Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն թեկնածուների գրանցման առաջին օրը ոչ մի դիմում չի ստացել


Կենտրանական ընտրական հանձնաժողովի շենքը
Կենտրանական ընտրական հանձնաժողովի շենքը
Այսօրվանից սկսվել է նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ընդունումը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանձնաժողովը այսօր որեւէ դիմում չի ստացել: Թեկնածուները կարող են իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնել մինչեւ հունվարի 4-ը ժամը 18.00-ն:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք վերջին տասը տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք հատկացնելու 9 դիմում են ստացել: Դրանցից 4-ին արդեն տեղեկանքը հատկացվել է: Նրանք են էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Ռադիո հայի» տնօրեն Անդրեաս Ղուկասյանը եւ բժշկուհի Զարուհի Հարությունյանը:

Երեկ անձնագրային եւ վիզաների վարչություն մշտական բնակության տեղեկանք ստանալու դիմում են ներկայացրել եւս հինգ հոգի: Նրանք են՝ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտը Բագրատյանը եւ ոմն Մհեր Հայրապետյան:

Քոչարյանը նշեց, որ ըստ կարգի, տեղեկանքը հատկացվում է եռօրյա ժամկետում:
Մշտական բնակության վերաբերյալ տրվող տեղեկանքը ներկայացվում է ընտրություններին որպես թեկնածու գրանցելու համար: Ենթադրվում է, որ անձնագրային ու վիզաների վարչություն դիմած ու տեղեկանք ստացած քաղաքացիները առաջիկա օրերին իրենց փաստաթղթերը կներկայացնեն ԿԸՀ:

2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում իրենց առաջադրվելու մտադրության մասին հայտարարել են 5 հոգի՝ իշխող կուսակցության ղեկավար, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ինչպես նաեւ էպոսագետ Վարդան Սեդրակյանը։

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն հայտարարել է, որ չի առաջադրվի: Ընդդիմադիր դաշինքը այլ թեկնածուի առաջադրման մասին դեռեւս որեւէ հայտարարություն չի արել:

Առաջադրումը կտեւի մինչեւ հունվարի 4-ը, որից հետո կսկսվի թեկնածուների գրանցման գործընթացը Այն կավարտվի հունվարի 14-ին:

Նախընտրական քարոզչությունը սկսվելու է հունվարի 21-ից եւ շարունակվելու է մինչեւ փետրվարի 16-ի ժամը 24.00-ը: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն 2013 թվականի փետրվարի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG