Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսության տարբեր ոլորտներում աճ է արձանագրվել


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դրական է գնահատում այս տարի կատարված աշխատանքները, նշելով, որ գյուղատնտեսության տարբեր ոլորտներում աճ է արձանագրվել։

«Կատարված աշխատանքներ կան, բայց դեռեւս չլուծված խնդիրներ շատ ունենք։ Բայց ընդհանուր առմամբ կարելի է համարել տարին դրական, լավ տարի։ Այս տարի մենք ինչպես բուսաբուծության ոլորտում, այնպես էլ անասնապահության ոլորտում բոլոր առումներով ունեցանք աճ։ Նույնիսկ պտղի առումով մենք մոտավորապես 70 տոկոսի աճ ունենք, եւ անասնապահության ոլորտում մեր աճը կկազմի մոտավորապես 3.85-4 տոկոսի սահմաններում՝ անասնապահության մթերքների արտադրության ծավալները», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սերգո Կարապետյանը։

Նախարարի խոսքերով, այս տարի գյուղացիների աջակցման մի շարք ծրագրեր են իրականացվել։ Օրինակ՝ ցածր տոկոսադրույքով վարկեր են տրամադրվել գյուղացիներին, մատչելի գներով դիզելային վառելիք եւ պարարտանյութ։

Եթե անցած տարիներին վերամշակող ձեռնարկությունները գյուղացու պարտքը հանձնած բերքի դիմաց վճարում էին մինչեւ հաջորդ տարվա գարուն, ապա այս տարի մինչեւ տարեվերջ կմարվեն բոլոր պարտքերը, ասում է Սերգո Կարապետյանը։

Մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցած տարբեր մարզերում բնակվող գյուղացիներն ասում էին, որ, օրինակ՝ հողագործությամբ զբաղվելը եկամտաբեր չէ եւ տարեցտարի ավելի մեծ թվով մարդիկ են հրաժարվում մշակել իրենց հողերը։ Ասում են՝ ծախսերը շատ են, ստացած բերքն էլ կամ չեն կարողանում իրացնել, կամ էլ վաճառքից հետո շահույթ գրեթե չեն ունենում։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ գյուղատնտեսության զարգացմանը ուղղված բազմաթիվ ծրագրերից հետո գյուղացին ի վերջո չի կարողանում շահույթ ստանալ ու գոհ մնալ իր աշխատանքից, գյուղատնտեսության նախարարը պատասխանեց․ - «Սա լուրջ խնդիր է մեզ համար, որովհետեւ այս ձեւով գյուղատնտեսությունը չի զարգանալու, մի քանի տարի հետո հնարավոր է, որ մենք այս ցուցանիշներն էլ չունենանք։ Դրա համար մենք պիտի անպայման կազմակերպենք տնտեսությունների խոշորացում, գյուղատնտեսական տնտեսությունների միավորում, բայց ոչ թե ստիպողաբար, այլ իրենց կամքով։ Իրենք պիտի միավորվեն կոոպերատիվներ ստեղծեն։ Մարդը ունի ընդամենը կես հեկտար հող։ Ինչքան էլ թանկարժեք մշակաբույս մշակի, դրանից ինքը շատ մեծ շահույթներ չի կարող ստանալ, որ իր ընտանիքի ամբողջ տարվա հոգսը հոգա»։

Ազգագրագետ Հրանույշ Խառատյանը համոզված է, որ կոոպերատիվների ստեղծումը չի կարող օգնել գյուղացուն, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում խոշոր հողատերերի դաս է ձեւավորվել, որոնց հետ չի կարող մրցել անգամ ամենամեծ կոոպերատիվը։

«Գյուղատնտեսությունն արդեն եկամտաբեր է, բայց գյուղատնտեսությունը եկամտաբեր է մի քանի մարդու համար։ Այսօր ակնհայտ է, որ Հայաստանում ինչ գյուղատնտեսական կոոպերատիվ էլ որ ստեղծեն, գործնականում ինքը չի կարող մրցակցել խոշոր հողատերերի հետ, որոնք մնացած ամեն ինչից բացի հիմնականում նաեւ վարչական լծակների են տիրապետում։ Հովիկ Աբրահամյանն է խոշոր հողատերը, Մանվել Գրիգորյանն է խոշոր հողատերը․․․», - ասում է ազգագրագետը։

Հրանույշ Խառատյանը անիմաստ է համարում կոոպերատիվների ստեղծման տարիներ շարունակվող փորձերը, եւ համոզված է, որ Կառավարությունը մանր հողակտորներից արդեն վերջնականապես զզված գյուղացիներին այլ տնտեսական լուծումներ պետք է առաջարկի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG