Մատչելիության հղումներ

Սպառողներին խոստացել են մինչեւ 110 տոկոս զեղչ


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր հարուցվել են վարչական վարույթներ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Արայ», «Տեխնոլայֆ» եւ «Վեգա» խանութների հանդեպ:

Հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` «Արայ» եւ «Տեխնոլայֆ» ընկերությունները մեղադրվում են հնարավոր անբարեխիղճ վարքագծի համար։ Նշված ընկերությունները հարյուրավոր մարդկանց ուղարկել են SMS հաղորդագրություն` շնորհավորելով նրանց «որպես եզակի ակցիայի մասնակից» ընտրվելու կապակցությամբ եւ մինչեւ 100 հազար դրամ (մոտ 250 դոլար) զեղչ խոստանալով տվյալ SMS-ը իրենց վաճառասրահներ ներկայացնելու դեպքում:

Ակցիայի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար հնարավոր չի եղել միանալ հաղորդագրություններում նշված 010222513 հեռախոսահամարին: Հաղորդագրություն ստացած շատ քաղաքացիներ, գայթակղվելով առաջարկից, այցելել են վերոնշյալ խանութների վաճառասրահներ, որտեղ պարզվել է, որ ակցիան տարածվում է հատուկենտ, առավելապես բավականին բարձր գնային շեմ ունեցող ապրանքների վրա, որոշ ապրանքների վրա գործում է 5-20 տոկոսի չափով զեղչ` վիճակախաղի սկզբունքով, իսկ շատ այլ ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն եղել: Ընդ որում, նույն պայմաններն ու գնային առաջարկները գործել են նաեւ այն հաճախորդների համար, ովքեր sms հաղորդագրություններ չեն ստացել:

Համաձայն օրենքի` ապրանքի գովազդման կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկությունների նշումը կամ այնպիսի տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս կազմելու ամբողջական պատկերացում, համարվում է հասարակության մոլորեցում:

Ամանորին ընդառաջ խանութների զեղչային քաղաքականությունը ուսումնասիրելիս, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դիտակետում է հայտնվել նաեւ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեգա» խանութը, որը գնումներ կատարելիս սպառողներին խոստանում է մինչեւ 110 տոկոս զեղչ: Հարուցված վարույթի շրջանակում հանձնաժողովի մասնագետները կկատարեն ուսումնասիրություններ, արդեն իսկ «Վեգա» խանութից պահանջվել է ներկայացնել պարզաբանումներ՝ հայտարարված անհավանական զեղչի վերաբերյալ:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ խանութների զեղչային քաղաքականությունը վերահսկվելու է անգամ նախատոնական եւ հետտոնական ոչ աշխատանքային օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG