Մատչելիության հղումներ

Երեք թեկնածուներ առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել ԿԸՀ


Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր (ԿԸՀ) փաստաթղթեր են ներկայացրել երեք հոգի՝ «Ազգային ինքնորշում միավորման» (ԱԻՄ) ղեկավար Պարույր Հայրիկյանը, անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ անկուսակցական, որեւէ տեղ չաշխատող Մհեր Հայրապետյանը:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նա նշեց, որ երեքն էլ ինքնառաջադրման մասին դիմում են ներկայացրել հանձնաժողով՝ խնդրելով իրենց գրանցել որպես նախագահի թեկնածուներ:

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօր առաջինն է իր փաստաթղթերը ներկայացրել հանձնաժողով: Հայրիկյանը սա համարելով պատահականություն՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ինքը ընկալվում է որպես «իր գործը շարունակելու ամենահավանական թեկնածուն»:

«Քանի որ մենք այսօր խոսում ենք Հայաստանում ժողովրդավարության, այսինքն ազատ Հայաստանի մասին է հիմնական խոսակցությունը, իսկ ես ժամանակին ասպարեզ եմ իջել ժողովրդավարության հիմք հանդիսացող ինքորոշման սկզբունքով, այդ սկզբունքը դարձրել եմ կազմակերպության անուն եւ դարձրել մեր ժողովրդի սեփականությունը, այսօր այդ գործը շարունակելու ամենահավանական թեկնածուն բոլոր առողջ մարդկանց կողմից ընկալվում եմ ես: Նույնիսկ ինձ թելադրեցին այսպիսի կարգախոս` «Լավագույն տանտերը կարող է լինել այդ տունը կառուցողը»:

«Հայաստանում ընտրողների վրա ճնշումներ չեն կարող լինել»

Այսօր ԿԸՀ-ում կայացած հերթական նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ընտրողների վրա ճնշումներ չեն կարող լինել: «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե չի ազդի արդյոք վարչական ռեսուրսների կիրառումը քվեարկության ելքի վրա, Մուկուչյանը բացասական պատասխանեց:

«Այդ մասին բավականին շատ է ասվում, որ ընտրողների նկատմամբ ճնշումներ եւ այլն… ես, համենայնդեպս, եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ունեմ ընկերներ, բարեկամներ, գոնե իմ ընկերների, բարեկամների, ծանոթների շրջանում ես չեմ տեսել որեւէ մի դեպք, որ մեկին ճնշեն ու ստիպեն քվեարկել այս կամ այն անձի օգտին: Պետք է նկատի ունենալ մի բան. այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ քաղաքացի, որը համոզված չլինի նրանում, որ քվեախցում տված քվեի նկատմամբ վերահսկողություն որեւէ մեկը չի կարող կիրառել, եւ արդեն յուրաքանչյուրն է գիտակցում, որ նման բարոյական ճնշումները, երբ անձը մտնում է քվեախուց եւ իրականացնում գաղտնի քվեարկությունը, կարող է ունենալ ճիշտ հակառակ էֆեկտը, այսինքն անձը մտնի եւ կատարի այն քվեարկությունը, որը պետք է կատարեր», - ասաց Մուկուչյանը:

Մինչդեռ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակն անցած մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքում Հայաստանի իշխանություններին հորդորել էր զերծ մնալ ընտրողների վրա ճնշումներից: Եվրոպացի դիտորդները նաեւ առաջարկել էին Հայաստանի իշխանություններին փոխել Քրեական օրենսգիրքը եւ հետապնդումների չենթարկել այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառքների մասին հաղորդում կներկայացնեն իրավապահ մարմիններին, բարեփոխել ընտրողների ռեգիստրը, երաշխավորել, որ ընտրություններին առնչվող հանցագործություն կատարած բոլոր անձինք կանգնեն արդարադատության առջեւ:

Մուկուչյանը նշում է, որ դիտորդների առաջարկները, որոնք վերաբերում են կազմակերպական մասին, հաշվի են առնված ու արդեն առաջիկա ընտրությունների ժամանակ դրանք կկիրառվեն: Իսկ այն առաջարկները, որոնք վերաբերում են օրենսդրական մասին, ԿԸՀ-ի նախագահի կարծիքով, ընտրություններից կարճ ժամանակ առաջ կիրառելը ճիշտ չէ: Թեեւ, ինչպես նշում է նա, օրենսդրության փոփոխության մասով արդեն կան օրինագծերի փաթեթներ:

Մուկուչյանը հավաստիացնում է, որ խորհրդարանական ընտրություններին դիտորդների կողմից արձանագրված թերությունները նախագահական ընտրությունների ժամանակ չեն լինի:

«Առաջիկայում, հատկապես քարոզարշավի ժամանակահատվածում կլինեն, իհարկե, առանձին ուսումնասիրության առարկա, եւ համոզված կարող ենք փաստել, որ նկատված թերությունները, որոնք ունեցանք ԱԺ ընտրությունների ժամանակ, դրանք այս անգամ չեն արձանագրվի», - ասաց նա:

ԿԸՀ-ի նախագահը վստահեցնում է, որ Ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել:

ԿԸՀ-ն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց 2013 թվականի նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով հրավիրել միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին: ԿԸՀ դեռեւս մեկ միջազգային կազմակերպություն դիմել` Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES), որը հիմնադրվել է Հոլանդիայում եւ մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսրայելում: Այս կազմակերպությունը դիտորդական առաքելություն էր իրականացրել նաեւ անցած խորհրդարանական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG