Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանին հաստատեց 2013-ի բյուջեն


Գյումրիի քաղաքապետարանի շենքը
Գյումրիի քաղաքապետարանի շենքը
Գյումրիի ավագանին հինգշաբթի օրը հաստատեց քաղաքի 2013 թվականի բյուջեն: Այն կազմում է մոտ 3 միլիարդ 73 միլիոն դրամ, որը նախորդ տարվա բյուջեի նկատմամբ 8.2 տոկոսի աճ է արձանագրել:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ավելի քան 1 միլիարդ դրամի պարտք էր թողել: Բալասանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ քաղաքապետարանը վարկով գումար է ստացել, որպեսզի կարողանա աշխատակիցների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը վճարել եւ պարտքի բեռը թեթեւացնել:

«Մենք կարողացանք կառավարության աջակցությամբ 300 միլիոն դրամ ստանալ, կարողացանք ուղղակի աշխատավարձերը եւ որոշ պարտքեր փակել: Ցածր տոկոսադրույքով վարկը տարվա ընթացքում մենք պետք է ետ վերադարձնենք», - ասաց Բալասանյանը` պարզաբանելով, որ վարկը տրամադրվել է 0.1 տոկոսադրույքով:

«Մարդիկ պետք է Նոր տարի անեն, ի՞նչ անեինք, աշխատավարձ չտայի՞նք», - հարցրեց քաղաքապետը:

Գյումրիի քաղաքի բյուջեով քաղաքի մուտքն ազդարարող կամարի շինարարության համար նախատեսվում է ծախսել 50 միլիոն դրամ: Պարզվում է` նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Հայոց 12 թագավորների արձաններ է պատվիրել: Գումարի կեսը` 13 միլիոն դրամը նա վճարել է քանդակագործին եւ պայմանագիր կնքել մնացած մասն էլ վճարելու համար: Արձանները պատրաստ են, իսկ քաղաքի ներկայիս իշխանությունները դրանց տեղադրման վայրի հարցը փորձում են լուծել կամար կառուցելու միջոցով: Ինչպես քաղաքապետն է պարզաբանում, թագավորների արձանները պետք է «հավաքվեն» այդ հաղթակամարի վրա:

Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը առաջարկեց հետաձգել կամարի կառուցումը` համարելով անտեղի 50 միլիոն դրամի ծախսը: Բարսեղյանը մատնանշեց քաղաքի` ավելի հրատապ խնդիրները` անօթեւանությունը, քանդված փողոցները եւ այլն:
Այնուամենայնիվ, բյուջեում կամարը կառուցելու գումարը ներառվեց:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ երկու ամսվա ընթացքում իրենց հաջողվել է մոտ 243 միլիոն դրամի հարկ ու տուրք հավաքել:

«Չէի սպասում, որ այդքան գումար կհավաքագրվի», - ասաց Բալասանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG