Մատչելիության հղումներ

9-ամյա երեխան փախել է Երեւանի թիվ 1 գիշերօթիկից


Մոտ մեկ շաբաթ է, որ Տիգրան Պապիկյան անունով 9-ամյա մի տղա կացարան է գտել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցության կենտրոնում:

Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից փախուստի դիմած երեխային Մարդու իրավունքների Պաշտպանի արագ արձագանքման խումբը գտել էր Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում:

«Բավականին վախեցած էր ու պատմում էր, որ իրեն շատ վատ են վերաբերվում այդ հաստատությունում, պարբերաբար ծեծում են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց Պաշտպանի գրասենյակի երեխաների պաշտպան Աիդա Մուրադյանը, - «Մենք տեղում հասկացանք, որ երեխան առաջին անգամը չէր, որ փախնում էր, որովհետեւ գետնանցումում բոլոր աշխատակիցները ճանաչում էին այդ երեխային»:

Երեխայի օրինական խնամակալը պապիկն է, նաեւ քեռին է ինչ-որ չափով պատասխանատվություն կրում տղայի համար: Երեխան ունի մայր, որը բանտում է:

«Գիտեմ, որ այնտեղ ինչ-որ իրենից մեկ֊երկու տարի մեծ երեխա կա, դա է իրենք խփել: Նեղվել է, թողել փախել է այնտեղից», - մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց Տիգրանի քեռին:

ՀՕՖ-ում հոգեբաններն ու երեխայի հետ շփվող մյուս մասնագետները խորհուրդ չտվեցին նրա հետ խոսել: Հիմնադրամի փոխտնօրեն Ռամոնա Կտակյանը կարծիք հայտնեց, որ պապն ու քեռին երեխայով շատ հետաքրքված չեն, իսկ փողոցում երեխան զբաղվել է մուրացկանությամբ:

Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Մարինե Հովհաննիսյանը հրաժարվեց խոսել մեզ հետ՝ ասելով, որ դիմենք համապատասխան մարմնին, այսինքն` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունից էլ Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ` Լալա Ղազարյանը մեզ հայտնեց, որ ծեծի հանգամանքը չի հաստատվել: Ուսուցիչը հերքում է այդ ամենը:

Տիգրանի ճակատագիրը դեռ անհայտ է: Նոր տարին նա հաստատ կդիմավորի ՀՕՖ-ում, իսկ թե ինչպես կլուծվի նրա կրթությունը շարունակելու հարցը, պարզ կդառնա միայն այս պատմության մութ անկյունները բացահայտելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG