Մատչելիության հղումներ

Կիսաքանդ տնակի բնակիչները Ձմեռ պապիկից «Ֆերրարի» ու «Ջիփ» են խնդրում


Երեւանի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող կեղտոտ տնակի ինքնաշեն ծխնելույզից ծուխ է բարձրանում։

Տնակի տերը՝ Արմենը, 20 տարի է՝ տնակն այս փողոցից այն փողոցն է տեղափոխում։ Գոհարը այս տնակ է հարս եկել, ու Արմենի հետ այս տնակում են մեծացնում 4 արու զավակներին՝ 12-ամյա Գալուստին, 6-ամյա Էռնեստին, 4-ամյա Հովսեփին ու 1 տարեկան Էրիկին։

«Թղթերը սկեսրայրս տարավ տվեց քաղաքապետարան, պատասխան եկել է՝ ֆոնդ չունենք ձեզ տուն տալու», - պատմում է բազմազավակ ընտանիքի մայրը։

Արմենն էլ պատմում է, որ քաղաքապետարանը ցանկացել է նրան իր տնակով տեղափոխել մեկ այլ վայր՝ կրկին անօրինական հողատարածք։

«Հյուրեր են գնում գալիս, սա ընդհանուր մագիստրալ ճանապարհ է․․․ հյուրերը գնում գալիս են, ասում են՝ սա ի՞նչ է, հայի ընտանիքի վիճակը՝ չեք կարողանո՞ւմ օգնել», - մեկնաբանում է նա։

Արմենը հրաժարվել է տեղափոխել տնակը։

Նա տունը կորցրել է 90-ականներին՝ «էն խառը ժամանակներում»։ Իր խոսքով՝ 15-20 տարի մետաղ է հավաքել ու հանձնել՝ այդպիսով հաց վաստակելով, սակայն այժմ «ֆիզիկականը չի ներում» այլեւս։ Ընտանիքը ապրում է միայն երեխաների համար սահմանված նպաստով։

«Որ ձեռքս գումար ընկնում է, ջրաներկ կամ յուղաներկ առնում եմ՝ զբաղվում եմ, որ ցվրվեմ», - պատմում է տանտերը։ Տնակի պատերին ամենուր կարելի է տեսնել նրա ջրաներկով արված նկարները։ - «Դպրոց եմ սովորել, Թերլեմեզյան չեմ ավարտել․․․ փոքրից կար իմ մեջ․․․ մեկ էլ ռոք-մոք եմ լսում շուտվանից», - արվեստի նկատմամբ իր հակումներն է մեկնաբանում Արմենը։

Ամուսիններին առաջարկել են տեղափոխվել սահմանամերձ գյուղեր, սակայն ընտանիքը չի պատկերացնում ինչ են անելու անծանոթ միջավայրում, հատկապես որ հստակ ոչինչ չեն ասել՝ տուն, հողատարածք տալիս, թե ոչ։

«Չգիտեմ, 4 երեխաների հետ մի քիչ․․․ ես էլ հիսունն անց եմ, առողջականս էլ այն չէ։ Գնամ ընկնեմ՝ կարող է ավելի դժվար լինի։ Տեսնենք, էլի, մենք մեր գլխի ճարը կտեսնենք, մի բան կանենք», - ասում է Արմենը։

8 տարի ապրել են առանց էլեկտրականության։ Հիմա էլ փողոցի լուսակիրներից մի գիծ են քաշել, որ երեխաները մուլտֆիլմ դիտեն։ - «Շատ չարաճճի են», - բողոքում են ծնողները, - «Անընդհատ վազում են փողոց, փորձանք են բերում գլխներին, գոնե հեռուստացույցի առջեւ մի քիչ ապահով են»։

Մեծ տղան անցած տարի ընկել է մեքենայի տակ ու զրկվել երիկամից ու փայծախից։

Տնակում տոնածառ կար։ Վրան խաղալիքներ չկային։ Ձմեռ պապիկից էլ երեխաները «Ֆերրարի» ու «Ջիփ» էին խնդրում․․․
XS
SM
MD
LG