Մատչելիության հղումներ

Նախագահը լրագրողներին կոչ է անում «չէժանացնել խոսքը»


Լուսանկարը` նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը` նախագահի պաշտոնական կայքէջի

Սերժ Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել անցնող տարում որակյալ աշխատանքի համար։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհակալություն է հայտնել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին անցնող տարվա ընթացքում եւ հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ որակյալ աշխատանքի համար:

«Անցնող տարում մենք ձեզ հետ միասին շարունակեցինք մեր ջանքերը երկրում խոսքի ազատության ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահականում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ իր ելույթում։

«Ես չեմ հիշում անկախ Հայաստանի պատմության մեջ որեւէ ընտրություն, երբ մասնակիցների համար լրատվության այդչափ հասանելիություն եղած լիներ, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մի բան էլ եմ արձանագրել. մեր լրագրողներից շատերն արդեն լրջորեն տիրապետում են քաղաքական գործընթացները լուսաբանելիս սեփական դիրքորոշումները մի կողմ դնելու կարողություններին: Սա արդեն պրոֆեսիոնալիզմն է, ինչն իրոք նկատելի է», - հայտարարել է նախագահը` շարունակելով. - «Այն, ինչին մենք միասին հասել ենք, եւ ինչն այդպես տեսանելիորեն դրսեւորվեց նախորդ ընտրությունների ժամանակ, իրոք, լուրջ ձեռքբերում է, որից հետընթաց մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու: Ճիշտ հակառակը՝ պիտի շարունակենք առաջ գնալ»:

«Անշուշտ, ոմանց համար եղածը դեռ տեսանելի չէ, իսկ ոմանք էլ պարզապես չեն ցանկանում տեսնել: Բայց սա գործընթաց է, որը մենք ձեզ հետ միասին անշեղորեն շարունակելու ենք: Գնում ենք եւ գնալու ենք Հայաստանի համար միակ ընդունելի ճանապարհով», - ասել է Սերժ Սարգսյանը։ - «Իհարկե խնդիրներ դեռ շատ կան, բայց կան մեր նպատակներին հասնելու երկու ամենակարեւոր գործոնները` հասարակական պահանջը` մի կողմից եւ իշխանությունների քաղաքական կամքը` մյուս կողմից: Այսպիսով, մենք դաշնակիցներ ենք եւ միասին իրականացնում ենք առաքելություն, որի արդյունքներով պայմանավորված է ոչ միայն մեր երկրի ներկան, այլեւ` տեսանելի ապագան»:

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արագորեն զարգանում են տեղեկատվության նոր միջոցները, սոցիալական ցանցերը, որոնք սկսում են մրցել ավանդական մամուլի եւ հեռուստատեսության հետ», - նշել է նախագահը եւ ընդգծել. - «Մեր պարտքն է աջակցել բոլորին»:
Լրատվամիջոցների արդյունավետության աստիճանի բարձրացումը «միայն մեր կամքով կամ միայն ձեր լավ աշխատանքով չի լինելու, լինելու է մեր եւ ձեր ջանքերի համադրմամբ», - ասել է Սերժ Սարգսյանը։

«Նոր` 2013 թվականը շատ հարցերում վճռորոշ է լինելու մեր հասարակության համար: Այն, ինչ լուսաբանելու տեսանկյունից ձեռք ենք բերել նախորդ ընտրություններում, փետրվարյան ընտրությունների համար պետք է համարել սոսկ նվազագույն շեմ», - հայտարարել է նախագահը` համոզմունք հայտնելով, որ ավելին պետք է արվի. - «Ու խոսքը միայն ընտրություններին չի վերաբերում: Միասին մենք ժամանակակից պետություն ու ժամանակակից հասարակություն կառուցելու ճանապարհով ենք գնում: Եվ այստեղ մեծ է լրագրողների դերը։ Ավելին` մեծ է պատասխանատվությունը բոլոր նրանց, ովքեր գրեթե ամեն օր շփվում են մարդկանց հետ, ովքեր գրեթե ամեն օր խոսք են ասում մարդկանց»:

«Իմ կոչը եւ հորդորն է` չէժանացնել այդ խոսքը, չմոռանալ, որ մենք լուրջ նպատակներ եւ հավակնություններ ունենք, եւ նպատակների ու հավակնությունների արտահայտիչներ եք նաեւ դուք», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG