Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախարարը գոհ է 2012-ի արդյունքներից


Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, արխիվ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, արխիվ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մտադիր չէ հրաժարական ներկայացնել՝ կատարելով բնապահպանների պահանջը։

Արամ Հարությունյանը, այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, դրական գնահատեց նախարարության եւ ակտիվիստների հարաբերությունները՝ վստահեցնելով, թե դա առողջ համագործակցություն է։

«Մենք բնապահպանական կառույցների, հանրային հատվածի, ակտիվիստների հետ մշտական համագործակցության, քննարկումների մեջ ենք։ Ցավոք սրտի նաեւ լինում են դեպքեր, երբ խնդիրը անհարկի ուռճացվում է, բայց մենք դրանից չենք կաշկանդվում», - մասնավորապես ասաց նախարար Արամ Հարությունյանը, - «Հրաժարականի հետ կապված հարց բարձրացրեցիք։ Բնականաբար, դա իրենց իրավունքն է։ Մեր նախարարությունում շատ լավ թիմ կա, ունենք գիտությունների դոկտորներ, լավ մասնագետներ եւ մեր նախարարության թիմը նախարարի գլխավորությամբ պատրաստ է իր առջեւ դրված խնդիրները լուծելու եւ կարգավորելու»։

Նախարարը գոհ է 2012-ի արդյունքներից։ Իր ղեկավարած կառույցի գլխավոր ձեռքբերումներից է համարում Արփի լիճ ազգային պարկի գործարկումը։

Իսկ տարվա բացթողմանը վերաբերող հարցին Արամ Հարությունյանը ուշագրավ պատասխան տվեց․ - «Աշխատանքի մեջ թերություններ լինում են։ Բացթողումներից, մասնավորապես, կարող եմ հատուկ շեշտել ամենախոշոր մեր բացթողումը, որը ձեզ հետաքրքիր է, դա Սեւանա լիճ բաց թողնված 366 հազար մանրաձուկն է»։

Նախարարն ընդունում է, որ տարեցտարի մեծանում է քննադատությունը Բնապահպանության նախարարության նկատմամբ, բայց, ասաց, նորմալ է՝ դա համաշխարհային գործընթացներով է պայմանավորված։

«Աշխարհում բնապահպանական խնդիրները փոխվում են, շրջակա միջավայրի խնդիրները փոխվում են, վերջին հաշվով՝ կլիման փոփոխվում է։ Սա միայն Հայաստանի Հանրապետությանը չի հուզում։ Աշխարհում պրոցեսները փոխվում են եւ մենք միշտ կողմ ենք առողջ քննադատության», - պարզաբանեց Արամ Հարությունյանը։

Քաջարան գյուղի մասով նախարարությունը ոչ անելիք, ոչ էլ իրավասություն ունի, հայտարարեց Արամ Հարությունյանը: Գյուղը կառավարության որոշմամբ պետք է տարհանվեր դեռ տարեսկզբին, որպեսզի տարածքում հանքարդյունաբերական աշխատանքներ սկսվեին, սակայն բնապահպանների եւ գյուղացիների դիմադրության պատճառով որոշումը անորոշ ժամկետով սառեցված է:

Խոսրովի արգելոցի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի տոնական արձակուրդից հետո. Արամ Հարությունյանը արգելոցի տնօրենի նոր մրցույթ կհայտարարի։ Մինչ այդ նախարարը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել արգելոցի նախկին աշխատակից Հրաչյա Հովակիմյանին, բայց նա արգելոցի տնօրենի պաշտոնի հիմնական հավակնորդը չէ, վստահեցրեց նախարարը` խոստանալով, որ թափանցիկ մրցույթ է անցկացնելու:

Տարվա բնապահպանական ամենաթեժ կետերից մեկին` Մաշտոցի պուրակի շուրջ զարգացումներին բնապահպանության նախարարությունը հետեւել է կողքից, Արամ Հարությունյանի կարծիքով, չարժեր միջամտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG