջանակներում շատ է խոսվում, որ առաջադրումներ են լինում նախագահական ընտրություններում` Սերժ Սարգսյանի վերընտրվելը լեգիտիմացնելու նպատակով։ Այդ տեսակետը նախկին վարչապետը անհեթեթություն է համարում. - «Նույնն է, ոնց որ մարդուն մեղադրես` ինչո՞ւ ես ծնվել, որովհետեւ մի օր մեռնելու ես»։

«Եթե փորձենք գնահատական տալ ստեղծված քաղաքական իրավիճակին` Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը որոշում կայացրեց չառաջադրվել, Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը։ Սրանք ազդեցիկ քաղաքական ուժեր են. ի՞նչ կարող եք ասել, ինչո՞ւ դա այդպես եղավ», - այս հարցին Հրանտ Բագրատյանը արձագանքեց. - «Չեմ կարող ոչինչ ասել, այդպես ստացվեց»։

Նա հայտնեց, որ իր համար անակնկալ չէր ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը. - «Այդ մասին լուրջ խոսակցություն եղել է, եւ հավանականությունը մեծ էր»։

Հարցին էլ` ակնկալո՞ւմ է արդյոք, որ ՀԱԿ-ը կաջակցի իրեն ընտրություններում, նախկին վարչապետը պատասխանեց. - «Մենք մի թիմ ենք, էլի աշխատում ենք, աստիճանաբար, այսպես ասեմ, էդ տաք ռեակցիան կանցնի, եւ, եթե ոչ ամբողջ Կոնգրեսը, որոշակի ուժեր` այո»։

Նախագահական ընտրությունների ընթացքի եւ հետընտրական զարգացումների իր կանխատեսումների վերաբերյալ Բագրատյանը ասաց. - «Առաջ չեմ ուզում ընկնել, որովհետեւ այսօրվա առաջին խնդիրն է, որ շուտով արդեն առաջադրվելուց, գրանցվելուց հետո կդիմենք գործող իշխանություններին` ցուցակները կարգի բերելու։ Այնուամենայնիվ, կարծում եմ, շատ լարված պայքար է սպասվում»։

Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013 թվականի փետրվարի 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG