Մատչելիության հղումներ

Թբիլիսին խորացնելու է համագործակցությունը Բաքվի հետ


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, որ դեկտեմբերի 26-ին կմեկնի Ադրբեջան։

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկուշաբթի օրը մամլո ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը Վրաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, եւ Թբիլիսին չի անի որեւէ քայլ, որը կարող է վնաս հասցնել երկու երկրների հարաբերություններին։

Նա հաստատել է, որ գալիք չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 26-ին, կմեկնի Բաքու։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին քննարկելու է սահմանագծման թեման: Կողմերը կանդրադառնան նաեւ Դավիդ Գարեջիի վանական համալիրի եւ Կարմիր կամրջին վերաբերող հարցերի կարգավորմանը։

«Վրաստանն ու Ադրբեջանը հոյակապ հարաբերություններ են հաստատել, ուստի բարդություն չի լինի, հարցերը կլուծվեն բարեկամության մթնոլորտում», - ասել է Իվանիշվիլին եւ ավելացրել.- «Մենք կողմ են հարաբերությունների խորացմանն Ադրբեջանի հետ, եւ դա կքննարկենք դեկտեմբերի 26-ին Բաքու կատարած այցի ընթացքում»։

Այսօր Վրաստանի վարչապետը խոսել է նաեւ գազի սակագների մասին։

«Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին, քանի որ մեր հարեւանը լավ գնով է գազ մատակարարում։ Հիմա սակագինը Վրաստանում հնարավոր չէ իջեցնել, սակայն մենք կքննարկենք գոնե խորհրդանշական չափով այն իջեցնելու հարցը», - ասել է Իվանիշվիլին։

Օրերս Իվանիշվիլին «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում նշել է, թե ինչ-որ փուլում Կարս-Ախալքալակ երկաթուղու կառուցումը կարող է անշահավետ դառնալ։ Որոշ լրատվամիջոցներ կարծիք են հայտնել, թե Իվանիշվիլին անուղղակի դժգոհություն է հայտնում այդ ծրագրով Հայաստանը շրջանցելու կապակցությամբ։

Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային նշանակության ծրագիր է, որի կարեւոր հատվածը Կարս-Ախալքալակն է։ Նախարարությունը հիշեցրել է, որ Բաքուն Թբիլիսիին շահավետ պայմաններով 775 միլիոն դոլարի վարկ է հատկացրել այդ հատվածն իրականացնելու համար։

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էլ «Ֆեյսբուքի» իր էջում է քննադատել այդ ծրագիրը կասկածի տակ առնելու փորձերը։

Այսօրվա ասուլիսում Իվանիշվիլին ընդգծել է, որ երկաթուղու կառուցմանը ոչինչ չի սպառնում։ Նա պարզաբանել է, թե կողմ է այդ ծրագրին, սակայն չի բացառում, որ այն կարող է ինչ-որ չափով վնաս հասցնել արդեն շահագործվող երկաթուղուն եւ նավահանգիստներին։

Այսօրվա ասուլիսում նա արծարծել է նաեւ ԱՊՀ-ի թեման` ասելով, որ Վրաստանը չի վերադառնա այդ կառույց, սակայն մտադիր է խորացնել համագործակցությունն ԱՊՀ բոլոր երկրների հետ։

2013 թվականի հունվարին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կայցելի Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG