Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան. «Տարին փակում ենք քաղաքական ամայացած դաշտով»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Հայ ազգային կոնգրեսի մյուս ղեկավարները Հայոց համազգային շարժման համագումարի ժամանակ, Երեւան, 22-ը դեկտեմբերի, 2012թ.
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Հայ ազգային կոնգրեսի մյուս ղեկավարները Հայոց համազգային շարժման համագումարի ժամանակ, Երեւան, 22-ը դեկտեմբերի, 2012թ.

Այդուհանդերձ, ՀՀՇ-ի նախագահը եւ ՍԴՀԿ-ի ատենապետը ճիշտ են համարում ՀԱԿ-ի վերջին որոշումը։

Առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու, որեւէ այլ թեկնածուի չսատարելու` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղխորհրդի որոշումը լուրջ քննադատության արժանացավ։

Այդ քննադատություններին Կոնգրեսի անդամ, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապատ Լյուդմիլա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես հակադարձեց` քննադատում են նրանց, ովքեր ինչ-որ բան են անում։

Իրենց կայացրած որոշումը Սարգսյանը ճիշտ է համարում` ասելով, որ անիմաստ են համարում նախագահական ընտրություններում բոլորի մասնակցությունը, քանի որ ստեղծված իրավիճակում ընտրություններն մասնակցել` նշանակում է Սերժ Սարգսյանի փայլուն հաղթանակն ապահովել։


«Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է»


«Որքան էլ մենք չընդունենք Սերժ Սարգսյանին, այս թեկնածուների պարագայում նա, միանշանակ, մրցակցությունից դուրս է` ունենալով լրջագույն ադմինիստրատիվ ռեսուրսներ, ֆինանսական լծակներ, քրեաօլիգարխիկ համակարգը, որը այս դեպքում ես հույս ունեմ, որ գործի չի դրվի, եւ միգուցե սրա արդյունքում Սերժ Սարգսյանը կարողանա կախվածությունից դուրս գալ, կրիմինալից, քրեաօլիգարխիկ համակարգից, եւ դրա արդյունքում միգուցե եւ դառնա նախագահ եւ գիտակցի, որ վերջին շրջանը նախագահության գոնե ծառայեցնի ժողովրդի նպատակներին եւ փորձի բարեփոխել քիչ թե շատ Հայաստանում կյանքը», - հայտարարեց ՍԴՀԿ-ի ատենապետը։

«Այսինքն` օգնում եք Սերժ Սարգսյանին», - այս դիտարկմանը Լյուդմիլա Սարգսյանը արձագանքեց. - «Ոչ, ես այդպես չէի ասի, բայց նա այսօր շանս ունի»։

Եթե ամեն ինչ կանխորոշված է, այդ դեպքում Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) համագումարում ինչո՞ւ հորդորեց Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջադրվել` այս հարցին էլ ՍԴՀԿ-ի ղեկավարը պատասխանեց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում, ես կարծում եմ, մրցակցությունը շատ ավելի լուրջ կլիներ, ու չեմ բացառում, որ ընտրություններից հետո եւ հետընտրական զարգացումներ կլինեին, եւ չեմ բացառում, որ երկրորդ փուլ կարող էր առաջանալ, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մենք` նրա հետ միասին, պայքարելու էինք հաղթելու համար: Մյուսները կարծես թե նման տրամադրվածություն չունեն։ Իհարկե, [«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ] Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է` «գնում եմ հաղթելու», բայց շատ լավ գիտենք` ինչքան հնարավորություն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ թվում նաեւ` Հրանտ Բագրատյանը, իսկ մյուսների մասին նույնիսկ չեմ էլ ուզում խոսել»։


«Ցավում եմ, որ Բագրատյանը շտապեց»


Թե ինչու իրենք չպաշտպանեցին Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին` Սարգսյանը այդ կապակցությամբ ասաց. - «Ես կարծում եմ, որ Հրանտ Բագրատյանը պիտի նման հայտարարությամբ հանդես չգար Լեւոն Տեր-Պետրոսյանից առաջ, ավելին` քանի որ մենք Հրանտ Բագրատյանի հետ հինգ տարիներ ամենամտերիմ ընկերներ ենք եղել, ես ցավում եմ, որ նա շտապեց»։

«Խնդիրը նույնիսկ Բագրատյանի մեջ չէ, այլ ընդհանուր պրոցեսի մեջ է։ Քանի որ մենք չենք տեսնում, որ թեկնածուներից մեկը կարող է մրցակցել այսօր գործող նախագահի հետ` ոչ թե արժանիքներն է նրանց քիչ, այլ ընտրական մեխանիզմներն են ոչնչացած, հետեւաբար, անիմաստ ենք համարում աջակցել նրան եւ լեգիտիմացնել», - հավելեց ՍԴՀԿ-ի ղեկավարը։

Հարցին` եթե Բագրատյանը որոշի լքել Կոնգրեսը, կափսոսա՞ն, Սարգսյանը պատասխանեց. - «Եթե նա համարում է, որ թիմից դուրս պիտի որոշումներ կայացնի, անհատական որոշումներով առաջնորդվի, այդ դեպքում` բարի ճանապարհ»։


Տեր-Պետրոսյանը չի հուշել


Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումը, որից հետո Հայ ազգային կոնգրեսը կանգնեց առաջիկա ընտրություններում իր մասնակցության ձեւաչափը ճշտելու խնդրի առջեւ, Լյուդմիլա Սարգսյանը չցանկացավ քննարկել, ասաց` նա գիտի` ինչ հաշվարկ է անում։

ՍԴՀԿ-ի ղեկավարի խոսքով, Կոնգրեսի վերջին որոշումը Տեր-Պետրոսյանը չի հուշել` իրենք են կայացրել։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց Հայոց համազգային շարժման ղեկավար Արամ Մանուկյանը, այդ որոշումը կայացվել է միաձայն, չնայած նիստին ներկայացուցիչ ունեցած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, Կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանը ուրբաթ օրը ասել է, որ չի միանում այդ հայտարարությանը։

«Նիստը անգամ ընթացել է շատ հանգիստ, շատ խաղաղ, առանց կոնտրարգումենտների, եւ միաձայն է ընդունվել այդ որոշումը։ Մենք հույս ունեինք Լեւոն Տեր-Պետրոսյանով հաղթել, գնում էինք հաղթանակի, այլ թեկնածու` մենք այդ հույսը չենք տեսնում։ Եվ մասնակցել հանուն մասնակցության` դա մեզ համար չէ», - ասաց Մանուկյանը։


«Սա շատ լուրջ քաղաքական որակ է»


ՀՀՇ-ի ղեկավարը նկատեց, թե դա միայն ներկոնգրեսական որոշում չէ. - «Դա ստացվեց շատ ավելի լայն ֆորմատով` «Բարգավաճ»-ը` նույն պատճառներով, Դաշնակցությունը` նույն հիմնավորումներով, փաստորեն, չի մասնակցելու նախագահական ընտրություններին։ Եվ սա շատ լուրջ նոր քաղաքական որակ է»։

«Մենք տարին փակում ենք քաղաքական ամայացած դաշտով։ Այն երկիրը, որը ընդդիմություն չունի ֆորմալացված, եւ ընդդիմությունը չի մասնակցում ընտրություններին, ինքը շատ լուրջ պրոբլեմներ է ունենում արտաքին դաշտում։ Սերժ Սարգսյանը այսքանը չի հասկանում», - նշեց Արամ Մանուկյանը։

Վերջին որոշումից հետո Հայ ազգային կոնգրեսին քննադատողները նաեւ ասում էին, որ չմասնակցելով համապետական կարեւորագույն իրադարձությանը` նախագահական ընտրապայքարին, ուժը կփոշիանա, ընդդիմադիր միավորումից նաեւ որոշումից դժգոհների արտահոսք կլինի։ Այդ կապակցությամբ Մանուկյանը հայտարարեց. - «Ամենեւին փոշիանալու խնդիր չկա։ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնում է շարժման գլուխ։ Այս պահին քննարկումներ ենք անում, մտածում ենք հեռանկարի, շարժման հաջորդ փուլի, հաջորդ ձեւերի, դրսեւորումների վերաբերյալ` ինչպես կարող է ձեւափոխվել, որովհետեւ ուզես թե չուզես` արձանագրվում է նոր փուլ, նոր էտապ»։


Կոնգրեսը իր ընտրողներին դեռ կկողմնորոշի


Թեեւ Հայ ազգային կոնգրեսը ընտրություններին չմասնակցելու որոշում է կայացրել, բայց, Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, իր ընտրողներին դեռ կկողմնորոշի` դիրքորոշում, որը վերջին հայտարարության մեջ չէր հստակեցվել։

«Մինչեւ նախագահական ընտրություններ բավականին մեծ ժամանակահատված կա, հետեւաբար` մենք դեռ կարող ենք ե՛ւ ուղղորդել, ո՛ւ հուշումներ անել, թե որ թեկնածուին կարելի է ձայները տալ, կարող ենք նաեւ, իհարկե, ասել` ընտրողաբար, ինչպես ճիշտ եք համարում», - ասաց ՍԴՀԿ-ի ատենապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG